Ախորժակի ու հետաքրքրության մի նմանության մասին

Երբ մենք պատրաստվում ենք ուտել, մոտավոր պատկերացնում ենք, թե ինչ չափի ուտելիք է մեզ այդ պահին բավարար: Սովորաբար մենք դա որոշում ենք տեսողական եղանակով (տարիներով կերել ենք ու գիտենք): Օրինակ, եթե հնդկաձավարի շիլա ենք ուտում, գիտենք, թե ափսեի մեջ որքան տեղ այն պետք է զբաղեցնի, որ մեզ կշտացնի: Կամ եթե միրգ ենք ուտում, մոտավոր գիտենք, թե քանի կտոր խնձոր կամ ինչ չափսի խաղող պետք է ուտենք: Նույնը տարբեր չափսերի բուրգերների ու սենդվիչների դեպքում է:
Տեղափոխվենք մեր կյանքի այլ ոլորտ:
Հետաքրքրություն
Հետաքրքրությունը մեզ ստիպում է նորություններ կարդալ: Մենք մասամբ գիտակցում ենք, որ պետք չէ օրվա ընթացքում անընդհատ նորություններին հետևել, լրատվական կայքերը բացել ու հեռուստացույցը միացնել, քանի որ դա ժամանակ է խլում ու շեղում է մեր կենտրոնացումը կարևորից: Ընդհանուր առմամբ, բավական է նորություններին ծանոթանալ օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան՝ 15-ական րոպե: Նման եզրակացությունը նույնպես պայմանավորված է մեր կենսափորձով: Մեր ապրելակերպն այնպիսին չէ, որ յուրաքանչյուր ժամը մեկ նորություններին հետևելը մեզ համար կենսական անհրաժեշտություն լինի: Նորություններին հաճախ հետևելը ոչինչ չի փոխում ոչ մեր կյանքում, ոչ էլ աշխարհում: Մենք անում ենք դա՝ չդիմանալով ակնթարթային հետաքրքրությանը:
Բայց եթե կարելի է օրական ընդամենը երկու անգամ նորություն կարդալ ու տեսողական եղանակով որոշել ուտելիքի չափը, ապա ինչու ենք գիրանում կամ էլ ժամեր անցկացնում լրատվական ու սոցիալական կայքերում:
Պատճառը շտապելն է (չհամբերելը)
Պատճառն այն է, որ մենք մտքից գործողություն չափազանց արագ ենք անցնում: Ուտելիքի՝ ստամոքսում հայտնվելուց հետո որոշակի ժամանակ է պետք (ասում են՝ 15-20 րոպե), որ ուղեղը ստանա «կուշտ լինելու» ազդակը: Մենք արագ ուտում ենք ուտելիքի այն չափը, որը, ըստ տեսողական հաշվարկների, մեզ բավարար է, բայց քանի որ 15-20 րոպե դեռ չի անցել, ու սովածության զգացում ունենք, շարունակում ենք ուտել: Մենք ուտում ենք ավելին, քան պետք է, քանի որ չենք կարողանում ինքներս մեզ ղեկավարել ու ասել․ «Այսքանը բավարար է, օրգանիզմն անհրաժեշտ պաշարը ստացել է, դու արդեն կուշտ ես, պարզապես 20 րոպե սպասիր, մի շտապիր»: Մենք շտապում ենք, քանի որ բնազդն ավելի արագ է գործում, քան գիտակցությունը:
Դա է նաև պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք շատ ժամանակ անցկացնում լրատվական ու սոցիալական կայքերում: Օրվա ընթացքում տարբեր պահերի որևէ միտք կամ հիշողություն է ակտիվանում մեր գլխում, օրինակ՝ ինչ-որ կարևոր քաղաքական նորության կամ ծանոթներից ինչ-որ մեկի մասին, ու մենք շտապում ենք ստուգել, թե ինչ կա: Մենք բնազդաբար անում ենք այն, ինչ այդ պահին մեզ պետք չէ, քանի որ գիտակցությանը կողմնորոշվելու ժամանակ չենք տալիս:
Ինչպե՞ս ղեկավարել
Հետաքրքրությանը «չենթարկվելու» համար գործում է նույն մոտեցումը, ինչպես ախորժակի դեպքում: Այն պահին, երբ հետաքրքրությունն ակտիվանում է, պետք է 20 րոպե դիմանաս ու չբացես լրատվական կայքը: Եթե մեզ հաջողվի «հետաձգել» ակնթարթային հետաքրքրությունը, ապա մեծ հավանականությամբ նորությունը մեզ այլևս չի հետաքրքրի նույնիսկ 20 րոպե անց, քանի որ գիտակցությունն այդ ընթացքում կհասցնի «ուշքի գալ»:

Իրականում «20 րոպեի» կանոնը կարևոր դաս է մեզ համար: Մենք կխուսափենք մի շարք ավելորդություններից ու անցանկալի հետևանքներից, եթե կարողանանք անհրաժեշտ պահին 20 րոպե սպասել: Դա վերաբերում է ուտելուն, գործերից շեղվելուն, բարկացած որոշում կայացնելուն և այլն։ Պետք է ուղեղին մի քիչ ժամանակ տաս։