Ե՞րբ ես ամուսնանալու

Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք խուսափում են իրենց բարեկամների հետ շփվել, քանի որ ամեն հանդիպման ժամանակ լսում են՝ «Ե՞րբ ես ամուսնանալու», «Մի լավ աղջիկ/տղա չկա՞», «Մի՛ ուշացրու» ու նմանատիպ այլ հարցեր ու առաջարկություններ։ Ակնհայտ է, որ չամուսնացած մարդն իր վրա զգում է շրջապատի ճնշումը։ Դա այն դեպքն է, երբ շրջապատի մարդիկ (ծանոթ-ընկեր-բարեկամներ), որոնք վատը չեն, դիմացինի համար «վատ բան» են անում՝ չգիտակցելով։ Այսինքն՝ խառնվում են (շարունակաբար) քո կյանքին՝ առանց թույլտվության։ Այնպես չէ, որ «Ե՞րբ ես ամուսնանալու»-ն միամիտ հարց է։ Սովորաբար այդ հարցի տակ թաքնված քննադատություն (շտապեցնելու միտում) կա, ու չամուսնացած մարդը դա զգում է։
Որոշ դեպքերում հետաքրքրվողներն անկեղծ հավատում են, որ, միջամտելով, հոգ են տանում։ Դա, մեծամասամբ, անտեղի հոգատարություն է։ Դա նման է նրան, որ մարդն ուզենա ծրագրավորող դառնալ, իսկ դու հոգատարությամբ փորձես նրան իրավաբան դարձնել։ Չամուսնացած մարդը գիտի (և միայն ինքը գիտի), թե ինչ է ուզում, երբ է ուզում, երբ է հարմար կամ ինչու հիմա հարմար չէ։ Նույնիսկ եթե վստահ ես, որ նա սխալ է գործում (այսինքն՝ հասել է «ամուսնական տարիքին» ու չի ամուսնանում), կրկին չարժե միջամտել (այն էլ՝ անընդհատ)։ Մենք պետք է մեզ այնքան խելացի չհամարենք, որ մեր ճշմարտությունը պարտադրենք ուրիշներին։ Շատ դեպքերում չի կարելի նույնիսկ առաջարկել այդ ճշմարտությունը, եթե խոսքն ամենամտերիմ մարդկանց մասին չէ։ Իսկ մտերիմ մարդկանց էլ կարելի է առաջարկել ընդամենը 1-2 անգամ (հիմնավորումներով, բացատրություններով, ոչ թե քննադատությամբ)։ Վստահաբար այդ թեմայով մարդուն այնքան են ասել, որ նա տեղյակ է, որ կարելի է ամուսնանալ։
Սա ավելի խորը թեմա է, քան պարզապես ամուսնությունը։ Կարելի է ասել՝ սա ուրիշի կյանք անհրավեր մտնելու թեման է։ Այն տարբեր դրսևորումներ ունի: Ես ընդունում եմ, որ շատ դեպքերում դա արվում է բարի մտադրությամբ։ Բայց եթե բարի մտադրությունը դիմացինի վրա վատ է ազդում (կամ նրա կողմից անարձագանք է մնում), ապա մտադրության բնույթը դիմացինի համար ավտոմատ փոխվում է (ու դա քեզնից կախված չէ)։ Օրինակ, ես, որ անդադար ուսումնասիրում եմ առողջ կյանքի, մասնավորապես՝ սովորությունների թեման (միայն իմ կյանքը լավացնելու նպատակով), երբեմն ցանկություն ունեմ միջամտել իմ սիրելի մարդկանց կյանքին, բացատրել նրանց այն, ինչ ինքս եմ հասկացել, ցույց տալ այն արդյունքները, որ ունեմ, գիտելիք տալ (հատկապես, եթե նրանք ինքնուրույն չեն ուսումնասիրում, այլ ապրում են հին համոզմունքներով), բայց ես դա սխալ եմ համարում։ Նախ՝ ես ինձ այնքան խելացի չեմ ուզում համարել, որ այն, ինչն այս պահին ինձ ճշմարտություն է թվում, վստահ պնդեմ՝ ճշմարտություն է։ Եթե խոսքն իմ կյանքին է վերաբերում, ես կարող եմ այդ ճշմարտություններով առաջնորդվել: Բայց չեմ ուզում դա ուժով դարձնել ուրիշի ճշմարտությունը։ Կարող եմ 1-2 անգամ այդ մասին խոսել, բայց եթե զգում եմ, որ դա մարդուն պետք չէ (արձագանք չկա), հետագայում չեմ փորձի։
Եթե մտերիմ մարդկանց որոշ սովորություններին (օրինակ՝ քնի, սննդի կամ ֆիզիկական ակտիվության հետ կապված) ուզում ես միջամտել գիտելիք տրամադրելու տրամաբանությամբ (այսինքն՝ մարդը չի կարդում, գոնե քեզնից լսի), ամուսնանալու հետ կապված միջամտությունները գրեթե միշտ անօգուտ/անիմաստ են։ Դրանց հիմքում հետաքրքրասիրությունն է, ինքդ քեզ զսպել չկարողանալը, «մի բան խոսել»-ը։ Հիմնականում հենց դա էլ նյարդայնացնում է չամուսնացած մարդուն, որը կարծես պետք է բացատրի ծանոթ-բարեկամներին, թե ինչու ամուսնացած չէ։ Այսինքն՝ արդարանում ես մարդկանց առաջ, որ իրենց սպասումներին չես բավարարում։ Դա նման է նրան, որ, օրինակ, ռոքի սիրահարն արդարանա դասական երաժշտություն սիրողի առաջ, թե ինչու է ռոք սիրում, կամ մեկ երեխա ունեցողը՝ երեք երեխա ունեցողի առաջ, թե ինչու մեկ երեխա ունի։
Իրականում ծանոթ-բարեկամների գերակշիռ մասի համար կարևոր էլ չէ՝ դու ամուսնացած ես, թե ոչ, դա ընդամենը խոսելու թեմա է, բարևելու, «ո՞նց ես»-ի պես մի բան։ Պետք է սովորես ուրիշների կյանքին անտեղի չխառնվես՝ անգամ հարցերի տեսքով: Հատկապես հաշվի առնելով այն, որ մարդկանց կյանքի հանգամանքները տարբեր են։ եթե դու այդպես ես արել /ապրում, կամ մարդկանց մեծ մասն է այդպես անում/ապրում, չի նշանակում՝ ամենաճիշտը դա է (այնքա՜ն բաներ կան, որ, ես համարում եմ, մարդկանց մեծ մասը սխալ է անում)։
Ամուսնության շտապեցնելն էլ այլ ենթաթեմա է: Շտապեցնողները չեն կրում հնարավոր վատ հետևանքների պատասխանատվությունը: Օրինակ՝ եթե մարդուն շտապեցնում ես ամուսնանալ, իսկ նա դժբախտ ամուսնություն է ունենում (անընդհատ վիճում են, վերջում էլ՝ հիվանդանում է), ի՞նչ պատասխանատվություն ես կրում՝ որպես միջամտող/շտապեցնող։ Ոչ մի (իմիջիայլոց, ես խորը համոզմունք ունեմ, որ երկարատև ընտանեկան վեճերը, խանդը, կնոջ՝ չգնահատված լինելու հետևանքով ընկճվածությունը կարող են լուրջ հիվանդացնել):
Ես գիտեմ, որ շատերը չեն զգում, որ ուրիշների կյանքին այսպիսի անէական թվացող, մանր միջամտություններով (հարցերով, առաջարկություններով) նրանց զգալի անհանգստություն են պատճառում: Բայց դա այդպես է։ Գուցե մարդը դեմ առ դեմ չի արտահայտվում («Հերի՛ք է դրա մասին անընդհատ խոսես»), բայց քննարկում է դա այն ընկերների/հարազատների հետ, որոնք իրեն հանգիստ են թողել (հասկանում են)։