Իմ կենսակերպի փոփոխությունները վերջին 15 տարում
Իմ կենսակերպի մեծ փոփոխությունները սկսվեցին առաջին քայլից՝ ծխելը թողնելուց (մոտ 15 տարի առաջ էր)։ Դա զարմանալու չափ հեշտ ստացվեց (ծխող ծանոթներս վախեցնում էին, թե դժվար է լինելու, մոտդ ջղաձգումներ կսկսվեն, նյարդային կդառնաս և այլն)։
Հաջորդ քայլն ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելն էր։ Դա էլ հեշտ ստացվեց։ Նույնիսկ երբ առիթներին կողքս խմում էին, խմելու ցանկություն չէր առաջանում։
Տարիների ընթացքում փոխեցի (շարունակ փոխում եմ) սննդակարգս։ Սկսեցի գրեթե չուտել ալյուրից պատրաստված մթերք, չէի խմում սուրճ, ուտելու ընթացքում հեղուկ չէի օգտագործում, ամիսներով կարող էի քաղցր չուտել, ամենօրյա սննդակարգումս ավելացրեցի նոր մթերքներ, որ շատ մարդիկ (այդ թվում՝ ես՝ նախկինում) սնունդ չեն էլ համարում՝ չիայի, դդումի, կտավատի ու այլ սերմեր, ավոկադո, բրոքոլի, լիմոն, հունական յոգուրտ, քինոա, նեխուրի հյութ, այլ կանաչիներ, դարչին, կակաո, ձիթապտղի ձեթ և այլն: Սննդակարգիս փոփոխություններն ավելի դժվար ստացվեցին, քան ծխելուց ու ալկոհոլից հրաժարվելը։ Ամենադժվարը քաղցրի ղեկավարումն էր (ավելի երկար տևեց, քան, օրինակ, հաց չօգտագործելը)։
Կարևոր փոփոխություններից էին նաև 23:00-ից ուշ չքնելը, որակով (գիշերն առանց արթնանալու) քունը, քնելուց մի քանի ժամ առաջ էլեկտրոնային սարքեր չօգտագործելը, առանց զարթուցիչի՝ ինքնուրույն ու թարմ արթնանալը, չբարկանալը, գործերից հաճույք ստանալը, օրը ճիշտ կազմակերպելը, անընդհատ հեռախոսի մեջ չլինելը և այլն։
Երբ այդ փոփոխությունները 15 տարի առաջ սկսեցի, կարծում եմ, գլխավոր նպատակս երկար ապրելն ու չհիվանդանալն էր։ Դա այն շրջանն էր, երբ սկսեցի մեծ մտածել, ու այնքան ոգևորված էի, որ ցանկացա փոքրացնել խոչընդոտների հավանականությունը։
Բայց որքան առաջ էի գնում այդ ուղով, այնքան հասկանում էի, որ նույնիսկ եթե մեծ նպատակներ չունենայի, կուզեի այս կենսակերպով ապրել։ Դրա շնորհիվ է, որ այսօր էներգիաս շատ է (հերիքում է ողջ օրվա ընթացքում, անգամ եթե մտավոր ծանր ու երկար աշխատանք եմ անում), տրամադրության անկումներ գրեթե չեմ ունենում, միտքս լավ է աշխատում, երեկոյան ուժասպառ չեմ լինում, ֆիզիկապես ուժեղ ու դիմացկուն եմ, երկար քայլում եմ, վազում եմ, ցատկում եմ, կարող եմ աստիճաններով մի քանի անգամ բարձրանալ ու իջնել բարձրահարկ շենքը՝ առանց դժվարության, չունեմ ցավեր, ֆիզիկական անհարմարություններ և այլն։ Այսինքն՝ ինձ սկսեցի զգալ այնպես, ինչպես զգում ես, երբ երեխա ես (կարող ես ամբողջ օրը վազքի մեջ լինել)։ Ու երբ առողջական, ֆիզիկական, հոգեկան առումներով միտքդ հանգիստ է, կյանքդ դառնում է ավելի իմաստալից ու հետաքրքիր։ Կարողանում ես կենտրոնանալ գործերի վրա, բավականաչափ ուժ ու էներգիա ունես, որ զբաղվես քո սիրած զբաղմունքներով (առանց սահմանափակումների)։ Շատ բաներ զրոյից եմ սկսում։ Ու դա կյանքի այն փուլում, որ զրոյից նոր բան սկսելը մարդկանց վախեցնում է, անհարմար է (քանի որ թվում է՝ ժամանակ ու էներգիա արդեն չկա)։
Այն, որ բավարարված եմ իմ կենսակերպով, օրով, գործերով ու նպատակներով, դա միանշանակ է։ Բայց մի կարևոր բան եմ հասկացել։ Քո կենսակերպը պետք է ուրիշներին չպարտադրես։ Պետք չէ այլ մարդկանց չխնդրված խորհուրդ տալ կամ ինչ-որ բան ապացուցել։ Հակառակը, եթե քեզ են համոզում, որ սխալ ես ապրում, չարժե նույնիսկ բանավիճել (եթե զգում ես, որ զրուցակցիդ նպատակը քո սխալականությունն ապացուցելն է, ոչ թե ճշմարտություն փնտրելը)։ Կարելի է ուղղակի մարդուն լսել ու լռել։ Եթե ասածի մեջ պետքական բան կա, օգտագործում ես։ Եթե ոչ, մոռանում ես։ Ես հավատում եմ, որ բացարձակ ճշմարտություն չկա։ Քո ճիշտը պետք է ուրիշներին չդարձնի սխալ։ Դա ճիշտ է քո կյանքում, քո գիտակցությամբ։ Մյուսի գիտակցությամբ դա գուցե սխալ է։ Մարդը կարող է քո ճշմարտություններից ինչ-որ բան վերցնել, ոգեշնչվել, բայց պետք է անի դա ինքնուրույն։ Եթե չի ցանկանում, նշանակում է՝ պետք չէ փորձել նրա վրա ազդել (համարելով, որ օգուտ ես տալիս)։ Օրինակ, ես խորը չեմ ուսումնասիրել՝ սուրճը համարվում է օգտակար, թե ոչ (կամ՝ ինչ քանակի սուրճն է օգտակար/վնասակար)։ Ուղղակի գիտեմ, որ խմելու պահին սուրճն ինձ դուր է գալիս, բայց հետո ավելի թուլացնում է ու քունս տանում է։ Այսինքն՝ ես չեմ ուզում առույգ լինել սուրճի հաշվին։ Այս տրամաբանությունն ինձ բավական է սուրճ չխմելու համար։ Հետևաբար՝ սուրճ չխմելը ճիշտ որոշում է կոնկրետ իմ կյանքում։ Մեկ ուրիշի համար առանց սուրճ կյանքը կարող է թերի լինել (ինչպես թերի կլիներ իմ կյանքն առանց մարզումների)։
Մենք միշտ փոխվելու տեղ ու ժամանակ ունենք։ Մենք միշտ կարող ենք ավելի լավը դառնալ ու ավելի լավ ապրել։ Յուրաքանչյուրս անում է դա իր գիտակցությամբ։ Անձամբ ես ինձ այնքան խելացի չեմ համարում, որ իմ գիտակցածը համարեմ բացարձակ ճշմարտություն։ Ու չեմ էլ ուզում մարդկանց փոխել, եթե նրանք փոփոխության կարիք չեն զգում։ Բայց քանի որ անընդհատ աշխատում եմ իմ վրա, ցանկանում եմ գիտակցումներիս ու փորձիս մասին պատմել՝ որպես մտածելու (ուսումնասիրելու) նյութ։
Հ․Գ․
Հետագայում գուցե ամեն կետի մասին առանձին հոդվածներ գրեմ (եթե այստեղ գրեի, շատ երկար կստացվեր)։
📚 2026 թ․ հրատարակվելու են Հրաչյա Մանուկյանի հետևյալ գրքերը՝
- «Տղամարդիկ ամուսնությունից հետո փոխվում են» (վեպ, հաղթել է evnbookfest մրցույթում)
- «Ինչպես ձեռք բերել բաժնետոմսեր Հայաստանում» (գիրք սկսնակ ներդրողի համար)
Թողեք Ձեր էլ. հասցեն՝ նախավաճառքի հատուկ պայմանների մասին տեղեկանալու համար։