Բացարձակ ճշմարտությո՞ւն

Հեղինակ՝
Ճշմարտություն

Ես հակված եմ ոչ մի «ճշմարտության» չհավատալ հարյուր տոկոսով։ Պատճառներից մեկն այն է, որ ես մանրամասնորեն չգիտեմ ճշմարտությունների հաստատման մեխանիզմները։ Օրինակ, երբ ասում ենք՝ այսինչ ուտելիքը օգտակար կամ վնասակար է, ինչպե՞ս է դա որոշվել։  Նույնիսկ եթե դա հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, դա ինձ տալիս է ոչ թե 100, այլ, ենթադրենք, 60-80% հավատ այդ «ճշմարտությանը»: Ես կփորձեմ միտքս բացատրել հենց առողջության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության պայմանական օրինակով, բայց դրա տակ պետք է հասկանալ ցանկացած ճշմարտություն՝ գիտականից մինչև բարոյական։

Սովորաբար ճշմարտությունները հաստատվում են մի քանի փուլով։ Այսինքն՝ դա բարդ գործընթաց է, որը պահանջում է ժամանակ ու քննություն։ Բայց, անգամ դա հաշվի առնելով, ոչ մի ճշմարտություն ինձ համար բացարձակ չէ, քանի որ, նախ, ժամանակն ու նոր գիտելիքը կարող են փոխել ճշմարտությունները (այն, ինչը ճշմարտություն է համարվում հիմա, երկու հարյուր տարի հետո կարող է ժխտվել, երբ մենք ավելի զարգացած լինենք), երկրորդը, նույնիսկ ընթացիկ ճշմարտությունները, որոնք փուլ առ փուլ քննվել են, վերջնական չեն, քանի որ փուլերից յուրաքանչյուրում կա սխալվելու հավանականություն:

Երբ հանդիպում ենք «հետազոտության արդյունքում ապացուցվել է» արտահայտությանը, մենք հակված ենք հավատալ արդյունքին՝ առանց հասկանալու, թե ինչ է թաքնված այդ արտահայտության տակ։ Ենթադրենք դա մի հետազոտություն է, որի առաջին փուլը տվյալների հավաքագրումն է, օրինակ՝ մարդկանց հարցումը։ Առողջական նույն (նմանատիպ) խնդիր ունեցող 1000 հոգու հարցնում են` սովորաբար ի՞նչ եք կերել վերջին հինգ տարում։ Եթե հարցվողների, օրինակ, 95%-ը պատասխանում է՝ լոբի, լոբին դիտարկվում է որպես առողջական այդ խնդրի առաջացման հավանական հարուցիչ (հետագայում պետք է անցնի հաստատման այլ փուլեր)։ Բայց հենց այս առաջին՝ հարցման փուլում հնարավոր են մի շարք սխալներ։ Ովքե՞ր են այդ 1000 հոգին։ Նույն տարածաշրջանի՞ց են, թե՞ տարբեր։ Ինչպե՞ս են ընտրվել։ Ճի՞շտ են ամեն ինչ հիշում, թե՞ մոտավոր։ Ամեն ինչ անկե՞ղծ են պատմում, թե՞ ամաչում են որոշ բաներ խոստովանել։ Գուցե փորձո՞ւմ են ավելի խելացի թվալ՝ փոխելով/թաքցնելով տվյալները («Ես գիշերային ժամերին չեմ ուտում»)։ Հարցման արդյունքները գրանցողներն ամեն ինչ ճի՞շտ են գրանցել, թե՞ տեխնիկական խնդիր է եղել (որոշ տվյալներ խառնվել են)։ Իսկ գուցե հատո՞ւկ են փոխել։ Կամ հենց Առողջապահության համաշխարհային կազմակերպությո՞ւնն է գուցե մի բան թաքցնում կամ փոխում։ Ո՞վ է տվյալ «ճշմարտության» իրական շահառուն։ Ի՞նչ շահեր ունի։

Ենթադրենք, առաջին փուլի արդյունքում ընդունվեց հիպոթեզ, որ որոշ դեպքերում  լոբին վնասակար է։ Դա դեռ նախնական դիտարկում է, բայց ոչ՝ ճշմարտություն։ Դրանից հետո պետք է արվեն համեմատական վերլուծություններ (այսինքն՝ հարցում կկատարվի նաև լոբի չուտող, բայց նույն հիվանդությունն ունեցող մարդկանց խմբերում), բացառվեն շփոթեցնող գործոնները (գուցե լոբի ուտողները նաև լոբու հետ շատ ա՞ղ են օգտագործում), հետազոտվեն լոբի ուտող, բայց առողջ մարդիկ, դիտարկվեն, թե ինչ ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջացնում լոբին օրգանիզմում, լաբորատոր հետազոտության ենթարկվի լոբանյութը, համեմատվեն նմանատիպ հետազոտություն անող տարբեր (անկախ) խմբերի արդյունքները, գնահատական տան ոլորտի ամենահեղինակավոր փորձագետները և այլն, և այլն։

Բայց նույնիսկ եթե ճշմարտությունն անցնի բոլոր ընդունված փուլերով ու, ենթադրենք, այդ փուլերը բավարար են (ապագայում ավելի գիտակից, զարգացած մարդիկ կարող են պարզել, որ պակաս փուլեր կային), այդ դեպքում էլ ճշմարտությունը հարյուր տոկոսանոց չէ, քանի որ յուրաքանչյուր փուլում հնարավոր են նույնպիսի սխալներ, ինչպիսիք առաջին փուլում էին։ Ամեն որոշման հիմքում մարդն է (կամ մարդու գրած ծրագրերը), իսկ մարդը կարող է սխալվել հազար ու մի պատճառով` անբավարար գիտելիքից, չափից ավել ինքնավստահությունից, շտապելուց, ժամկետների մեջ չտեղավորվելուց, ներդրողների (կամ վերադաս մարմինների) սպասումները չարդարացնելու անհանգստությունից, սեփական շահից մինչև ամենապարզունակ պատճառները` վատ տրամադրությունն ու ընտանեկան խնդիրները (եթե տվյալներ գրանցող համակարգչային օպերատորի մայրը մահամերձ է, օպերատորը կարող է ուշադրություն չդարձնել մեկ նիշ ավել/պակաս դնելու վրա)։

Ու սա դեռ այն դեպքում, երբ ամեն ինչ արվում է անկեղծ ու ճիշտ է ներկայացվում հասարակությանը։ Բայց ինչքան դեպքեր կլինեն, որ համաշխարհային հեղինակավոր կառույցներն ու համակարգերը,  գիտնականներն ու պրոֆեսորները, առաջնորդներն ու պաշտոնյաները չեն ներկայացնի, կամ մասամբ կներկայացնեն, կամ էլ սխալ կներկայացնեն իրական տվյալները։ Պարտադիր չէ, որ դա արվի ի վնաս «սովորական» մարդկանց։ Երբեմն հասարակությունը կարող է չընդունել այն ճշմարտությունը, որն իր օգտին է, ուստի այլ ճշմարտություն ներկայացնելը պարտադրված քայլ լինի՝ խնդիրը չմեծացնելու նպատակով։

Երբեմն առօրյայում շատերս այնքան վստահ պնդումներ ենք անում, փորձում ենք ուրիշներին համոզել մեր «բացարձակ» ճշմարտությունները՝ հիմնվելով մեր զգացողության/փորձի, մեկ (կամ մի քանի) հեղինակավոր կազմակերպությունների հայտարարածի, մեկից (կամ շատերից) լսածի, մի (կամ մի քանի) գրքում կարդացածի, թեկուզ՝ լայնամասշտաբ տվյալների վրա (որը նույնպես բավարար չէ 100%-անոց վստահության համար)։ Հատկապես այն դեպքերում, երբ խոսում ենք կյանքի, երջանկության, առողջության կամ այլ մեծ ու կարևոր ճշմարտությունների մասին, պետք է այնքան խոնարհ լինենք, որ չբացառենք սխալվելու հավանականությունը, չկարծենք, թե մեր ճշմարտությանը չհավատացողները հիմարներ են, չփորձենք ապացուցել, որ դա է միակ ու բացարձակ ճշմարտությունը։ Մենք, իհարկե, կարող ենք անվերապահորեն հավատալ ցանկացած ճշմարտության, բայց որքան խորանում ես ճշմարտության ձևավորման ակունքների մեջ, այնքան պարզ է դառնում, թե որքան խաբուսիկ է այդ ամենը։

Ընդհանուր միտքս այն չէ, որ այն, ինչ մենք անում ենք, սխալ է, կամ մինչ այժմ եղած բոլոր ճշմարտությունները սխալ են։ Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք։ Խոսքն այստեղ ճշմարտությունների հանդեպ վերաբերմունքի, մեր անսխալականության կամ խոնարհության մասին է։ Օրինակ, որքան էլ ես համարեմ, որ առողջ եմ սնվում (կամ՝ տվյալ ուտելիքը օգտակար է, քանի որ ԱՀԿ-ն այդպես է հայտարարել), դա իմ ճշմարտությունն է, ոչ թե բացարձակ ճշմարտություն։ Ինչին էլ ես կյանքում հավատամ, դա իմ ճշմարտությունն է (կարող է լինել նաև շատերինը), բայց ոչ՝ բացարձակ ճշմարտություն։ Որքան էլ իմ կշռադատությունը խորը լինի, այն միշտ կարող է ծուռ լինել։  Այդ պատճառով կարևոր է, որ մենք մեր «բարձր ճշմարտություններով» չցածրացնենք ուրիշներին, չճնշենք,  չպարտադրենք, այլ մեր ճշմարտութունն առաջարկենք  (այն էլ՝ ոչ միշտ) միայն  որպես տարբերակ։



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

Մեկնաբանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի:

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: