Իմ օրվա 18 հատվածները

Վերջին շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն օրս ավելի ճիշտ կազմակերպելն է։ Այդ ուղղությամբ տարիներով աշխատել եմ, բայց նման արդյունավետ ու ինձ գոհացնող օրվա ծրագիր երբեք չեմ ունեցել։ Օրս բաժանված է 17 + 1 (քունը) հատվածների։ Դրանցից ամենակարճը 15 րոպե է, ամենաերկարը (չհաշված քունը)՝ 3 ժամ։ Ամեն հատվածին սպասում եմ անհամբերությամբ: Ամեն մեկն այնքան հետաքրքիր ու ոգեշնչող է, որ չես ուզում ավարտվի։ Մյուս կողմից էլ, հաջորդող հատվածն այնքան սպասելի է, որ ընթացիկ հատվածի ավարտը չի տխրեցնում։ Ամենակարևորն այն է, որ օրվա ընթացքում չունեմ որևէ էական հատված, որից՝
ա) հաճույք չեմ ստանում,
բ) հոգնում եմ,
գ) չեմ համարում իմաստալից,
դ) չեմ համարում արդյունավետ։
Ու այդպես 18 հետաքրքիր ու օգտակար հատվածների հաջորդականությունը փոխում է օրս։
Սկզբունքներ
Մինչև հատվածները ներկայացնելը, ուզում եմ խոսել ժամանակս/օրս կառավարելու իմ մի քանի սկզբունքի մասին։
Սկզբունք 1. չաշխատել ուշ ժամի
Ես չեմ աշխատում ժամը 19:30-ից հետո ու հենց այդ ժամին էլ անջատում եմ wi-fi-ը, հեռախոսի ինտերնետը, ու չեմ օգտվում էլեկտրոնային սարքերից։
Սկզբունք 2․ կարդալ/սովորել
Ես ամեն օր պարտադիր պետք է կարդամ/սովորեմ։ Սովորաբար դա լինում է առավոտյան՝ մինչև ժամը 07:30-ը (մոտ 20 րոպե), երեկոյան՝ անկողնում (20-40 րոպե) ու ժամը 19:30-20:30 հատվածում։ Երեք հատվածում էլ կարդացածս/սովորածս տարբեր գրքեր են (տարբեր թեմաներով): Այդպես ուղեղս իրեն ավելի կենդանի է զգում, իսկ ես՝ ավելի ոգևորված։
Սկզբունք 3․ չուտել ամբողջ օրվա ընթացքում
Ես օրական ուտում եմ 3 անգամ (առանց դրանց արանքում ուտելու)․ նախաճաշը՝ 11:30-ի հատվածում, հաջորդը՝ 14։30-15։00 ու վերջինը՝ 17։30-18։00։ Ինձ դուր չի գալիս ուտել առավոտյան շուտ՝ արթնանալուց անմիջապես հետո, ու երեկոյան ուշ: Ես ուտում եմ օրվա կեսին ընկած 6-7-ժամյա հատվածում։
Սկզբունք 4. մարզվել մի քանի անգամ՝ կարճ
Ես օրական մարզվում եմ 2-4 անգամ՝ փոքր հատվածներով։ Առաջինն առավոտյան թեթև մարմնամարզություն է («մարմինը բացելը»)՝ 10-15 րոպե։ Սովորաբար ձգումներ, ճկումներ են ու 50 կքանիստ։ Հաջորդներն անում եմ օրվա ընթացքում (15-25 րոպե յուրաքանչյուրը): Ուժային համեմատաբար դժվար վարժություններն անում եմ կեսօրին (սովորաբար մարմնի քաշով, իսկ շաբաթական 1-2 անգամ՝ ծանրաձողով), երեկոյան կարող եմ ցատկել, ձգվել և այլն։ Վարժություններս թեթև կամ միջին ծանրության են, իսկ ամսական 2-4 անգամ՝ ծանր (երբ հոգնում, քրտնում ես)։
Սկզբունք 5. ուշ չքնել
Ես պառկում եմ ժամը 22:00-ին, պետք է պարտադիր քնած լինեմ 23:00-ին ու արթնանում եմ առանց զարթուցիչի` ժամը 06:00-ին։ Երեկոյան ժամերին նաև ջուր չեմ խմում, ու, ինչպես նշեցի, չեմ ուտում։ Դա ինձ օգնում է ավելի հանգիստ քնել (սովորաբար գիշերը չեմ արթնանում ու շատ երազ եմ տեսնում)։
Սկզբունք 6. աշխատանքից չձանձրանալ/չհոգնել
Իմ աշխատանքային օրը սկսվում է ժամը 07:30-08:00 ու ավարտվում՝ ժամը 19:30-ին (այդքան ժամ միայն չեմ աշխատում)։ Աշխատելու ընթացքում 6-10 ընդմիջում եմ անում (սնունդ, մարզումներ, երեխաներ, կամ ուղղակի աչքերի/մտքի հանգիստ)։ Աշխատանքի հետ կապված ամենակարևոր գիտակցումս հետևյալն է՝ ես ամբողջ օրը չեմ զբաղվում մեկ գործով։ Դա ինձ համար անարդյունավետ է, քանի որ ձանձրացնում ու հոգնեցնում է։
Օրվա առաջին կեսը (մինչև ժամը 13:00) ես մի գործով եմ զբաղվում (օրինակ՝ գրել), օրվա երկրորդ կեսը՝ բոլորովին այլ (օրինակ՝ ֆինանսական շուկաներ)։ Եթե նույնիսկ այդ օրը շատ ոգևորված եմ գրելով կամ ֆինանսներով, ես ամբողջ օրս դրա վրա չեմ ծախսի, այլ կղեկավարեմ ոգևորությունս, ու երբ գա պլանավորած ժամը, ընթացիկը գործը կիսատ կթողնեմ ու կանցնեմ մյուսին։ Երբ գործն ընդհատում ես ոչ թե այն ժամանակ, երբ էներգիադ սպառվել է, այլ այն ժամանակ, երբ դեռ էներգիա ունես, իհարկե, ավելի քիչ ես աշխատում, բայց ավելի հաճույքով ու արդյունավետ։
Աշխատանքային օրվա երկու մեծ հատվածներն իրենց հերթին բաժանվում են ենթահատվածների։ Օրինակ, մինչև ժամը 11:00 ես գրում եմ միայն գեղարվեստական գրականություն, իսկ 11:00-13:00`անձնային աճի թեմայով։ Դա օգնում է, որ ուղեղս չձանձրանա։ Այդպես ինձ միշտ ոգևորված ու եռանդուն եմ զգում։ Նաև, երբ ունես երկու ժամ, օրինակ, անձնային աճի թեմայով գրելու համար, փորձում ես այդ երկու ժամն առավել արդյունավետ օգտագործել, կենտրոնանալ, ավելի ճկուն մտածել, քան եթե գիտես՝ դիմացդ մի ամբողջ օր է ու «դեռ կհասցնես»։
Սկզբունք 7. ցերեկային քուն 5-15 րոպե
Ժամը 15:00-17:00-ի հատվածում ես փորձում եմ 5-15 րոպե ննջել։ Դա քնելը չէ։ Պետք է արթնանաս այն ժամանակ, երբ «աչքդ նոր էր կպել» (դա օգնում է, որ անգամ երեկոյան ուշ ժամերին ինձ առույգ զգամ)։ Եթե քունը երկար է տևում, դա ինձ համար լավ չէ, օրվա մնացած մասում դառնում եմ քնկոտ։
Սկզբունք 8. հեռախոսի մեջ չլինել
«Հեռախոսի մեջ» ես լինում եմ օրական մեկ անգամ՝ մոտ 10 րոպե։ Խոսքը ոչ թե գործերի մասին է (օրինակ, երբ պատասխանում ես էլեկտրոնային նամակին կամ ստուգում ես արժեթղթերի հետ կապված ինչ-որ տվյալներ), այլ երբ հետաքրքրությունից դրդված ինչ-որ բաներ ես թերթում։ Այսինքն՝ հեռախոսի մեջ անօգուտ, չղեկավարվող ժամանակն օրվա ընթացքում ինձ մոտ աննշան է։
Սկզբունք 9. երեկոյան էներգիադ պետք է հերիքի ընտանիքիդ համար
Աշխատանքային օրերին օրական երեք հատված (սովորաբար` մոտ 4 ժամ) ես անց եմ կացնում կնոջս ու երեխաներիս հետ։ Ամենաակտիվը 20:30-21:30 հատվածն է, երբ կարող ենք խաղալ, պարել և այլն։ Ես երբեք այնքան զբաղված չեմ լինումմ, որ գործս չընդհատեմ, երբ նրանց պետք եմ։
Սկզբունքներս ամփոփեմ մի քանի մտքով․
1. Երբ օրվա ընթացքում փոփոխությունները շատ են, չես ձանձրանում ու ձանձրույթից չես հոգնում։
2. Ֆիզիկականն ու մտավորը միաժամանակ կարևոր են։
3. Եթե աշխատում ես, ապա պետք է հնարավորինս կենտրոնանաս (հաճախ անջատում եմ հեռախոսս)։
4. Օրվա բոլոր հատվածներում ուղեղդ պետք է հանգիստ լինի, չշտապես։
5. Աշխատանքն ինձ համար հաճույք է, ոչ թե պարտավորություն։
6. Օրվա վերջում ևս պետք է լինես եռանդուն։
Իսկ վերջում, ներկայացնեմ իմ օրվա 18 հատվածները։ Դրանցում շեղումներ, իհարկե, կարող են լինել ու լինում են (օրինակ, եթե այստեղ կարդաք, որ ընթրիքը ժամը 17:30-18։00 հատվածում է, չի նշանակում, որ պարտադիր սկսվում է ուղիղ ժամը 18։00-ին ու միշտ տևում է ուղիղ կես ժամ)։ Որոշ օրերին որոշ հատվածներ կարող են կարճանալ, երկարել կամ դուրս գալ։ Նաև մանր գործեր կան, որոնք կատարվում են այս հատվածների ընթացքում, բայց դրանք այնքան էական չեն, որ առանձին ներկայացնեմ։ Ընդհանուր առմամբ, շեղումներն իմ օրակարգում հազվադեպ են ու իմ կենսակերպի/արդյունքների վրա զգալի չեն ազդում։
Իմ օրվա 18 հատվածները
1. Անձնական հիգիենա (30 րոպե) — 06:00-06:30
2. Գիրք կարդալ, վիզաուլիզացիա (30 րոպե) — 06:30-07:00
3. Մարզվել (15 րոպե) — 07:00-07:15
4․ Ընտանիք (1 ժամ) — 07:15-08:15
5. Մտածելու հետ կապված գործ / գրել (մոտ 3 ժամ) — 08:15-11:00
6. Նախաճաշ (30 րոպե) — 11:00-11:30
7. Մտածելու հետ կապված այլ գործ / այլ թեմայով գրել (1․5 ժամ) — 11:30-13:00
8. Ընտանիք (1․5 ժամ) — 13:00-14։30
9. Մարզվել (20-30 րոպե) — 14։30-15։00
10. Ճաշ (30 րոպե) — 15։00-15։30
11. Բնույթով այլ գործ / ֆինանսներ (3 ժամ) — 15:30-18:30
12. Ընթրիք (30 րոպե) — 17։30-18։00 (նախորդ հատվածի ընթացքում)
13. Տեխնիկական (մտածելու հետ չկապված) գործեր (1 ժամ) — 18:30-19:30
14. Սովորել/կարդալ (միայն թղթից) (45 րոպե) — 19:30-20:15
15. Մարզվել (15 րոպե) — 20:15-20:30
16. Ընտանիք (1․5 ժամ) — 20։30-22։00
17. Գիրք կարդալ (20-40 րոպե) — 22։00-22։40
18. Քուն (7-7․5 ժամ) — 23:00-06:00
Եվ ներկայացնեմ օրս՝ ըստ զբաղմունքների տեսակների․
— աշխատանք՝ մոտ 8 ժամ
— ընտանիք՝ մոտ 4 ժամ
— սնունդ՝ մոտ 1․5 ժամ
— մարզումներ՝ մոտ 1․5 ժամ
— սովորել/կարդալ՝ մոտ 1․5 ժամ
— քուն՝ մոտ 7 ժամ
— այլ՝ մինչև 1 ժամ
Կարող է թվալ, թե օրդ մանրակրկիտ պլանավորելը դժվար է։ Բայց ես դրան հասել եմ տարիների ընթացքում ու ինձ համար ոչ միայն հեշտ է, այլև այդպես զգում եմ, որ կյանքս ղեկավարում եմ։ Օրդ անցկացնում ես առույգ, վատ տրամադրություն չես ունենում, ու կարևորը՝ քնում ես քեզնից (մասնավորապես՝ աշխատանքիցդ) գոհ։