Ե՞րբ գիրք կարդալը քեզ չի դարձնում մտածող

Մանկուց մեզ սովորեցրել են, որ եթե ուզում ես զարգանալ, պետք է գիրք կարդաս։ Հատկապես դպրոցում մենք շատ ենք կարդում (գրքերի մի մասը՝ պարտադրմամբ, մյուս մասը՝ մեր ցանկությամբ)։ Ես դպրոցում կարդացող ու լավ սովորող եմ եղել։ Մասնակցել եմ դպրոցական ու քաղաքային ինտելեկտուալ մրցույթների ու հաղթել։ Հարազատներս ինձ խելացի էին համարում, բայց ես ինձ խելացի չէի զգում։ Դեռ այն ժամանակ էր մտքովս անցնում, թե որտե՞ղ է խելացիությունը, երբ անգիր արած գիտելիքը հիշում ես ու պատասխանում։ Ես գիտեի, օրինակ, բոլոր մայրցամաքների հարավային ու հյուսիսային կետերը, Պյութագորասի օրենքը, Մենդելեևի աղյուսակի տարրերը՝ ըստ տողերի, մաթեմատիկայից գիտեի, թե ինչ է տանգեսը կամ արմատը, հիշում էի պատմական կարևոր իրադարձությունների տարեթվերը, ֆիզիկայում՝ շփման օրենքը, կարդացել էի «Կորուսյալ աշխարհը», «Խորհրդավոր կղզին» և այլն, և այլն։ Եվ ի՞նչ․․․ Ո՞վ չի կարող այդ բաները կարդալ, իմանալ։
Երկու դեպք եմ հիշում, երբ դպրոցում ինձ խելացի եմ զգացել։ Մեկը, երբ մեր տան նկուղում քիմիական փոքրիկ լաբորատորիա էի սարքել, քանի որ քիմիայիս ուսուցիչն ինձ այնքան էր ոգևորել, որ ուզում էի ինքնուրույն փորձարկումներ անել, խառնել տարբեր նյութեր, նոր բաներ հայտնագործել։ Այդ ժամանակ ես չէի առաջնորդվում դասագրքով, այլ ինքնուրույն էի ուսումնասիրում ու մտածում։ Եվ երկրորդ դեպքը՝ երբ մաթեմատիկայի մարզային օլիմպիադայում գրավեցի երկրորդ տեղը, բայց հանրապետական փուլ ուղարկեցին ոչ թե առաջին տեղը գրաված մասնակցին, այլ ինձ։ Երբ ուսուցչիս հարցրի, թե ինչու է այդպես, ասաց, որ խնդիրներից մեկը լուծելիս դուրս եմ բերել ածանցյալի ստացման եղանակը։ Չեմ հիշում, թե որ դասարանում էի (հավանաբար՝ 8 կամ 9), բայց ածանցյալ դեռ չէինք անցել։ Չհասկացա, թե ինչ եմ արել, բայց հիշում եմ, որ այդ պահին ինձ խելոք զգացի։
Դպրոցից հետո, երբ ընթերցանությունը պարտադիր չէր, սկսեցի գիրք չկարդալ։ Վերսկսեցի միայն 25 տարեկանում, բայց ոչ թե գեղարվեստական, այլ՝ հոգեբանական, փիլիսոփայական, ինքնազարգացման, ինքնակատարելագործման, անձնային աճի, ֆինանսների թեմայով։ Շատ չեմ կարդացել (ընդհանուր առմամբ, հաստատ 20 գրքից ոչ ավել)։ Բայց այդ տարիքում էր, որ սկսեցի շատ մտածել։ Սկզբում մտածում էի այդ 10-20 գրքում կարդացած թեմաների շուրջ։ Հետո մտածում էին այն մասին, ինչ տեսնում էի շրջապատում։ Հիմնականում մտածում էի մարդկանց, նրանց պահվածքի, կենսակերպի, մտածելակերպի, նաև ժամանակի, կյանքի, պատերազմների, հիվանդությունների, կրոնի, քաղաքակրթության ու նման այլ թեմաների շուրջ։ Երևի մոտ 28-29 տարեկանից հետո սկսեցի կրկին քիչ կարդալ։ Երևի կարդում էի տարեկան 1-2 գիրք, այն էլ՝ կիսատ։ Կարդում ու դիտում էի նաև համացանցում, բայց քիչ։ Այդ տարիքից սկսած ավելի շատ գրավում էր մտածելը, քան կարդալը։ Մտածելու թեմաներն անսպառ էին։ Հարցեր էին գալիս, որոնց պատասխանները չունեի։ Սկսեցի ժամանակ հատկացնել մտածելուն (արթնանալուց հետո՝ 2-3 ժամ)։ Դա նման է գիտակցությունը փորելուն, ընդ որում՝ հատակ (վերջ) չկա։
Ու այդ ժամանակ էլ հասկացա, որ երբ ասում են՝ զարգանալ, խոսքն, ավելի շատ, գիտելիք ստանալու, գիտակ, ոչ թե մտածող դառնալու մասին է։ Երբ գիրք ես կարդում, դու յուրացնում ես գիտելիքը, դառնում ես՝ գիտակ։ Բայց մտածող դառնում ես միայն այն ժամանակ, երբ մտածում ես։ Մտածելու ժամանակ ուղեղը չարչարվում, տանջվում է։ Ամեն առավոտ, երբ փակվում ես սենյակում ու սկսում ես մտածել, գիտես, որ դժվար է լինելու։ Ու վստահ չես, որ արդյունքում ինչ-որ բան կստացվի։ Երբ մարդը գիրք է կարդում, բայց չի մտածում, նա ուրիշի մտածածը սահուն, առանց «ցավի», առանց չարչարանքի տեղափոխում է իր գլուխ։ Դա ավելացնում է գիտելիքը, բայց չեմ կարծում, թե էական չափով զարգացնում է մտածողությունը։ Եթե նա այդ գիտելիքը հետագայում օգտագործի, կպցնի իրար գիտելիքի երկու տարբեր կտորներ ու նոր արդյունք ստանա, դա կլինի մտածել։ Այսինքն՝ կստանաս մի բան, որը չգիտեիր, այլ ինքդ գտար՝ օգտագործելով իմացածը։ Նույն կերպ, եթե գիրք կարդաս, քեզ հարցեր տաս, ու փորձես պատասխաններ գտնել, դա կլինի մտածել։ Այդպես է զարգանում մտածողությունը (ինչպես ժամանակակից գիտությունն է ասում, նոր նեյրոնային կապեր են ստեղծվում), ոչ թե գիտելիքն է ինքն իրենով մեզ մտածող դարձնում։
Եթե շատ կարդացողին (որը կարդացել է ամեն ինչ, բացի վայրի պայմաններում գոյատևելուց, կենդանական ու բուսական աշխարհից) ու շատ մտածողին գցես ջունգլիներ, կարծում եմ, գոյատևելու ավելի մեծ հավանականություն ունի շատ մտածողը, որովհետև եղած իրավիճակում նա ավելի լավ կկողմնորոշվի, քանի որ նախկինում զարգացրել է մտածողությունը։ Այսինքն՝ նրա մոտ ավելի հեշտ ու արագ են ստեղծվում նեյրոնային այդ կապերը (իմիջիայլոց, այնպես չէ, որ ես ուղեղի աշխատանքի նեյրոնային տեսությանը վերաբերվում եմ որպես բացարձակ ճշմարտության, հետագայում, հավանական է, այլ բաներ կպարզվեն)։ Իսկ շատ կարդացած մարդը (գիտունը), եթե կենդանական ու բուսական աշխարհի մասին գիտելիք չունի, զգալու է իրեն ինչպես երեխան, որը կյանքի մասին ոչինչ չգիտի։ Իհարկե, նա էլ կմտածի, կփորձի կողմնորոշվել, բայց ոչ այնպես, ինչպես ընկերը։
Մինչ օրս մենք մեջբերում ենք 2500 տարի առաջ ապրած փիլիսոփաների՝ Արիստոտելի, Սոկրատեսի, Կոնֆուցիոսի ու մյուսների խոսքերը՝ նրանց համարելով բոլոր ժամանակների իմաստուն։ Բայց նրանք չեն եղել գիրք կարդացող, այլ եղել են՝ մտածող։ Այն ժամանակ ձեռագիր գիտելիքը շատ քիչ էր ու մարդկանց մոտ մտածելու դերը զգալի մեծ էր։ Դրա համար էլ մինչ օրս զարմանում ենք, թե ինչպես են հին մարդիկ բուրգեր կառուցել կամ տեխնիկապես բարդ կառույցներ ստեղծել։ Իսկ մեր օրերում, երբ մենք ուզում ենք մի խնդիր լուծել, մենք բացում ենք տեսանյութը յութուբում, կամ որոնում ենք google-ում, հարցնում ենք ChatGPT-ին կամ զանգահարում ենք ծանոթներին։ Մենք քիչ ենք «տանջում» մեր ուղեղը, քանի որ այլընտրանք կա։ Մերօրյա բանաստեղծը, փիլիսոփան կամ գիտնականը, իհարկե, տանջում են իրենց ուղեղը։ Արդյունքում՝ մենք ստանում ենք գրքեր կամ գյուտեր։ Բայց սովորական մարդը, երբ կարդում է գիրքը ու փակում է այն՝ առանց ներքին դիմադրության, առանց ավելացած հետաքրքրասիրության, առանց նոր հարցերի, նա զրկում է իրեն ավելի մտածող դառնալու հնարավորությունից։
Ես չեմ առաջարկում քիչ կարդալ։ Մտածողությունը չի առաջանում զրոյից։ Մենք վերցնում ենք գիտելիքի տարբեր կտորներ ու միացնում ենք իրար։ Այսինքն, որքան շատ գիտելիք ունես, այնքան մեծ հավանականությամբ նոր բան կստեղծես (կմտածես)։ Խոսքը նրա մասին է, որ եթե ուզում ես իրոք զարգանալ, պետք է համարժեք վերաբերվես գիտելիքին ու մտածելուն։ Ես առաջարկում եմ՝ չսահմանափակվել միայն գիրք կարդալով, այլև՝ ժամանակ հատկացնել կարդացածի շուրջ մտածելուն։ Այդ դեպքում կարդալը ձեզ կդարձնի նաև մտածող։
Եթե Ձեզ հետաքրքիր է մարդու մտածողության մասին իմ փիլիսոփայությունը, առաջարկում եմ կարդալ «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գիրքը։ Այն չի համընկնում այն մտածողության հետ, որ մեզ սովորեցրել են։
