Ինքնակրթություն

Իմ կյանքի գլխավոր կրթությունը ես համարում եմ ինքնակրթությունը: Ես տասը տարի սովորել եմ դպրոցում, ևս հինգ տարի՝ համալսարանում, բայց դրանից հետո տասնհինգ տարի ինքնակրթվել եմ: Համալսարանն ավարտելուց հետո ես ծրագրավորող էի, բայց հասկացա, որ չեմ ուզում ամբողջ կյանքում ծրագրավորող լինել: Սկսեցի նոր բաներ ուսումնասիրել: Ինձ հետաքրքրում էին ֆինանսները, ներդրումները, անձնային աճը, առողջ ապրելակերպը, ստեղծագործելը և այլն, և այլն: Ինձ դուր էր գալիս նոր բան ստեղծելը: Բայց դրա համար մտքի ու կենսակերպի ազատություն էր պետք, ուստի որոշեցի աշխատանքս թողնել: Յոթ տարի ինքնակրթվելու ու անընդհատ նոր բաներ փորձելու արդյունքում ես կարողացա իմ մասնագիտությունից կախված չլինել: Այդ պահից սկսած՝ ես զբաղվում եմ այնպիսի բաներով, որոնք գիտակցաբար եմ ընտրել, որոնցից մեծագույն հաճույք եմ ստանում ու որոնց հետ կապված մեծ նպատակներ ունեմ:
Գիտակցված կրթության դեպքում դու գիտակցաբար ընտրում ես, թե ինչ սովորես: Դու հասկանում ես, թե այդ սովորածդ ինչպես է ազդելու կյանքիդ վրա: Ինքնակրթությունը գիտակցված կրթության օրինակ է: Ինքնակրթության մեջ պարտադրանք չկա. դա քո ընտրությունն է: Չկա իներցիա. դու կայացնում ես գիտակցված որոշումներ: Ինքնակրթության մեջ ավելորդ գիտելիքը քիչ է, քանի որ սովորում ես այն, ինչ քեզ անհրաժեշտ է: Ինքնակրթությունն օգնում է կյանքը հարմարեցնել քեզ, ոչ թե եղածին հարմարվել:
Լավ կյանքը մի քանի կարևոր բնագավառներում մեր ջանքերի համախմբման արդյունք է: Մեզ համար կարևոր է, որ առողջ լինենք, շատ էներգիա ունենանք, երջանիկ ընտանիք կազմենք կամ երջանիկ լինենք՝ առանց ընտանիքի, ունենանք աշխատանք, որը սիրով կանենք, շատ դրամ աշխատենք, մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենանք, նոր բաներ փորձենք, կյանքը հետաքրքրացնենք: Այս ամենը կարելի է բարելավել ինքնակրթության շնորհիվ:
Խոսենք սննդի մասին: Սնունդը զգալի ազդեցություն ունի մեր առողջության (էներգիայի) վրա: Ինչպե՞ս ենք մենք սնվում: Ինչպե՞ս ենք զարգանում մեր կյանքի այդ բնագավառում: Սովորաբար մարդիկ սնվում են այնպես, ինչպես մանկուց սովոր են: Տարեց մարդը սնվում է այնպես, ինչպես իրեն կերակրել է մայրիկը կամ տատիկը: Մենք չենք թարմացնում մեր գիտելիքները: Ես շատ քիչ մարդկանց գիտեմ, որոնք ինքնակրթվում են, որ ավելի առողջ սնվեն: Ինքնակրթությունը չպետք է կապված լինի միայն աշխատանքի հետ: Եթե հարուստ ես, բայց առողջ չես կամ քիչ էներգիա ունես, դա լավ կյանք չէ:
Պետք է հասկանաս, թե ինչն է քո կյանքում կարևոր, և այդ ուղղությամբ ինքնակրթվես: Եթե կարևոր է աշխատանքը, պետք է ինքնակրթվես աշխատանքի մեջ: Եթե կարևոր է ֆինանսական անկախությունը, պետք է ինքնակրթվես ֆինանսների մեջ: Եթե կարևոր է առողջությունը, պետք է առողջության հետ կապված գիտելիքներ ձեռք բերես: Եթե ուզում ես ավելի լավ ծնող լինել, պետք է ինքնակրթվես՝ որպես ծնող: Կրկին՝ ես շատ քիչ մարդկանց գիտեմ, որոնք ինքնակրթվում են՝ ավելի լավ ծնող դառնալու համար: Մենք կարծում ենք, թե լավ ծնող լինել չեն սովորում (սեփական փորձը բավարար է): Այդպես չէ: Երբ սկսում ես ավելի լավ ճանաչել երեխային և ինքդ քեզ, ավելի լավ ծնող ես դառնում:
* Մեջբերված է «Երբ հասուն դարձա» գրքից։