Wow օրերի մասին

Հեղինակ՝

Կան օրեր, որոնք ես անվանում եմ wow օրեր։ Դրանք այն օրերն են, երբ հավատդ չի գալիս, որ նման օր ես ապրել։ Այդ օրերին աշխարհն ասես պտտվում է հատուկ քեզ համար ու քո շուրջ։ Մոտդ ամեն ինչ ստացվում է։ Քեզ զգում ես կարևոր, հաջողակ, կյանքդ իմաստալից է։ Պառկում ես քնելու ու երջանիկ ես, որ ապրում ես։

Դպրոցական, ուսանողական ու աշխատանքային առաջին մի քանի տարին ես հազվադեպ եմ նման օրեր ունեցել (եթե շաբաթական մեկը լիներ, գոհ կլինեի)։ Երբ նման օրեր էին լինում, դրանք հաճախ կապված էին որևէ միջոցառման հետ։ Wow օր էր, օրինակ, ծննդյան, քաղաքից դուրս հանգստի, ինչ-որ համերգ գնալու կամ ընկերներով լավ ժամանակ անցկացնելու օրը և այլն։ Իմիջիայլոց, այն, որ մարդկանց մոտ wow օրերը հաճախ կապված է միջոցառումների հետ, ես նկատել էի փոքր տարիքից։ Ինձ թվում էր, որ երբ մեծահասակներն աշխատում են կամ տանն են, նրանք սովորական (ինչ-որ առումով՝ ձանձրալի) օր են ապրում։ Այսինքն ոչ թե վայելում են օրը, այլ «անցկացնում»։ Իսկ երբ կա հարսանիք, ծնունդ, տանը հյուրեր կան կամ այլ ուրախ միջոցառում է, այդ ժամանակ էին միայն լիարժեք «կենդանանում»։ Այսինքն սովորական աշխատանքային օրը (կամ ուսումնական օրը՝ աշակերտի/ուսանողի համար) հազվադեպ էր wow օր դառնում։

Ինձ մոտ նույնպես այդպես էր։ Իհարկե, կային լավ օրեր։ Կային օրեր, երբ հանգիստ էի։ Կային օրեր, երբ կարևոր բաներ էին լինում։ Բայց դրանք wow օրեր չէին։ Wow օրերն ավելի բարձր մակարդակի են։ Երբ նման օր ես ապրում, հստակ զգում ես դա։ Մեքենաբար ուզում ես բացականչել՝ WOW (ա՜յ քեզ սուպեր օր)։

Wow օրերս շատացան, երբ սկսեցի կյանքս գիտակցաբար փոխել։ Ու այդ օրերն արդեն կապված  չէին միջոցառումների հետ (շուտով կասեմ, թե ինչի հետ էին կապված)։ Կարող էի ամբողջ օրը տանը մենակ անցկացնել, բայց դա դառնար wow օր։ Վատ օրեր նույնպես լինում էին, բայց զգալի քիչ։ Հետո ստացվեց այնպես, որ գրեթե ամեն օրս դարձավ wow կամ wow-ին շատ մոտ օր։ Ես հաճախ եմ ասում, որ իմ իսկական կյանքը սկսվել է հասուն տարիքում (սկզբում թվում էր՝ քսանհինգից հետո, ապա՝ երեսունից, իսկ հիմա՝ քառասունից)։ Դա հետաքրքիր զգացում է։ Երբ օրերդ անցկացնում ես գիտակցված, չես ուզում կյանքդ հետ տալ, քանի որ նախկինում նման օրեր չես ունեցել։ Օրինակ, երբ հիմա պետք է ծովափնյա հանգստի մեկնեմ, դա ինձ առաջվա պես չի ոգևորում։ Այսինքն անհամբեր չեմ սպասում, թե երբ պիտի գնամ ճանապարհորդության, որ ինձ «կենդանի» զգամ։ Երբ արտերկրում եմ, Դիլիջանում, Ջերմուկում կամ Սևանում, շատ լավ է, բայց առանց դրա էլ շատ լավ է։ 

Ներքևում կնշեմ 3 գործոն, որոնք, զգացել եմ, կարևոր են wow օր ունենալու համար (սա ամբողջ ցանկը չէ)։

Մեծ նպատակ

Դու պետք է ունենաս մեծ նպատակ։ Դպրոցում իմ նպատակը համալսարան ընդունվելն էր։ Դա մեծ նպատակ չէր։ Համալսարանում իմ նպատակը լավ աշխատանք ու բարձր աշխատավարձ (հետևաբար՝ լավ մեքենա, տուն, ․․․) ունենալն էր։ Դա մեծ նպատակ չէր։ Երբ աշխատում էի մասնագիտությամբ, իմ նպատակն ավելի բարձր աշխատավարձ կամ պաշտոն ունենալն էր։ Դա մեծ նպատակ չէր։ Մեծ նպատակ է, օրինակ, երբ ուզում ես միլիոնատեր դառնալ, Նոբելյան մրցանակ ստանալ, հայտնագործություն անել, լինել աշխարհի բոլոր երկրներում, լավացնել հազարավոր (միլիոնավոր) մարդկանց կյանքը և այլն։ Այսինքն այնպիսի բան, որ քեզ անհավատալի է թվում։ Դու պետք է մի քանի անգամ գերազանցես ինքդ քեզ, որ դրան հասնես։

25 տարեկանից ես ունեցել եմ  նման նպատակներ։ Եթե այդ մասին բարձրաձայնեմ, մարդիկ (նույնիսկ հարազատներս) կծիծաղեն։ Բայց բարձրաձայնելու կարիք (իմաստ) չկա։ Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, դա միշտ աչքիս առաջ է ու ինձ ոգեշնչում է։

Նպատակդ պիտի այնքան մեծ լինի, որ քեզ անհավատալի թվա, իսկ ուրիշներին՝ ծիծաղելի։

Աշխատանք

Ծրագրավորողի գործը բարձր վարձատրվող, ոչ ծանր գործ է։ Մասնագիտությամբ ես ծրագրավորող եմ։ Բայց թողեցի ծրագրավորման ոլորտը, քանի որ իմ մեծ նպատակներն այլ ուղղությամբ էին։ Արդեն հասուն տարիքում սկսեցի զրոյից զբաղվել նրանով, ինչը, փաստացի, իրականացումն է իմ մեծ նպատակների։ Ու հիմա «աշխատանք» բառն այդքան էլ հարմար չէ օրական 8-10 ժամս բնութագրելու համար։ Աշխատանքդ (գործդ, զբաղմունքդ) պետք է այնպիսին լինի, որ դու ոչ թե դրանից խուսափես ու անհամբեր սպասես շաբաթ-կիրակիին, այլ, հակառակը, աշխատելու ազատ ժամանակ փնտրես (ու ինչ-որ առումով ափսոսաս, երբ չես աշխատում)։ Դա wow օր ունենալու ամենակարևոր գործոններից մեկն է։

Այնպիսի աշխատանքով պիտի զբաղվես, որ անհամբերությամբ չսպասես  շաբաթ-կիրակիին։

Աշխատանքի հետ կապված երկրորդ ամենակարևոր պահն այն է, որ պետք է քո մեծ նպատակին հասնես աշխատանքիդ միջոցով։ Նկատի ունեմ, պետք է այնպես չլինի, որ աշխատանքդ պարզապես փող աշխատելու (պարտադրված) միջոց է, որը ժամանակ է խլում քո մեծ նպատակից (դրա հետ կապ չունի)։ Այդպես կարող է լինել ժամանակավոր (ինչպես ինձ մոտ էր ծրագրավորմամբ զբաղվելու տարիներին), բայց ոչ ամբողջ կյանքում։ Դու միշտ պետք է փնտրես փող աշխատելու եղանակ, որը համատեղելի է քո մեծ նպատակների հետ։

էներգիա / առողջություն 

Սովորաբար մեծ նպատակներին արագ չես հասնում։ Հավանական է, որ դա տևի տասնամյակ, նույնիսկ՝ երկու կամ ավել։ Բայց քո կյանքը արժեքավոր է ոչ թե վերջնակետով, այլ ընթացքով։ Այսինքն, երբ գիտես, թե ուր ես գնում, քեզ երջանկացնում է շարժումը։ Ճանապարհին անընդհատ աճում ես ու ոգեշնչվում այդ աճով։ Դա քեզ թարմության զգացողություն է մշտապես տալիս։ Բայց քանի որ ճանապարհը երկար է (ոմանց մոտ գուցե կարճ տևի), պետք է էներգիադ բավարար լինի ու առողջական խնդիրները չխանգարեն։ Այսինքն օրգանիզմդ (մարմինդ) պետք է չխանգարի քո մտքին։ Դրա համար կարևոր է, որ զբաղվես քեզնով, հետևես ապրելակերպիդ ու առողջությանդ (մարզվես, լավ քնես, վնասակար սովորություններ չունենաս, սնվես գիտակցաբար)։ Կարևոր է՝ գնաս ոչ թե հաճույքի, այլ իմաստի հետևից։ Ինձ համար հաճույքը միշտ իմաստի ենթական (ենթարկվողն) է։ Օրինակ՝ անընդհատ քաղցր ուտելը, ամեն տեղ միայն մեքենայով գնալը (ոտքերը չծանրաբեռնելը), շատ ֆիլմ դիտելը հաճույք է։ Բայց դա անհամատեղելի է այն իմաստի հետ, որ ես իմ կյանքի մեջ դրել եմ։ Դա անհամատեղելի է իմ մեծ նպատակների հետ, որոնց համար շատ էներգիա է պետք։ Այդ պատճառով ես ավելի մեծ հաճույք եմ ստանում նշվածները չանելուց (երբեմն ասում եմ, որ ավելի մեծ հաճույք կա ալկոհոլ չօգտագործելու, քան օգտագործելու մեջ, ու վստահ եմ՝ մարդկանց մեծ մասն ինձ չի հասկանում)։ Սննդին ես նույնպես չեմ վերաբերվում որպես հաճույքի (դա չի նշանակում, որ ուտելուց հաճույք չեմ ստանում): Ես չեմ ապրում լավ ուտելու համար, այլ ուտում եմ լավ ապրելու համար։ Ես սնվում եմ այնպես, որ շատ էներգիա ունենամ ու մարմինս ինձ չխանգարի (հակառակը՝ օգնի)։ Երբ առողջական խնդիր ունես, ցավում է գլուխդ կամ մեջքդ, քեզ թույլ ես զգում, շուտ ես հոգնում, էներգիադ օրվա կեսին սպառվում է, նման վիճակով շատ դժվար է wow օր ստեղծել։

Մարմինդ պիտի քեզ օգնի, ոչ թե խանգարի։

Այլ գործոններ ևս կան, որոնք ազդում են wow օր ունենալու վրա։ Բայց դրանց մասին գուցե հաջորդ անգամ խոսեմ, եթե զգամ, որ թեման ձեզ հետաքրքիր/օգտակար է։



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

Մեկնաբանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի:

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: