Վախ ու ինքնաներշնչանք
Մոտս ամենաշատ տպավորված սարսափ ֆիլմերից մեկը տեսել եմ, երբ երեխա էի (90-ականներին)։ Ֆիլմը տզրուկների մասին էր։ Խոշոր տզրուկները մտնում էին մարդու մարմնի մեջ ու սպանում նրան։ Ֆիլմի վերջում մարդկանցից մեկն է կենդանի մնում։ Երբ տզրուկները փորձում են նրան սպանել, նա ասում է․ «Դուք իրական չեք, չկաք, դուք իմ երևակայության արդյունքն եք»։ Ու նրա հետ ոչինչ չի պատահում։ Մահանում էին միայն նրանք, որոնք հավատում էին, որ տզրուկներ գոյություն ունեն, ու դրանցից սարսափում էին։ Այսինքն՝ այն, ինչից վախենում ես, ներգրավում ես քո կյանք։ Վախերդ իրականանում են։
Կան բաներ, որ ես զգում եմ, բայց չեմ կարող հիմնավոր բացատրել։ Դրանցից մեկն այն է, որ վախենալով կարծես իրականացնում ես վախերդ։ Օրինակ՝ երբ դու անընդհատ վախենում ես, որ քեզ կխաբեն, խաբում են։ Երբ վախենում ես, որ ամուսինդ քեզ կլքի (կամ հակառակը), լքում է։ Չեմ ասում՝ միշտ այդպես է լինում։ Բայց կարծում եմ՝ հավանականությունը մեծանում է։ Այսինքն՝ ինքդ ստեղծում ես սպասելիքների դաշտ, որը նպաստում է այդ սպասելիքների իրականացմանը։
Ես ծխելը համարում եմ վնասակար։ Ու հավատում եմ, որ այն մեծացնում է հիվանդանալու հավանականությունը։ Բայց միաժամանակ հավատում եմ՝ եթե ծխում ես ու չես հավատում, որ քեզ հետ վատ բան կլինի, ապա փոքրացնում ես հավանականությունը, որ վատ բան կլինի (քան եթե ծխում ես ու անընդհատ վախենում` «հանկարծ մի բան չլինի․․․»)։ Նույնը՝ դիետա պահելու դեպքում։ Եթե դիետա ես պահում ու ներսումդ կրկնում ես՝ «Իսկ եթե չնիհարե՞մ», կարծես ծրագրում ես չնիհարելը։ Նույնը՝ երբ նոր գործ ես սկսում։ Եթե անընդհատ վախենում ես՝ «Իսկ եթե չստացվի՞», ուղեղդ կարծես այդ սցենարն իրականացնում է։ Ուղեղդ իրականացնում է այն, ինչ քեզնից «լսում է» ։ Եթե այդ մասին այդքան մտածում ես, ուրեմն՝ դա ես ուզում։
Բայց կարծում եմ՝ վնասակար է երկարատև (մնայուն) վախը։ Օրինակ՝ եթե փողոցում շուն տեսար ու վախեցար, բայց պահն անցավ ու մոռացար, վախը ծրագիր չի դառնա։ Իսկ եթե ամեն օր տնից դուրս ես գալիս վախով, որ շունը կկծի, դու ինքդ ես ձգում այդ իրավիճակն ու մեծացնում ես դրա իրականացման հավանականությունը։
Ես շատ ուշադիր եմ իմ վախերի հանդեպ։ Չեմ թողնում, որ դրանք երկար մնան։ Ինձ դուր է գալիս սառնասիրտ վիճակը։ Մարդիկ «սառնասիրտ»-ը հաճախ բացասական իմաստով են ընկալում։ Պատճառն այն է, որ «սառնասիրտ» լսելիս պատկերացնում ես անզգա մարդ։ Բայց իմ նշած սառնասրտությունը իրավիճակների հանդեպ է, ոչ թե մարդկանց։ Դա նման է նրան, որ, օրինակ, նոր բան սովորես սառը ուղեղով։ Ոչ ուրախ, ոչ տխուր։ Ուղղակի՝ կենտրոնացած։ Կամ, օրինակ, մեքենա վարես սթափ (հանգիստ), ոչ թե ոգևորված կամ ընկճված։ Այսինքն՝ այնպես չէ, որ վարելուց հաճույք չես ստանում։ Ուղղակի թույլ չես տալիս, որ զգացմունքներդ նստեն ղեկին։
Երբ վախենում ես, դու ղեկը հանձնում ես վախերին։ Սա է նաև պատճառներից մեկը, թե ինչու է պետք լինել լավատես։ Լավատեսը նա չէ, ով վատը չի տեսնում։ Լավատեսը նա է, ով անիմաստ չի տեղափոխում «վատ»-ը իր ներս՝ գիտակցելով, որ դա վնաս է, ոչ թե օգուտ։ Օրինակ՝ եթե ամեն օր վախենում ես, որ աշխարհի վերջն եկել է, դրա օգուտը ո՞րն է (վնասը պարզ է)։ Երբ չես վախենում, չի նշանակում՝ չես գործում։ Պարզապես գործում ես այլ տրամադրվածությամբ։ Գործում ես առանց վախն առաջին պլան բերելու։
Ուրիշ հարց է՝ չվախենալը ստացվո՞ւմ է քեզ մոտ, թե՞ ոչ։ Կարող ես գիտակցել վախի վնասակարությունը, բայց չկարողանաս ազատվել կպչուն մտքերից։ Մտքերի ու զգացմունքների կառավարումն այլ թեմա է։ Դրան հասնում ես տարիների ընթացքում, ինքդ քեզ անընդհատ լավացնելով։ Լուծումը շարունակական ինքնակրթությունն ու ինքնակատարելագործումն է՝ հատկապես այն ոլորտներում, որոնց ներսում վախեր ունես։ Բացատրությունը հետևյալն է․ դու առաջին մարդը չես, որ տվյալ իրավիճակին առնչվել է։ Կան լուծումներ (հուշումներ), որոնցից տեղյակ չես։ Պետք է այնքան փնտրես, մինչև գտնես։ Ու կիրառես։ Պարտադիր չէ նույն ձևով։ Պետք է քո ձևը մշակես։ Մնում է՝ ժամանակ տրամադրես, համբերատար լինես ու շուտ չհիասթափվես։
Բայց դա երկրորդ փուլն է։ Առաջինը հասկանալն է, որ այն, ինչից վախենում ես, քո կյանքում շատացնում ես։