Ինֆորմացիոն դիետա

Հեղինակ՝
ինֆորմացիոն դիետա

Պատկերացրեք մի մարդու, որը մտնում է անվճար ճաշարան, որտեղ կան աշխարհի բոլոր ուտեստները, ու սկսում է ամեն ինչ ուտել։ Ուտում է թթու, կծու, քաղցր, վառած, կիսաեփ, մաքրած, կեղտոտ, յուղային, անյուղ, քիմիական հավելումներով, պատրաստված՝ տանը, գործարանում, նկուղում, առանց ուշադրություն դարձնելու չափին, որակին, առանց հաշվի առնելու՝ օգտակար է, թե վնասակար, կուշտ է, թե սոված, ու այդպես ամեն օր։

Եթե ինֆորմացիան դիտարկենք որպես սնունդ, ապա մեր միջավայրը մի մեծ անվճար ճաշարան է, որտեղ ամեն ինչ կա։ Այդ ճաշարանում բոլորը խոհարար են։ Ամեն մեկն ավելացնում է իր ուտեստը՝ պատրաստելով այնպես, ինչպես ստացվում է, օգտագործելով այն, ինչ ձեռքի տակ կա։ Ու մենք, մտնելով ճաշարան, անընդհատ լցնում ենք եղածը մեր օրգանիզմ։

Եթե հարյուր տարի առաջ ինքդ պետք է գնայիր ճաշարան, հիմա առաքում կա։ Տանդ նստած ստանում ես բոլոր ուտեստները։ Բայց սկզբում պետք է պատվիրես։ Պետք է բացես համակարգչի դիտարկիչը, միացնես հեռուստացույցը, զանգես, հետևես, թե փողոցում ինչ է կատարվում և այլն, և այլն։ Երբ այդ գործողություններն անում ես, ինֆորմացիան առաքվում է քո ուղեղ։ Օրգանիզմն անմիջապես վատ չի արձագանքում դրան, հետևաբար խանգարող (զսպող) ոչինչ չկա։

Ու այդպես մարդկանց ուղեղն անընդհատ լցվում է խառը բաներով։ Ես համոզված եմ, որ դա անհետևանք չի մնում, պարզապես մարդիկ չեն գիտակցում դրա ազդեցությունը։ Ուղեղի խառնաշփոթի մեջ դժվար ես գտնում քեզ պետքականը (ինչպես անպետք իրերով լցված սենյակում)։ Ավելորդ մտքերի մեջ կարևոր մտքերը կորում են։

Մեր ուղեղն ասես սենյակ է, որի դուռը միշտ բաց է․ ով ուզի ելումուտ է անում, ինչ ուզի ներսում թողնում է։ Եթե ուզում ես կյանքիդ վերահսկողությունը մեծացնել, պետք է ուղեղիդ վրա դուռ դնես ու ինքդ որոշես, թե երբ բացես ու փակես, ում կամ ինչի առաջ։

Ամեն ինչից տեղյակ լինելը, ամեն մեկի կյանքի մանրամասներն իմանալը հետաքրքիր է, բայց (իմ կարծիքով) վնասակար է այն մարդու համար, որն ուզում է իր ուղեղն օգտագործել ավելի լուրջ նպատակների համար։



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: