Իմ կարևոր նորությունը
Ես սկսել եմ գրել 2008 թվականից: Ես գրել եմ այն, ինչ մտածում եմ՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու, թե ինչպես եմ գրում։ Ես չեմ իմացել (հետևել), թե ինչպես են ուրիշները գրում։ Ես ինձ երբեք չեմ համարել գրող։ Իմ հիմնական զբաղմունքը եղել է մտածելը, իսկ գրելը եղել է որպես լրացում՝ մտածածը ներկայացնելու։ Այդ պատճառով անձնային աճի թեմայով իմ գրքերը գեղարվեստական մեծ արժեք չունեն։ Բայց դրանցում կան շատ մտքեր: Դրանք մթությունից ու մենակությունից (իմ կյանքում փորձարկումներից) ծնված մտքեր են։ Այդ գործընթացը ես երբեմն անվանում եմ ուղեղի մայնինգ (համեմատելով բիթքոյնի ստացման եղանակի հետ)։
Mining-ը բառացի նշանակում է հանքագործություն։ Կրիպտո աշխարհում մայնինգ (crypto mining) նշանակում է թվային արժույթների արդյունահանում՝ բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծելու միջոցով։
Մտածելու գործընթացը ևս գիտակցություն փորելու, խորանալու, ինչ-որ արժեք արդյունահանելու մասին է:

Բայց 2024 թվականին ես որոշեցի սովորել գրել։ Առիթ հանդիսացավ այն, որ մի օր կնոջս ու երեխաներիս համար մի անավարտ գեղարվեստական տեքստ էի կարդում, որ գրել էի 2010 թվականին: Վեպը սկսվում է ամերիկահայ գործարար Մարիո Բերբերյանի ու նրա ընկերոջ՝ Շահենի պատահական հանդիպումից։ Վեպի սկզբում Մարիոն մասնակցում է ԱՄՆ-ում իր հերթական հյուրանոցի բացմանը, իսկ հյուրանոցի դիմաց խմբված մարդկանց մեջ է անօթևան Շահենը՝ Մարիոյի մանկության ընկերը։ Հայաստանում իրենց վերջին հանդիպումից մոտ հիսուն տարի անց նրանք նորից հանդիպում են, ու պատմում են իրենց կյանքի պատմությունները։
Կինս, որ ուշադիր լսում էր, ոգևորված ասաց՝ շատ լավն է, ինչո՞ւ չես շարունակում: Չնայած այդ հատվածը (ներկայիս գիտակցությամբ) լավը չեմ համարում (եթե աշխատեմ, կլավացնեմ), բայց այդ պահին զգացի, որ ուզում եմ գրել (եթե հետաքրքիր է, գրեք մեր սոց․ ցանցերի էջերին, կուղարկենք այդ հատվածը)։
Գեղարվեստական գրականություն
Ես նորից ոգևորվեցի գրելով այն ժամանակ, երբ հրատարակած յոթ գիրք ունեի։ Անձնային աճի մասին գրելն ու գեղարվեստական գիրք գրելը տարբեր բաներ են, պահանջում են տարբեր հմտություններ ու անգամ՝ կենսակերպ։ Մի քանի տարի առաջ գրախանութներից մեկի տնօրենը հարցրեց՝ ինչո՞ւ գեղարվեստական գիրք չես գրում։ Քիչ էր մնում վիրավորվեի (կատակ է): Անձնային աճի գծով հեղինակին նման բան հարցնելը նման է նրան, որ սրտաբանին հարցնես՝ ինչո՞ւ մաշկաբան չես աշխատում (տարբեր մասնագիտություններ են)։ Բայց այդ օրը կնոջս ասածը ուղեղս «մայնինգ անելու» առիթ տվեց։ Արդյունքում՝ գիտակցություն ընդլայնող, ոչ պարզունակ գեղարվեստական գրականություն ստեղծելը դարձավ իմ նոր ոգևորություններից մեկը։
Ինձ մոտ հարց չի առաջանում՝ ինչ գրել։ Ես տարիների ընթացքում կուտակած մտքեր (ֆայլեր) ունեմ, որոնք չեն դառնում անձնային աճի գրքեր, քանի որ հարմար չեն այդ ձևաչափի համար (կամ էլ ծավալն է քիչ)։ Բայց դրանք կարող են դառնալ պոեզիայի, արձակի, մանկական գրքեր։ Կան մարդիկ, որոնց հետ հեշտ է խոսել կոնկրետ գրական ոճով։ Երեխաների հետ չես կարող խոսել պոեզիայի կամ անձնային աճի լեզվով, բայց կարող ես խոսել հեքիաթի լեզվով։ Դրա համար մոտ երկու տարի առաջ ես սկսեցի հեքիաթներ գրել։ Նոյեմբերին կհրատարակվի իմ հեքիաթների առաջին գիրքը, որը կոչվում է «Կարճահասակ հայրիկի հեքիաթները»։ Պարույր Սևակի ու Եղիշե Չարենցի բանաստեղծություններով մեծացած մարդկանց հետ դժվար է խոսել անձնային աճի գրքերով, բայց հնարավոր է խոսել պոեզիայով։ Այդ պատճառով արդեն հրատարակվել է իմ պոեզիայի առաջին գիրքը՝ «Կենդանացումը»։ Ես չեմ կարող անձնային աճի թեմայով գրքում գրել, թե, օրինակ, ինչ է զգում մարդը, երբ առաջին անգամ սպիտակ մազ է տեսնում գլխին։ Բայց դա արտահայտել եմ պոեզիայով։

Ընտանեկան հարաբերությունների, ամուսնու՝ կնոջ հանդեպ վերաբերմունքի մասին ևս դժվար է գրել անձնային աճի ձևաչափով։ Բայց ավելի հեշտ է ներկայացնել պոեզիայով կամ արձակով։ Այդ թեմայով առաջին վեպս (որը, հուսով եմ, կավարտեմ մյուս տարի), 2024թ-ին հաղթեց «Գրքի Երևանյան փառատոն»-ի (ամենամեծ հայկական գրական մրցույթի) արձակ անվանակարգում։ Վեպը կոչվում է «Երեք մահացած կանայք»։ Հատվածը, որով մասնակցել եմ մրցույթին, կարող եք կարդալ այստեղ։
Այսինքն՝ գեղարվեստական գրականության միջոցով ես կարող եմ ընդլայնել արտահայտվելու, մտքերս հրապարակելու իմ հնարավորությունները։ Այն, ինչ տպագրված է գրքերում, փոքր տոկոսն է այն ամեն, ինչ կատարվում է իմ կյանքում ու գլխում։ Պետք է երկար տարիներ սպասես, որ քո գիտակցական ու կենսափորձի աճի արդյունքում առաջացած օգտակար գիտելիքը (մտքերը) տրամաբանորեն գիրք դառնան (շատ դեպքերում չեն էլ դառնում)։ Իսկ գեղարվեստական գրականության միջոցով ես կարող եմ վերցնել մեկ կարևոր միտք ու այն դարձնել գրական գործ։
Իմ կարևոր նորությունը
Իմ գլխավոր թեման ու կիրքը շարունակում է մնալ անձնային/գիտակցական աճը։ Գեղարվեստական գրքերիս հիմքը հենց դա է։ Բայց որպեսզի անձնային/գիտակցական աճի թեմայով գրես, նախ պետք է գրածդ ապրես։ Պետք է փոխվես, գիտակցես, հետո՝ պատմես։ Չես կարող հորինել ու գրել։ Այդպես ինքդ քեզ չես սիրի։ Իսկ գեղարվեստական գրականությունը թույլ է տալիս վերցնել մի միտք (որը անձնային աճի գրքում մեկ նախադասություն կզբաղեցներ), զարգացնել ու դարձնել բանաստեղծություն, պատմվածք, անգամ՝ վեպ։ Այսինքն՝ կարող ես ավելի շատ մտքեր արտահայտել, ու շատ դեպքերում՝ գեղարվեստական հանդերձանքի միջոցով ավելի հիշվող դարձնել։
Իմ կարևոր նորությունն այն է, որ անցյալ տարի ես հասկացա՝ կարող եմ (ուզում եմ) գրել բոլոր ժանրերում (պոեզիան հրատարակվել է, հեքիաթները՝ մոտ մեկ ամսից, արձակը՝ մյուս տարի)։ Ինձ համար կարևորն այն է, որ այդ ամենը դուրս է գալիս նույն գլխից ու նույն նպատակն ունի։