3 սովորություն, որ հեշտ եմ փոխել

Հեղինակ՝

1. Ծխելը թողնելը

Ես սկսեցի ծխել համալսարանում, երբ 18 տարեկան էի։ Շարունակեցի ծխել բանակում, հետո՝ աշխատավայրում, ու թողեցի ծխելն այն ժամանակ, երբ երեք տարվա ծրագրավորող էի։ Դա բեկումնային շրջան էր, երբ որոշեցի ինքնակրթվել ու սկսեցի փոխվել։ Ծխելուց, ալկոհոլ օգտագործելուց ու որոշ այլ սովորություններից արագ ազատվեցի։ Դա հեշտ ստացվեց, քանի որ գիտակցում էի՝ ինչու եմ անում։ Նաև ուսումնասիրել էի, թե ինչպես են ծխախոտն ու ալկոհոլն ազդում մարդու վրա։ Սովորաբար մենք միայն խոսակցությունների մակարդակով գիտենք, որ ծխելը վնասակար է, բայց քչերս ենք խորանում, թե ինչու և ինչքան է վնասակար։ Երբ դա ուսումնասիրում ես, հավանականությունը, որ գիտակցությունդ կփոխվի, մեծանում է։ Ինձ վրա դա ազդեց։ Բայց չծխելու գլխավոր մոտիվացիան իմ դեպքում այլ էր, քան օրգանիզմին չվնասելու ցանկությունը։ Այդ ժամանակ սկսեցի գիտակցել՝ կյանքումս կան շատ բաներ, որ անիմաստ եմ անում։ Լիքը բան սկսել էի անել՝ հասարակությանը հետևելով։ Զգացի, որ շատ որոշումներ, որոնք, թվում էր, իմն են, իրականում իմը չեն։ Ինձ սթափեցրեց կյանքս չվերահսկելու զգացողությունը։

Ծխելու փորձիս մասին շատ համառոտ կարդացեք այստեղ:

Կյանքիս այդ շրջանում ես ինձ զգացի ոչ թե որպես մեկը, որը գիտակցված ճանապարհ է անցնում, այլ մեկը, որը հետևում է խմբին։ Խումբը ծխում է, դու ծխում ես։ Խումբը խմում է, դու խմում ես։ Խումբը գոռում է, դու գոռում ես։ Խումբն ասում է՝ սխալ է, դու դա ընդունում ես՝ որպես սխալ։ Խումբն ասում է՝ ճիշտ է, ու դա դառնում է ճշմարտություն։

Մի խոսքով՝ ավելի գիտակից ապրելու ցանկությունն այնքան մեծ էր, որ ծխելուց ու ալկոհոլից հրաժարվելը հեշտ ստացվեց։ Իմիջիայլոց, շատերն իրենց ներշնչում են, որ չծխելը կամ չխմելը դժվար է։ Ինձ համար այդպես չէր։ Կան շատ ավելի դժվար ղեկավարվող սովորություններ (օրինակ, քաղցր չուտելը կամ հեռախոսի մեջ չլինելը)։ Մոտ տասնհինգ տարի է՝ ինչ չեմ ծխում ու չեմ խմում, ու կյանքիս որակն անհամեմատելի լավ է։

2. Շուտ արթնանալը

Երբ ես չէի սիրում իմ աշխատանքը, չէի սիրում նաև շուտ արթնանալ։ Երբ չգիտեի, թե կյանքից ինչ եմ ուզում, շուտ արթնանալը տանջանք էր։ Շուտ արթնանալը հաճույք դարձավ այն ժամանակ, երբ սկսեցի գրել առաջին հոդվածներս անձնային աճի ու ֆինանսների թեմայով (success.am կայքում)։ Քանի որ դեռ աշխատում էի՝ որպես ծրագրավորող, ամենահարմար ժամանակը գրելու համար առավոտն էր (երեկոյան հոգնած ես լինում)։ Գրում էի մտածելակերպիս ու կյանքիս փոփոխությունների մասին։ Ոգևորվածությունս շատ մեծ էր (հետագայում հենց success.am-ի հոդվածներից ստեղծեցի «Փոխիր կյանքդ» գիրքը)։ Դրանից հետո շուտ արթնանալն ինձ համար միշտ իմաստալից է եղել, քանի որ կան կարևոր անելիքներ, որոնցով ոգեշնչված եմ։ Գրելը մեկն է։ Առավոտյան զբաղմունքներս տարիների ընթացքում ավելացան։ Վաղ առավոտյան նաև թեթև մարզվում եմ, վիզուալիզացիա եմ անում, պլաններն եմ կազմում, ֆինանսների ու արժեթղթերի շուկայի հետ կապված գործեր եմ անում և այլն։ Ես ձևավորել եմ սովորություն՝ արթնանալ մինչև զարթուցչի զանգը (որը դրված է ժամը  06։00-ին։ Բայց դրա համար պետք է 10:30-ից ուշ չքնեմ)։ Շուտ արթնանալն իմաստալից կյանք ունենալու կարևորագույն կետերից է ինձ համար։ Ինչպես ծխելը թողնելը, դա մոտս հեշտ ստացվեց, քանի որ ուժեղ գիտակցում կար, թե ինչու եմ անում։ 

3. Երեկոյան ինտերնետից չօգտվելը

Ժամը 19։30-ին ես անջատում եմ տան wi-fi-ն ու բջջային ինտերնետը։ Պատճառն այն է, որ ուզում եմ օրվա վերջին ժամերը համացանցից դուրս լինել, կտրվել վիրտուալից, թղթե գիրք կարդալ, չունենալ ցրված միտք, կենտրոնանալ կողքիս մարդկանց վրա ու ավելի լավ քնել։ Համացանցում ու հեռախոսում միշտ անելիք կա։ Էլեկտրոնային սարքերի օգտագործումը դարձել է սովորություն, և  մենք շարունակում ենք օգտագործել դրանք նույնիսկ այն ժամանակ, երբ օգուտ չկա (պարզապես զբաղեցնում ենք մեզ)։ Երեկոյան ժամերին, երբ էներգադ համեմատաբար քիչ է, սքրոլ անելը թվում է հարմար զբաղմունք։ Ու գնում ես քնելու անհանգիստ մտքերով ու ծանրաբեռնված գլխով։ Դա իմ քնի որակի վրա ազդում է։ Ես ուզում եմ օրգանիզմս նախապատրաստել լավ քնին, քանի որ որակյալ քունն ինձ համար շատ կարևոր է։ Կարևոր է նախ առողջության տեսանկյունից, և երկրորդ՝ հաջորդ օրը թարմ ու շատ էներգիայով արթնանալու։ Սկզբում, երբ սկսեցի անջատեցել ինտերնետը, մի քիչ խառնվում էի իրար, չգիտեի ինչ անել։ Բայց հետո որոշեցի, թե ինչ եմ ուզում անել 19։30-22:00 հատվածում, ու աստիճանաբար երեկոյան ժամերին ինտերնետից ու էլեկտրոնային սարքերից չօգտվելը դարձավ սովորորություն։

Սովորությունների մասին

Երբ 2016 թվականին ես գրեցի «Կամքի ուժ․ ինչպես ղեկավարել սովորություները» գիրքը, ես դրանում ներառեցի 15 սովորություն, որ իմ մոտ փոխել էի վերջին 7-8 տարում։ Բայց դրանից հետո կանգ չեմ առել։ Հիմա այդ թիվը, կարծում եմ, կրկնապատկվել կամ եռապատկվել է։ Սովորությունները ղեկավարելը շատ կարևոր է իմ պատկերացրած գիտակից կյանքն ապրելու համար։ Ես պետք է հասկանամ, թե ինչ և ինչու եմ անում։ Ես պետք է վերլուծեմ, թե ինչն է օգտակար ու վնասակար ինձ համար։ Կան մանր սովորություններ, որոնք փոխում ես, ու տարիների ընթացքում զգում ես այդ անէական թվացող փոփոխության մեծ ազդեցությունը կյանքիդ վրա։ Ինձ համար ամեն մի ձևավորված դրական սովորությունն ու հաղթահարված բացասական սովորությունն անձնային հաղթանակ (աճ) է։ Տարիների ընթացքում սովորությունների ղեկավարման փորձը կուտակվում է։ Քո օրգանիզմը դրա հանդեպ ավելի ճկուն է դառնում։ Ու քեզ լավ ես զգում, որ գիտակցությունդ, թեկուզ ոչ ամբողջությամբ, բայց ավելի ու ավելի մեծ չափով է ղեկավարում կյանքդ։



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

Մեկնաբանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի:

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: