Սովորել ծնողների սխալներից
Շատերս հավատում ենք, որ մեր ծնողներն ամենաճիշտն են։ Մենք մտածում ենք, որ պետք է ապրենք նրանց պես։ Այո, ծնողների կյանքը պետք է օրինակ ծառայի մեզ, բայց դրա մեջ մտնում են նաև նրանց սխալները։ Շատ կարևոր է, որ մենք գիտակցենք մեր ծնողների սխալները։
Մեր ճշմարտությունները ձևավորվում են մանկուց։ Մենք հավատում ենք ոչ թե նրան, ինչ հասկանում ենք, այլ նրան, ինչ տեսնում ենք։ Մենք տեսնում ենք այն, ինչ կա մեր ընտանիքի ներսում, շրջապատում, դպրոցում։ Այդ «ճշմարտությունները» մենք յուրացնում ենք շատ արագ։ Փոքրիկ աղջիկը տեսնում է, որ մայրն ու ընկերուհիները դիմահարդարվում են, ու նա վստահ է, որ այդպես պետք է։ Նա այդ մասին խորը չի մտածում, այլ կրկնում է։ Երբ մենք տեսնում ենք, որ մեր հայրը աշխատավայրում առավոտից երեկո չարչարվում է, իսկ մայրը խոհանոցից դուրս չի գալիս, մենք հավատում ենք, որ ճիշտը դա է։ Շատերս մեծանում ու անում ենք նույն բանը։ Բայց մեր ծնողների կյանքը ընդամենը մի տարբերակ է։ Ոչ մի տրամաբանական պատճառ չկա, թե ինչու է հենց դա ամենաճիշտ տարբերակը։
Երբ մենք փոքր ենք, մեր աշխարհը նեղ է, ու այդ աշխարհը մեր ընտանիքն է։ Բայց երբ մեծանում ենք, պետք է ձգտենք աշխարհն ավելի լայն տեսնել։
Մենք չպետք է նմանվենք այն մարդկանց, որոնց սիրում ենք, միայն այն պատճառով, որ նրանց սիրում ենք։ Ես շատ բան եմ սովորել իմ ծնողներից, այդ թվում՝ նրանց սխալներից (իհարկե, երբ ասում եմ սխալ, խոսում եմ ընդամենը իմ համոզմունքների մասին։ Այն, ինչ ես սխալ եմ համարում, ծնողս կամ մեկը ուրիշը կարող է ճիշտ համարել)։ Ես ուզում եմ, որ իմ երեխաներն էլ սովորեն իմ սխալներից։ Ես դրանից վատ չեմ զգում, հակառակը՝ ուրախանում եմ, որ նրանք ինքնուրույն մտածող են։ Զարգացող մարդու ամենակարևոր ունակություններից մեկը իր և ուրիշների սխալներից սովորելն է։ Իսկ չզարգացող մարդու հատկանիշներից մեկն այն է, որ նա համարում է՝ այն, ինչ ինքն անում է, միակ ու անփոփոխ ճշմարտությունն է։
Եթե ուզում ես ծնողներիցդ որոշ բաներով տարբերվել, չի նշանակում՝ նրանք վատն են։ Յուրաքանչյուրիս համար մեր ծնողները, որպես մարդ, ամենալավն են (պատճառն այն է, որ նրանց հետ ենք ապրել-մեծացել)։ Բայց զգացմունքները չպետք է առաջնորդեն մեր որոշումները։ Մասնագիտություն ընտրելիս, սնվելիս, մարդկանց վերաբերվելիս ու շատ այլ հարցերում մենք պետք է հույսը դնենք միայն սեփական գլխի ու գիտակցության վրա։ Մեր ծնողները չեն ստեղծում մեզ՝ որպես վերջնական «պրոդուկտ»։ Նրանց պարտավորությունն է ստեղծել կենսունակ «պրոդուկտ», որն ինքնուրույն կզարգանա։ Եթե բոլորն ուզեն իրենց նախնիների պես լինել, աշխարհը չի զարգանա։ Ես իմ երեխաներին տարբեր բաներ եմ սովորեցնում, բայց առաջին հերթին սովորեցնում եմ՝ մտածել ինքնուրույն։