Ամենաերկար հաճույքը
Հարազատներիցս ոմանք զարմանում են, երբ ասում եմ, որ ծովափնյա հանգստի մեկնելը լավ է, բայց ես դրան չեմ սպասում, քանի որ առանց դրա էլ ինձ լավ է։ Նույնիսկ եթե իմանամ, որ երբեք Հայաստանից դուրս չեմ գալու, չեմ կարծում, թե տրամադրությունս կընկնի։ Որպեսզի հասկանաք՝ ինչու, խոսենք հաճույքից։
Հաճույք
Եթե մեր կյանքում չլինեին հաճույքներ, մենք կսկսեինք ավելի հաճախ մտածել կյանքի իմաստի մասին։ Շատերն այդ իմաստը չէին գտնի, ու մարդկանց մի մասի համար ապրելը կդառնար անիմաստ։
Հաճույքներով մենք լրացնում ենք մեր կյանքի իմաստը, երբ այն չգիտենք։
Հաճույքները ես բաժանում եմ երկու խմբի՝ տաք ու սառը։ Տաք հաճույքների մեջ մտնում են ֆիզիկական ու հոգեկան հաճույքները։
Ֆիզիկական հաճույք
Ֆիզիկական հաճույք մենք զգում ենք, երբ առավոտյան սուրճ ենք խմում, կեսօրին պաղպաղակ ենք ուտում, իսկ երեկոյան գնում ենք մերսման սրահ։ Ֆիզիկական հաճույքը հաճույքի ամենապարզ տեսակն է։ Դա մարդու՝ որպես կենդանու, ամենացածր մակարդակի (բայց ոչ ամենաթույլ) հաճույքն է։
Ֆիզիկական հաճույք զգում ես ուտելիս, համբուրվելիս, ամռանը՝ լողավազանում, կամ ցուրտ եղանակին՝ տաք հագնված։
Ֆիզիկական հաճույքի առանձնահատկություններից է այն, որ այն ուժեղ է, բայց կարճատև։ Երբ հաճույքի առարկան չկա, մենք այլևս հաճույք չենք զգում։ Երբ պաղպաղակը վերջանում է կամ լողավազանից դուրս ես գալիս, հաճույքի ազդեցությունն արագ անցնում է։
Եթե մարդն ապրում է ֆիզիկական հաճույքների հաշվին, նա պետք է անընդհատ նոր հաճույք գտնի։ Ֆիզիկական հաճույքը «տաք» հաճույքներից առաջինն է։
Հոգեկան հաճույք
Հոգեկան հաճույքն այն է, երբ ֆիլմ ես դիտում, հետաքրքիր գիրք ես կարդում կամ քեզ գովում են։ Նման պահերին ներսդ ինչ-որ հաճելի բանով է լցվում («տաքացնում է»)։ Հոգեկան հաճույք զգում ես նաև սիրելուց կամ արևոտ եղանակին․ տրամադրությունդ արագ բարձրանում է։
Հոգեկան հաճույքն այնքան ուժեղ չէ, որքան ֆիզիկականը, բայց ավելի երկարատև է։ Երբ քեզ գովում են, դա նույն հաճույքը չէ, ինչ զգում ես մերսման սրահում։ Բայց գովասանքի հաճույքը կարող է «ներսդ տաքացնել» նույնիսկ շաբաթներ անց (երբ հիշես այդ մասին)։
Հոգեկան հաճույք զգալիս կյանքն ավելի իմաստալից է, քան միայն ֆիզիկականի դեպքում։ Պատճառն այն է, որ հոգեկան հաճույքը քեզ «հերիքում է» ավելի երկար (բայց ոչ՝ շատ երկար)։
Եթե ֆիզիկական հաճույքը կապված է մարմնի հետ, ապա հոգեկանն ավելի շատ կապված է զգացմունքների հետ։ Հոգեկան հաճույքը «տաք» հաճույքներից երկրորդն է:
Տաք հաճույքների առանձնահատկությունը
Տաք հաճույքների առանձնահատկությունն այն է, որ սովորաբար քեզ ինչ-որ բան ԴՐՍԻՑ պետք է «տաքացնի»։ Մեկը պետք է պոեզիա գրի, որ կարդաս։ Մեկը պետք է լինի, ում կսիրես։ Պետք է դրսում արև լինի, որ տրամադրությունդ բարձրանա։
Շատ դժվար է ֆիզիկական ու հոգեկան հաճույք զգալ մտքով։ Մարդկանց մոտ կամ դա չի ստացվում, կամ էլ ստացվածն այնքան կարճ ու սահմանափակ է, որ մարդու կյանքի վրա շոշափելի ազդեցություն չունի։ Օրինակ՝ կարո՞ղ ես ամպամած օրը արև պատկերացնելով հաճույք զգալ։
Գիտակցական հաճույք
Գիտակցական հաճույքը ես անվանում եմ «սառը» հաճույք։ Դա այն հաճույքն է, որն առաջացնում ես մտքով (գիտակցությամբ)։ Այն այնքան ուժեղ չէ, որքան ֆիզիկական ու հոգեկան հաճույքները, բայց շատ ավելի կայուն ու երկարատև է։
Գիտակցական հաճույք զգում ես, օրինակ, նպատակներիդ մասին մտածելիս։ Եթե դու մարզիկ ես ու մտադրվել ես չորս տարի հետո մասնակցել օլիմպիական խաղերին, ապա այդ չորս տարին իմաստալից է անցնելու քեզ համար։ Ամեն անգամ խաղերի մասին մտածելիս հաճույք ես զգալու։ Դա նման չէ ֆիզիկական կամ հոգեկան հաճույքին։ Գիտակցական հաճույքն ասես գլխումդ փակված լինի։ Այն չի հասնում սրտիդ (դրա համար անվանում եմ՝ սառը), բայց քեզ բավարար է։
Գիտակցական հաճույքն ունակ է հաղթել ֆիզիկական ու հոգեկան հաճույքներին։ Եթե մարզիկին պետք է վնասակար ուտելիք չուտել, նա չի ուտի, քանի որ գիտակցում է՝ ֆիզիկական հաճույքն արագ անցնելու է, իսկ գիտակցականը երկարատև է։
Գիտակցական հաճույքն ուժեղացնում է ֆիզիկական ու հոգեկան հաճույքները։ Արևոտ եղանակին երկու հոգուց ավելի մեծ հաճույք կզգա նա, ով նաև գիտակցական հաճույք է զգում։
Կան մարդիկ, որոնք զգում են՝ իրենք կյանքում առաքելություն (միսիա) ունեն։ Դրա մասին մտածելը նրանց համար դառնում է գիտակցական հաճույք։ Պարտադիր չէ, որ առաքելությունդ լինի մասշտաբային (օրինակ՝ երկիրդ զարգացնելը)։ Առաքելությունդ կարող է լինել այն, որ երեխադ անվճար ընդունվի համալսարան։ Կամ, օրինակ, հոգեբանի առաքելությունը կարող է լինել այն, որ այցելուները հոգեպես հանգիստ տուն գնան։
Գիտակցական հաճույքը կյանքդ իմաստավորում է՝ առանց հոգեկան մեծ տատանումների։ Այն քեզ ոչ «շատ վեր է թռցնում», ոչ էլ՝ «գցում է»։ Բայց այն բավարար է, որ դու քեզ զգաս կայուն երջանիկ (գոհ)։ Երբ քո կյանքում առաջին տեղում գիտակցական հաճույքն է, ֆիզիկական ու հոգեկան հաճույքներն էլ ավելի են քեզ երջանկացնում, բայց առանց դրանց դժբախտ չես։
Ծովափ
Վերադառնամ հոդվածի նախաբանին։ Ինչո՞ւ ես չեմ զգում ծովափնյա հանգստի կարիք (չնայած՝ երբ ծովափում եմ, ինձ ավելի երջանիկ եմ զգում)։ Պատճառն այն է, որ ինձ համար առաջին տեղում գիտակցական հաճույքն է։ Երբ ես տանը մենակ գրում եմ, գիտակցական մեծ հաճույք եմ զգում։ Ես կարող եմ երկար փակված մնալ մութ սենյակում ու ինձ երջանիկ զգալ (այդ փորձը մի քանի ամիս ունեցա պոեզիայի առաջին գիրքը գրելիս)։ Երբ իմ սննդակարգից հանում եմ ինչ-որ ուտելիք, մարդիկ զարմանում են՝ ինչպե՞ս կարող ես դա չուտել (իսկ մտքում ասում են՝ բա հաճո՞ւյքը)։ Բայց չուտելն այն, ինչը համարում եմ վնասակար, ինձ համար գիտակցական հաճույք է, որը չեմ փոխարինի ուտելու ֆիզիկական հաճույքով (նույնը՝ չծխելու ու ալկոհոլ չօգտագործելու դեպքում է)։
Որպեսզի գիտակցական հաճույք ստանաս, դու պետք է ունենաս անելիքներ, որոնց մասին մտածելիս հաճույք ես զգում։ Եթե այսօր խնջույքի ես մասնակցում, ֆիզիկական ու հոգեկան հաճույք ես զգում, բայց հաճույքը խնջույքի հետ անցնելու է։ Իսկ երբ գիտես, որ տասը օրից խնջույքի ես մասնակցելու, այդ տասը օր դու գիտակցական հաճույք ես զգալու (երբ այդ մասին մտածես)։ Գիտակցական հաճույքն ամենաերկարն է։