Պոեզիա․ կենդանացում

Հեղինակ՝

12 տարեկանում առաջին անգամ ինձ տեսա հեռուստացույցով (1996 թվականն էր): Դասընկերուհուս քույրն աշխատում էր հեռուստաընկերությունում, ու դասընկերուհիս տանը պատմել էր, որ իր դասարանից մի տղա բանաստեղծություններ է գրում, նույնիսկ գիրք ունի։ Գիրքն ինքս էի պատրաստել (նկարը տես ներքևում) ու վերնագրել էի՝ «Կյանքը»։ Մեր տուն եկան «Էջմիածին» հեռուստաընկերության երկու աշխատակից ու ինձնից հարցազրույց վերցրին։ Լրագրողը հարցրեց, թե ինչու եմ ընտրել հենց այդ վերնագիրը։ Ես պատասխանեցի, որ բանաստեղծությունները կյանքի մասին են։ Իրականում դա անգիտակից պատասխան էր, քանի որ ինչ թեմայով էլ գրես՝ կարող ես ասել` կյանքի մասին է։

Այդ տարիքում բանաստեղծություն գրելն ինքնըստինքյան էր ստացվում։ Չգիտեմ՝ ինչու էի գրում։ Չկար ինձ ոգեշնչող գրող, չէի երազում բանաստեղծ կամ հայտնի դառնալ, գրականությունը սիրածս առարկաներից չէր։ Դպրոցում գերազանցիկ էի, բայց կարդում էի հիմնականում այն, ինչ հանձնարարում էին (գեղարվեստական գրականության հանդեպ շատ խանդավառ չէի)։

Այդ տարիքում «ամենահայտնի» գրածներս հումորային բանաստեղծություններն էին։ Մեկը սկսվում էր հետևյալ տողերով․

Հայրս ունի ընկերներ՝
մեկը մեկից շատակեր․․․

Երբ հորս ընկերների մոտ սա արտասանում էի, ծիծաղից թուլանում էին (դպրոցիս տնօրենը, որ հորս ընկերն էր, իմ ավարտական երեկոյի ժամանակ ժպտալով կարդաց այս տողերը)։ Հայրս մահացավ, երբ ես 32 տարեկան էի։ Այդ ինքնաշեն գիրքս նրա մարմնի հետ հողին հանձնեցի, ու մնացին միայն այս երեք բանաստեղծությունները (թողել եմ անփոփոխ)․

Գիշերային կյանք

Վառ երազի մեջ ընկած,
Անհոգ պառկած էի քնած,
Պատշգամբում բացօթյա,
Մեկ էլ հանկարծ արթնացա:

Դեռ փայլում էր աստղը շողեր,
Քամին երգում գաղտնի երգեր,
Ու դուրս եկավ քնքուշ լուսին,
Բույր տարածեց շուշան փոշին:

Ձմեռ

Ձմեռվա կեսին, սառնամանիքին,
Թափվում էր ձյունը մեր տան տանիքին,
Փռել էր ձմեռը իր լայն թևերը,
Պարում էին օդում ձյան փաթիլները:

Իմ կյաժ եղբայր Տիգրանը

Իմ կյաժ եղբայր Տիգրանը,
Շատ է սիրում թարմ թանը,
Վզից գցես պարանը,
Չի մոռանա իր թանը:

Հայրս ասում է Տիգրանիկ,
Իմ անուշիկ լավ բալիկ,
Գնա ճարի քեզ կնիկ,
Հետո խմի թան մի տիկ:

Տիգրանն ասաց այ հայրիկ,
Ինչ եմ անում ես կնիկ,
Լավ է խաղանք տունտունիկ,
Հետո ուտենք պտպտիկ:

Բանաստեղծություն դադարեցի գրել երևի յոթերորդ դասարանում։ Դրանից հետո քսանվեց տարի (մինչև 2024 թվականը) գեղարվեստական գրականության հետ չեմ առնչվել, իսկ դպրոցում սովորածը մեծամասամբ մոռացել էի։

Հետկրթական կյանքում ինձ համար շրջադարձային էր 2009 թվականը (25 տարեկան էի)։ Դա գիտակցական վերածննդի մի շրջան էր, երբ անվստահ պատանին հավատաց իրեն ու որոշեց, թե կյանքում ինչ է ուզում։ Այդ տարիներին ակտիվ ընթերցող էի։ Կարդում էի հաջողակ մարդկանց ինքնակենսագրություններ, բիզնես գրականություն, հոգեբանություն, փիլիսոփայություն և այլն։ Դա մեծ թափ հաղորդեց իմ գիտակցության զարգացմանը։ Ամենօրյա ինքնակատարելագործումը դարձավ կենսակերպ։ Անձնային աճի թեմայով մի քանի գիրք եմ գրել, որոնք արդյունք են ոչ թե շատ կարդալու, այլ սեփական փորձի ու շատ մտածելու։

2024 թվականի հունվարին կնոջս ու երեխաներիս համար մի անավարտ տեքստ էի կարդում, որ գրել էի մոտ տասներկու տարի առաջ։ «Տարբեր ճանապարհներ»-ը վեպ է մանկության ընկերների մասին, որոնց ճանապարհները դպրոցից հետո բաժանվում են․ մեկը գաղթում է ԱՄՆ, զբաղվում բիզնեսով ու հարստանում, իսկ մյուսը կորցնում է աշխատանքն ու մուրացկան դառնում Ֆրանսիայում։ Նրանք պատահաբար հանդիպում են ծեր տարիքում ու պատմում են, թե ինչպես է դասավորվել իրենց կյանքը։

Կինս հետաքրքրությամբ լսում էր։ Երբ վերջացրի, ասաց․ «Շատ լավն է, ինչի՞ չես շարունակում»։ Դա գիտակցության կտրուկ փոփոխության պահ էր, երբ գեղարվեստական գրականություն գրելը մի ակնթարթում դարձավ իմաստալից (եթե նախորդ օրն ինձ ասեին, որ գեղարվեստական գիրք եմ գրելու, կմտածեի, թե ասողն ինձ ընդհանրապես չի ճանաչում)։ Սկսեցի ակտիվ ուսումնասիրել, թե ինչ գրողներ կան, ինչ գրքեր են գրել, ինչու է մի գիրքը համարվում լավը, մյուսը՝ վատը։ Մի քանի ամսում գրական ոլորտի մասին ընդհանուր պատկերացում կազմեցի։ Ունեի մտքեր, որ ուզում էի վեպի վերածել։ Ամեն առավոտ մի քանի ժամ գրում էի։ Զուգահեռ շարունակում էի ինքնակրթվել գրականության ոլորտում։

2024 թվականի հոկտեմբերին գրական հաղորդում էի դիտում, որի ընթացքում կարծիք հնչեց, թե պոեզիան ավելի բարձր մակարդակի ժանր է, քան արձակը (մինչ այդ ուսումնասիրում էի միայն արձակը)։ Դա շշմեցնող էր։ Ինչպե՞ս կարող է բանաստեղծությունը (որ երեխան էլ կարող է գրել) ավելի բարձր մակարդակի ստեղծագործություն համարվել, քան վեպը (որ հաստատ ամեն մեկի խելքի բանը չէ)։ Սկսեցի ուսումնասիրել պոեզիան։ Կարճ տեքստով խորը իմաստ արտահայտելն ինձ միշտ գրավել է։ Անձնային աճի ոլորտում էլ փորձում եմ պարզ, կարճ, բայց իմաստալից ձևակերպել մտքերս։ Որոշեցի ընդմիջել վեպս («Երեք մահացած կանայք») ու բանաստեղծություններ գրել։

«Պոեզիա․ կենդանացում» գրքում ընդգրկված է յոթ ամսում գրված 44 բանաստեղծություն։ Դրանք արտահայտում են իմ կենսակերպը, համոզմունքներն ու փիլիսոփայական հայացքները։ Ես գրում եմ այն, ինչ ապրել եմ, զգացել, ինչին հավատում եմ։ Ինձ չեն հետաքրքրում գեղեցիկ տեքստերը, որոնցում չկա այնպիսի իմաստ, որի մասին կուզես մարդուն դեմ առ դեմ պատմել (առօրյա՝ ոչ գրական լեզվով)։ Օրինակ՝ ինձ դուր չեն գալիս 12 տարեկանում գրված իմ բանաստեղծությունները, որոնք, կարելի է ասել, ոչնչի մասին են։ Գրական ստեղծագործության մեջ ինձ համար ամենակարևորը բովանդակությունն է, իսկ մնացածը՝ հանդերձանք։ Բանաստեղծության մեջ ես փորձում եմ չօգտագործել «գրական» ծանր բառեր, խճճող հնարքներ։ Բանաստեղծության ձևը, ռիթմը, երաժշտականությունը պետք է լրացնեն բանաստեղծության իմաստն ու ենթարկվեն դրան, ոչ թե իշխեն։ Ես բանաստեղծությունը երգ չեմ համարում, իսկ բանաստեղծին՝ երգիչ (երբեք չեմ սիրել այդ համեմատությունը)։ Ինձ համար բանաստեղծը մտածող է։ Նրա ստեղծագործությունը պետք է մնա արժեքավոր ու ազդեցիկ, նույնիսկ եթե զրկվի հանդերձանքից։ #պոեզիակենդանացում



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

Մեկնաբանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի:

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: