Գիտակցական ռեժիմներ

Հեղինակ՝

Ես իմ վրա զգացել եմ գիտակցական երեք ռեժիմ՝
— ոգևորված
— ընկճված
— սառնասիրտ

Սովորաբար մենք չենք ընտրում մեր ռեժիմը, այլ հայտնվում ենք դրանում։

Օրինակ՝ վատ եղանակն ու լուրը մեզ գցում են ընկճված ռեժիմ։

Իսկ երբ անսպասելի բոնուս ենք ստանում աշխատավայրում, հայտնվում ենք ոգևորված ռեժիմում։

Ինքնաղեկավարումը իմ կյանքի մեծագույն աշխատանքներից է։

Ես սկսել եմ մտքերիցս (17 տարի առաջ), անցել եմ սովորություններիս ու հասել գիտակցական ռեժիմին։

Ինչից սկսել

Նախ՝ պետք է գիտակցես, թե երբ է տվյալ գիտակցական ռեժիմը քեզ պետք։

Ընտանիքում, բնության մեջ կամ սպորտում ինձ դուր է գալիս ոգևորված ռեժիմը։

Ես չեմ փորձում ոգևորությունս ղեկավարել։

Ես կարող եմ անել այն, ինչ երեխան․ ծառ բարձրանալ, վազել, թռնել, ուրախանալ, և այլն։

Գրելիս, սովորելիս կամ արժեթղթերի շուկայում ինձ դուր է գալիս սառնասիրտ ռեժիմը։

Նույնիսկ եթե իմ բաժնետոմսերը մեկ օրվա ընթացքում աճեն տասը տոկոսով կամ հինգ հարյուր բառի փոխարեն այդ օրը գրեմ երկու հազար բառ (այս պահին գրում եմ առաջին վեպս՝ «Երեք մահացած կանայք»՝ տղամարդու ու կնոջ ընտանեկան լարված հարաբերությունների մասին), ես պետք է չոգևորվեմ, այլ սառնասրտորեն շարունակեմ աշխատել՝ ըստ օրվա ծրագրի։

Ես նկատել եմ, որ լավագույն արդյունքներն ունենում եմ այն ժամանակ, երբ խորը մտածում եմ, կազմում եմ ծրագիր ու սառնասրտորեն հետևում եմ դրան։

Կյանքի ու ստեղծագործելու ոգևորություն ես միշտ ունեմ։ Այդ ոգևորության որոշակի չափաբաժինը դարձել է իմ էության մի մասն ու ինձ չի խանգարում։

Բայց աշխատելու կամ որոշելու պահին չափից ավել ոգևորությունը, չնայած հաճելի է, բայց խանգարում է։

Ոգևորությունը քեզ պլանից շեղում է։

Ոգևորված մարդը կայացնում է որոշումներ, որոնց համար հաճախ ավելի ուշ զղջում է (երբ դուրս է գալիս ոգևորված ռեժիմից)։

Oրինակ` մեկին մի բան ոգևորված խոստանում ես, հետո՝ զղջում (երբ «սառած» ես լինում), բայց պետք է խոստումդ պահես։

Ինձ հետ էլ եղել են նման դեպքեր։

Այդ պատճառով աշխատանքի ու որոշումների մեջ ես նախնտրում եմ սառնասիրտ ռեժիմը։

Ռեժիմն ինքնուրույն փոխելը սկզբում դժվար է։ Բայց հնարավոր է։

Երբ ընկճված  եմ, ինձ հրահանգ եմ տալիս՝ դարձիր սառնասիրտ ու գործիր ըստ պլանի։

Եթե չի ստացվում, օրս սովորաբար վատ (անարդյունավետ) է անցնում։

Իսկ եթե ստացվում է, օրս կտրուկ փոխվում է՝ դեպի լավը։

Տիեզերքն ասես ընդառաջում է, ու իրադարձություններ են տեղի ունենում, որոնք տրամադրությունդ բարձրացնում են ու գործերդ լավացնում են։

Երբ մի քանի անգամ գիտակցական ռեժիմդ փոխում ես, ու ստացվում է, սկսում ես հավատալ, որ կարող ես։

Իսկ երբ հավատում ես, ավելի հաճախ է ստացվում։

Դա աննկարագրելի պահ է։

Մեկ րոպեում տրամադրությունդ փոխվում է։

Քիչ առաջ ընկճված էիր, ու թվում էր՝ օրդ վատն է, ու այսօր ոչինչ չի ստացվի, իսկ հաջորդ րոպեին օրդ դառնում է լավը, ու ամեն ինչ սկսում է ստացվել։

Բայց դա տեղի է ունենում ոչ թե արտաքին ազդակի շնորհիվ, այլ քո գիտակցական ճիգի։

Փորձեք դա։

Երբ ընկճված եք, կիսատ մի թողեք ու հանձնվեք։

Սառնասրտորեն շարունակեք անել ու ձեր գիտակցական ռեժիմը փոխեք։



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: