Մտքի ուժը

Հեղինակ՝
Մտքի ուժը

Ես գիտեմ, որ միտքն ուժ ունի։ 

Բայց հասկանում եմ նաև մարդկանց, որոնք դրան չեն հավատում։ 

Քանի դեռ բավարար գիտական ապացույցներ չկան, մարդկանց մի մասը մտքի ուժին ու նմանատիպ անորոշ երևույթներին վերաբերվելու է որպես հորինվածքի։ 

Ես չեմ ցանկանում ինչ-որ բան համոզել։ Ինձ համար կարևորն այն է, որ իմ մտքերն իմ կյանքը փոխում են։ 

Ե՞րբ սկսեցի հավատալ մտքի ուժին

Մինչև 25 տարեկանը ես չէի վերահսկում մտքերս ու չէի զգում դրա կարևորությունը։

Այդ տարիքում ինքնուրույն գիտակցելը դժվար է․ սովորաբար լսում ես, հետո՝ մտածում։ Իսկ իմ շրջապատում մտքերի ազդեցության մասին խոսող չկար։

Դպրոցում ու համալսարանում ես չէի ինքնակրթվում։ Գրքեր կարդում էի, բայց դա չեմ համարում ինքնակրթություն, քանի որ դա անում էի հետաքրքրության համար (իսկ ինքնակրթությունը, իմ համոզմամբ, պետք է ունենա շատ կոնկրետ նպատակ)։ 

Այն, որ միտքն ուժ (ֆիզիկական ազդեցություն) ունի, ես բացահայտեցի, երբ եկա բանակից ու երկրորդ տարին աշխատում էի որպես ծրագրավորող։ 

Չեմ հիշում, թե ինչ առիթով սկսեցի ուսումնասիրել աշխարհի ամենահարուստ մարդկանց (առաջիններից էին՝ Քըրք Քըրքորյան, Բիլ Գեյթս, Ուորեն Բաֆֆեթ, Հենրի Ֆորդ, Արիստոտել Օնասիս, Ռիչարդ Բրենսոն, և այլն)։ 

Եկա եզրահանգման, որ նախքան հարստանալը, ամենահաջողակ մարդկանց մեծ մասը գիտեն, թե ով են իրենք ուզում լինել, ու խորը հավատում են դրան։ Այսինքն՝ մինչև միլիոնատեր դառնալը պետք է միլիոնատեր լինես մտքումդ։ 

Դա ազդեցիկ պահ էր ինձ համար, քանի որ մինչ այդ ես մտքումս ավելի շատ պահում էի իմ խնդիրներն ու անվստահությունը։

Մինչ այդ նույնիսկ չգիտեի, թե ինչի եմ ձգտում։ Ծրագրավորող կաշխատեմ, իսկ հետո՞։ Աշխատավարձս կբարձրանա․ հետո՞․․․ Ես չէի որոշել, թե ով եմ ուզում լինել հիսուն տարի անց։

Այդ ընթացքում լսեցի Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» աուդիոգիրքը։ Իմ կյանքում դա երկրորդ շնչառություն բացեց (նման ազդեցություն զգացել եմ նաև Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա», Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքերը կարդալիս, The Secret ֆիլմն ու Բոդո Շեֆերի սեմինարները դիտելիս)։

Այդ փուլում ես հավատացի, որ միտքն ուժ ունի, բայց դեռ չէի զգացել իմ օրինակով (պարզապես ոգևորված էի)։ 

Մտքերի ազդեցությունը գիտակցեցի տարիների ընթացքում։ Բայց սկզբում կարևոր է պարզաբանել, թե ինչ եմ հասկանում «մտքի ազդեցություն» կամ «մտքի ուժ» ասելով։

1. Միտքը՝ որպես շարժիչ (առաջ մղող) ուժ

Սա այն է, երբ մտքումդ ինչ-որ բան պահում ես, ու գործողություններդ հետևում են մտքերիդ։ Այսինքն՝ կյանքդ իրականում փոխում են ոչ թե մտքերդ, այլ մտքերի արդյունքում ծնված գործողություններդ։

Օրինակ, ես մտքումս պահել էի, որ դուրս եմ գալու աշխատանքից։ Մոտ յոթ տարի անց դա իրականացավ։ Բայց ես պարապ չեմ նստել ու դրան սպասել։ Ես մի քանի նոր գործ փորձարկեցի, ու մեկն արդյունք տվեց։ Այդպես կարողացա ազատվել մասնագիտական կախվածությունից։

Այսինքն, երբ դու մտքումդ պահում ես կարմիրը, սկսում ես փողոցում ավելի շատ կարմիր մեքենա ու կարմիր հագուստով մարդ նկատել, բայց դա չի նշանակում, որ փողոցի կարմիրը ստեղծել ես քո մտքով։

2. Միտքը՝ որպես անբացատրելի ուժ

Սա այն է, երբ մտքումդ պահում ես, օրինակ, որ այսօր հանդիպելու ես տվյալ մարդուն կամ նա քեզ զանգելու է, ու դա լինում է։ Կամ զգում ես, որ վատ բան է լինելու, ու լինում է։

Մտքի ձգողականության մասին շատ է խոսվում The Secret ֆիլմում։ Այսինքն, եթե դու անընդհատ մտածես, որ գլխիդ մի օր շախմատի տախտակ կընկնի, ապա մի օր կհայտնվես շենքի տակ, որի զայրացած բնակիչներից մեկը շախմատի տախտակը պատուհանից կնետի դուրս։

Իմ կյանքում եղել են նման անբացատրելի դեպքեր։ Բայց ես հակված եմ 80%-ով վերաբերվել դրանց որպես պատահականության ու ընդամենը 20%-ով՝ որպես մի ուժի, որ դեռ չեմ հասկանում։ 

Պատահականություն (80%)

Մենք հարյուրավոր բաների մասին ենք մտածում, ու չենք ֆիքսում այն դեպքերը, որոնք չեն իրականանում։ Բայց երբ հարյուրից մեկն իրականանում է, մենք դա երկար հիշում ենք։

Մի բան, որ չեմ հասկանում (20%)

Հնարավոր է՝ մարդու միտքը փակված չէ իր մարմնում, այլ ալիքի պես տարածվում ու ինչ-որ ազդեցություն է թողնում ոչ միայն իր վրա։ Այսինքն՝ մարդկանց մտքերը գործակցում են ինչ-որ համակարգում։

Գործակցել՝
գործակից լինել, միասին գործ անել:

Ես դա չեմ բացառում։ Մենք այդքան խելացի չենք, որ հասկանանք բացարձակ ճշմարտությունը։ Աշխարհում լիքը բան բացահայտվելու է հետագա սերունդների կողմից։

3. Միտքը՝ որպես օրգանիզմը կարգավորող ծրագիր

Սա այն է, երբ մարդու մտքերն ինչ-որ բան են փոխում ոչ թե իր շրջապատում (օրինակ՝ մարդը մտքով շարժում է գդալը), այլ սեփական մարմնում։

Սրա տակ մտնում է ինքնաբուժությունը։ Սրանով է բացատրվում նաև պլացեբոյի էֆեկտը։

Ես սրան հավատում եմ։

Ուսումնասիրություններ կան, որ մարդը մտքերով ունակ է փոխել իր գեները։ Այսինքն՝ մենք՝ որպես օրգանիզմ, չունենք անփոփոխ ծրագիր, այլ ունակ ենք փոխել մեր «ծրագիրը» մեր կենսակերպով ու մտքերով։

Ես մտքերով հաճախ կարողանում եմ ղեկավարել իմ էներգիան (հոգնածությունը, տրամադրությունը

Շատ հազվադեպ, երբ ես հայտնվում եմ սթրեսային իրավիճակում, դա շատ կարճ է տևում ու չի դառնում դեպրեսիա (սովորաբար հաջորդ առավոտ արդեն լավ եմ)։

Եղել են դեպքեր, երբ փոխել եմ ինքնազգացողությունս (վատ եմ եղել, բայց ինձ համոզել եմ, որ ամեն ինչ լավ է)։

Ինձ համար միտքն առողջ ապրելակերպի ու երիտասարդ լինելու առանցքներից է։

Մտքի ուժը

Ես չեմ կարող գիտականորեն բացատրել մտքի ուժը, բայց հավատում եմ, որ այն կա։

Ես ինձ վրա դա զգացել եմ, ու դա ինձ բավարար է։

Ես միշտ մտքում պահում եմ այն, ինչ ուզում եմ ստանալ կյանքից ու չեմ մտածում այն մասին, ինչն ինձ անհանգստացնում է։

Եթե նման մտքեր լինում են, փորձում եմ արագ վանել, ու 99% դեպքերում ստացվում է։

Ես շատ գոհ եմ իմ կյանքից, ու այդ գոհունակությանը հասել եմ առաջին հերթին իմ մտքերով (որից սկիզբ է առնում մնացած ամեն ինչը)։

Այդ պատճառով ինձ համար առաջնային չէ մտքի ուժի գիտական բացատրությունը։ Ես զգում եմ, որ այն կա, ու օգտագործում եմ։



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: