7 կադր, որոնք փոխել են մտածելակերպս

Հեղինակ՝

Երբեմն մեկ ֆիլմը, գիրքը կամ պատկերը դաջվում են մեր հիշողության մեջ ու փոխում մեր որոշումները։ Ես փորձել եմ հիշել յոթ դեպք, երբ մեկ կադրն ազդել է իմ կյանքի վրա։

1. «Երջանկության հետևից» (The Pursuit of Happiness)

Սա այն պահն է, երբ ֆիլմի հերոսը՝ Քրիս Գարդները, ընդունվում է աշխատանքի ներդրումային ընկերությունում։

Մինչ այդ նա որդու հետ անօթևան է․ նրանք գիշերում են կայարանների զուգարաններում ու անօթևանների կացարաններում։ Ֆիլմի այս տեսարանում ֆիքսված է նրա երկար պայքարի ու համառության արդյունքում ձեռք բերած հաջողության պահը։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ Քրիս Գարդները նախկինում անօթևան էր, իսկ այսօր՝ հաջողակ ներդրող ու մուլտիմիլիոնատեր։

Այս կադրն ինձ հիշեցնում է, որ անգամ ամենածանր իրավիճակը կարող է ժամանակավոր լինել։

2. «Արհեստական բանականություն» (Artificial Intelligence)

Ֆիլմը ռոբոտ տղայի մասին է, որին որդեգրում են մարդկանց ընտանիքում։

Չնայած նա ռոբոտ է, բայց ունի մարդկային զգացմունքներ ու սիրում է իր մորը։ Բայց մի օր հայրը նրան թողնում է տնից հեռու, քանի որ համարում է՝ վտանգավոր։ Տղան երկար փորձում է վերադառնալ տուն, բայց չի կարողանում։

Հազարավոր տարիներ անց նրան գտնում են այլմոլորակայիններն ու վերակենդանացնում։ Նրա մոտ պահպանված մոր մազից նրանք կարողանում են մորը մեկ օրով վերականգնել։

Ֆիլմի այս պահը շատ տխուր է, բայց մի կարևոր բան է հիշեցնում․ մեր սիրելի մարդկանց հետ անցկացրած ժամանակն ամենաթանկն է։

3. Ռոբերտ Ալեն․ «Եկամտի բազմաթիվ աղբյուրներ»

Սա Ռոբերտ Ալենի հայտնի գրքի շապիկն է։ Գրքի բովանդակությունը լավ չեմ հիշում։ Հավանաբար ամբողջությամբ չեմ էլ կարդացել։

Բայց վերնագիրը փոխել է մտածելակերպս այն առումով, որ ուզեցի ֆինանսական անկախության հասնել եկամտի ոչ թե մեկ, այլ բազմաթիվ աղբյուրներ ստեղծելով։

Այդ գաղափարն իմ կյանքի կարևորագույն սկզբունքներից է։

4. «Ուրիշի փողերը» (Other People’s Money)

Ֆիլմի գլխավոր դերում է Դենի Դե Վիտոն։

Ֆիլմը դիտել եմ դպրոցական կամ ուսանողական տարիքում։ Ամենից շատ տպավորվել է մի կադր․ հերոսն իր շքեղ հյուրանոցային համարում հեռուստացույցով հետևում է արժեթղթերի շուկայի տվյալներին։

Հենց այդ կադրից հետո մեջս հետաքրքրություն առաջացավ ֆոնդային շուկայի նկատմամբ։

14 տարի առաջ ես 623 դոլարով գնեցի առաջին միջազգային ընկերության բաժնետոմսերը։ Այսօր ֆոնդային շուկայում ներդրումներն իմ հիմնական զբաղմունքներից է։

5. Երկիրը տիեզերքից«Pale Blue Dot»

Այս լուսանկարն արվել է տիեզերանավից։ Լույսի ճառագայթի մեջտեղում երևացող փոքրիկ կետը Երկիր մոլորակն է։

Այս կադրն իմ վրա երկու ձև է ազդել։

Առաջինը՝ այն հիշեցնում է, թե ինչքան փոքր ենք մենք տիեզերքի մասշտաբով։
Երկրորդը՝ ոգևորում է, թե ինչքան բան կա աշխարհում բացահայտելու։

Երբ հիշում եմ այս կադրը, կյանքն ինձ ավելի հետաքրքիր է թվում (էներգիաս շատանում է)։

6. «Ֆոկուս» (Focus)

Ֆիլմի գլխավոր հերոսը պրոֆեսիոնալ խարդախ է (Ուիլ Սմիթ)։

Մի տեսարանում նա առաջարկում է մեկ այլ՝ չինացի խարդախի մտապահել այդ պահին մարզադաշտում գտնվող ամերիկյան ֆուտբոլի խաղացողներից մեկի համարը։ Եթե իր ընկերուհին գուշակի այդ թիվը, նա կհաղթի խոշոր գումար։

Չինացի խաղացողը մտքում պահում է 55 համարը։

Հերոսի ընկերուհին, որը խաղից տեղյակ չէ, հեռադիտակով նայում է խաղացողներին ու գուշակում է թիվը։

Գաղտնիքը հետևյալն է․ մինչ մարզադաշտ մտնելը 55 թիվը հատուկ ձևով ներմուծվել էր չինացու ենթագիտակցության մեջ (տարբեր վայրերում, իբր պատահաբար, նրան այդ թիվը ցուցադրել էին)։

Այս կադրն ինձ հիշեցնում է, որ մարդկանց որոշումների վրա կարելի է ազդել, ու նրանք դա չեն գիտակցի։

Այս թեմայով գրել եմ «Կամքի ուժ․ ինչպես ղեկավարել սովորությունները» գրքում։ Բերել եմ օրինակներ, թե ինչպես կարելի է ազդել մարդու՝ ծխելու կամ ալկոհոլ օգտագործելու որոշման վրա։

7. «Տուրիստ» (The Tourist)

Այս կադրը ֆիլմի վերջաբանից է։

Ինձ դուր է եկել ֆիլմի հերոսի կերպարը՝ հանգիստ, ինքնավստահ ու խորհրդավոր։

Կադրն ինձ հիշեցնում է, որ կարելի է լինել ազդեցիկ, բայց աննկատ։

📚 2026 թ․ հրատարակվելու են Հրաչյա Մանուկյանի հետևյալ գրքերը՝

  • «Տղամարդիկ ամուսնությունից հետո փոխվում են» (վեպ, հաղթել է evnbookfest մրցույթում)
  • «Ինչպես ձեռք բերել բաժնետոմսեր Հայաստանում» (գիրք սկսնակ ներդրողի համար)

Թողեք Ձեր էլ. հասցեն՝ նախավաճառքի հատուկ պայմանների մասին տեղեկանալու համար։

2026 նոր գրքեր



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: