Իմ աճը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ինքնաարդարացումը

Հեղինակ՝

Մենք միշտ ունենք աճի պոտենցիալ։ Մենք կարող ենք լավացնել մեր ինքնավստահությունը, ֆիզիկական վիճակը, գործնական արդյունքները և այլն։ Բայց որպեսզի աճենք ու ավելի լավը դառնանք, պետք է կարողանանք ինքներս մեզ կողքից տեսնել։

Ինքնազննում

Ինքնազննումն այն է, երբ դու սառը ուղեղով ինքդ քեզ գնահատում ես՝ առանց փորձելու պաշտպանվել, արդարանալ, իրավիճակին` քեզ հարմար ձևով նայել։

Ինքնազննում [գոյական]
ինքն իրեն զննելը, իր մտքերը՝ զգացումները՝ գործունեությունը քննելը՝ դատողաբար վերլուծելը։

Ինքնազննումը մեզ դարձնում է ավելի լավը։ Երբ գրողը ոգևորված նոր տեքստ է գրում, սկզբում այն համարում է հիանալի։ Բայց մի քանի օրից նույն տեքստը նրան թույլ է թվում։ Նա պետք է օրերով (շաբաթներով) խմբագրի տեքստը, մինչև ստանա այն վիճակը, որ ամեն նայելուց իրեն դուր գա։ Ինքնազննումը սեփական անձը խմբագրելու առաջին փուլն է։ Առանց դրա՝ մենք կարող ենք մեզ կատարյալ թվալ։ Մենք հակված ենք մտածելու, որ ամենալավն ենք, բոլորից շատ ենք հասկանում, ամեն ինչ ճիշտ ենք անում։ Խնդիրն այն է, որ մեր արդյունքները հաճախ դա չեն արտացոլում։ Եթե մենք այդքան ճիշտ լինեինք, կյանքից դժգոհելու քիչ պատճառ կունենայինք։ Իսկ եթե այդպես չէ, գուցե մեր մեջ ինչ-որ բաներ չե՞նք տեսնում։

Ինքնազննում` չի նշանակում, որ պետք է հիմա քեզ չսիրես։ Հակառակը, ինքնազննմամբ զբաղվում ես, քանի որ սիրում ես քեզ և ուզում ես լավացնել։ 

Ինքնազննման շնորհիվ ես դառնում եմ ավելի լավ հայր ու ամուսին։ Երբ տանը լարված պահ է լինում, փորձում եմ իրավիճակին նայել կնոջս կամ երեխաներիս աչքերով, ոչ թե ի սկզբանե ինձ ճիշտ եմ համարում։ Խնդրի պատճառը քեզնից դուրս փնտրելը հարմար է, բայց այդպես դանդաղ ես զարգանում։

Ինքնազննումը հեշտացնում է մարդկանց հետ իմ հարաբերությունները։ Երբ կոնֆլիկտ եմ ունենում, փորձում եմ արագ ինձ հանգստացնել (բարկացած/ոգևորված պահերին իրավիճակն արդար չես գնահատում)։ Ու շատ դեպքերում տեսնում եմ իմ սխալը։ Դա օգնում է կոնֆլիկտը ճիշտ լուծել։

Ինքնազննումը լավացնում է աշխատանքս։ Երբեմն ես սենյակ եմ «կանչում» իմ երկրորդ ես-ին (alter ego-ին), որն, իբրև իմ ղեկավար, ինձ հարցնում է՝ 

— ինչո՞ւ սա չես վերջացրել,

— ինչո՞ւ սա լավ չի աշխատում,

— ինչո՞ւ իմ ուզած արդյունքը դեռ չկա, և այլն։

Ես պետք է նրան անկեղծ պատասխանեմ։ Իսկ նա պետք է արդար կերպով  գնահատի փաստարկներս, ոչ թե խղճա ու պաշտպանի ինձ (բայց ոչ էլ լինի դաժան ու խիստ քննադատի)։

Ինքնազննումն ինքնաքննադատություն չէ

Ինքնաքննադատությամբ դու մեղադրում ես քեզ,
վատ ես զգում, որ սխալ բան ես արել։
Իսկ ինքնազննմամբ, հակառակը, ուրախանում ես, որ քո մեջ փոխելու բան գտար ու քեզ կլավացնես։
Կենտրոնանում ես ոչ թե նրա վրա, որ ինչ-որ բան վատ է, այլ նրա վրա, որ ինչ-որ բան շուտով ավելի լավ կլինի։
Ինքնազննումից հետո ինքնաարդարացումն ավարտվում է, ու սկսվում է իրական աճը։




Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: