Երբեմն նորը կառուցելու համար անհրաժեշտ է հինն ամբողջությամբ քանդել

Հեղինակ՝
Նոր կյանք

Երբ փոքր էի, միշտ զարմանում էի, երբ հեռուստատեսությամբ տեսնում էի դրվագներ, թե ինչպես են բազմահարկ շենքերը պայթեցնում: Մի անգամ հայրս բացատրեց, որ այդպես տարածքն են ազատում, որպեսզի հնի տեղում նորը կառուցեն: Ամեն դեպքում երեխայի համար դժվար էր հասկանալ՝ եթե շենքը կա, այդքան աշխատանք և ծախս է կատարվել, ապա ինչո՞ւ այն չվերանորոգել, չձևափոխել, ինչո՞ւ է պետք քանդել և նորից կառուցել: Անցան տարիներ և ավելի ուշ հասկացա միայն, որ երբեմն հնարավոր չէ հնի վրա նորը կառուցել, քանի որ այդպես հիմքում շարունակում է մնալ հինը:

Երբեմն մենք կառուցում ենք մեր կյանքը` հասնելով որոշակի մակարդակի, բայց հետո գիտակցում ենք, որ ինչ-որ բան այն չէ, «ծուռ ենք» կառուցել, հարմարավետ չէ, «մեր շենքը» չէ, բայց քանի որ այդքան աշխատանք է արված, շարունակում ենք հնի վրա «նոր հարկեր» ավելացնել: Պատճառներից մեկը, թե ինչու չի ստացվում կառուցել այն շենքը, որն ուզում ենք, այն է, որ երբ «շինարարությունը» նոր ենք սկսում, բավարար փորձ չունենք, հմուտ չենք: Մենք սկսում ենք կառուցել այնպես, ինչպես ուրիշները՝ հետևելով նրանց, փորձելով կուրորեն կրկնօրինակել: Սակայն ավելի ուշ հասկանում ենք, որ ստացված արդյունքը «մերը չէ»: Գալիս է մի պահ, երբ որոշում ենք շենքը ձևափոխել, կյանքը փոխել: Սկսում ենք շենքը վերանորոգել: Բայց որքան էլ վերանորոգենք, հիմքը մնում է նույնը, զգալի փոփոխություն չենք զգում, կրկին շարունակում ենք մնալ մեր սովորությունների, մտածելակերպի, շրջապատի, կենցաղի հետ: Այդ ժամանակ են մեզնից ոմանք գիտակցում, որ եթե լուրջ փոփոխություններ են ուզում, հնի վրա նորը կառուցելը լուծում չէ. պայթյուն է անհրաժեշտ. անհրաժեշտ է հինը գետնին հավասարեցնել, և տեղում նորը կառուցել:

Մի պատմություն եմ լսել մի հնդիկ գործարարի մասին, ով մեծ ընկերություն ուներ, որտեղ երկու հարյուրից ավել մարդ էր աշխատում: Բայց մի օր նա հասկանում է, որ այլևս չի ցանկանում գործարար լինել: Նա հանձնում է իր ընկերությունը ընկերներից մեկին, լքում է քաղաքը՝  իր հետ գրեթե ոչինչ չվերցնելով, և սկսում է երկրով մեկ շրջել: Նա նոր մարդկանց է հանդիպում, նոր փորձի է ձեռք բերում և ժամանակի ընթացքում սկսում է հետաքրքրվել յոգայով: Մի քանի տարի անց նա բացում է յոգայի իր դպրոցը: Եվս մի քանի տարի անց այն դառնում է երկրի լավագույն յոգայի դպրոցներից մեկը, իսկ նա՝ յոգայի ճանաչված ուսուցիչ և բազմաթիվ հետևորդների առաջնորդ: Դա այն էր, ինչ նա ուզում էր: Սակայն մինչև նա հինը չպայթեցրեց  և զրոյից չսկսեց, չգտավ ներդաշնակություն կյանքի հետ:

Երբեմն մենք ապրում ենք կանոններով, որոնք թելադրված են հասարակության կամ մեր նեղ շրջապատի կողմից: Մենք կառուցում ենք մի բան, որի հիմքը մերը չէ: Իսկ երբ գիտակցում ենք դա, ուշ է  լինում, քանի որ այդքան աշխատանք է արվել:  Սակայն եթե լուրջ փոփոխություններ ենք ուզում, և չի ստացվում հնի վրա նորը կառուցել, պետք է հինն ամբողջությամբ քանդել, գետնին հավասարեցնել և տեղում նորը՝ մերը կառուցել:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: