Երբեմն նորը կառուցելու համար անհրաժեշտ է հինն ամբողջությամբ քանդել

Փոքր տարիքում զարմանում էի, երբ հեռուստատեսությամբ տեսնում էի կադրեր, թե ինչպես են բազմահարկ շենքերը պայթեցնում: Մի օր հայրս բացատրեց, որ այդպես տարածք են ազատում, որ հնի տեղում նորը կառուցեն: Ամեն դեպքում երեխայի համար անհասկանալի է՝ եթե շենքը կա, այդքան աշխատանք ու ծախս է արվել, ապա ինչո՞ւ չվերանորոգել, չձևափոխել, ինչո՞ւ է պետք քանդել ու նորից կառուցել: Անցան երկար տարիներ ու հասկացա, որ երբեմն հնարավոր չէ հնի վրա նորը կառուցել, քանի որ այդպես հիմքում շարունակում է մնալ հինը:
Երբեմն մենք «կառուցում ենք» մեր կյանքը` հասնելով որոշակի մակարդակի, բայց հետո գիտակցում ենք, որ ինչ-որ բան այն չէ, մեր ուզած «շենքը» չէ: Բայց քանի որ այդքան աշխատանք է արված, շարունակում ենք հնի վրա «նոր հարկեր» ավելացնել: Պատճառներից մեկը, թե ինչու չի ստացվում կառուցել մեր ուզած շենքն, այն է, որ «շինարարությունը» սկսելիս հաճախ բավարար փորձ չենք ունեցել, որ ճիշտ պլան կազմենք, ու այնքան հմուտ չենք եղել, որ հենց սկզբից ամեն ինչ ճիշտ կառուցենք: Մենք սկսում ենք կառուցել այնպես, ինչպես ուրիշները՝ հետևելով նրանց, փորձելով կուրորեն կրկնօրինակել: Սակայն ավելի ուշ հասկանում ենք, որ ստացված արդյունքը «մերը չէ»: Գալիս է մի պահ, երբ որոշում ենք շենքը ձևափոխել (կյանքը փոխել): Սկսում ենք շենքը վերանորոգել: Բայց որքան էլ վերանորոգենք, հիմքը մնում է նույնը, զգալի փոփոխություն չենք զգում, կրկին շարունակում ենք մնալ մեր սովորությունների, մտածելակերպի, շրջապատի, կենցաղի հետ: Այդ ժամանակ են մեզնից ոմանք գիտակցում, որ եթե լուրջ փոփոխություններ ես ուզում, հնի վրա նորը կառուցելը լուծում չէ. պայթյուն է անհրաժեշտ․ անհրաժեշտ է հինը հավասարեցնել գետնին, և տեղում նորը կառուցել:
Հաճախ մենք ապրում ենք կանոններով, որոնք թելադրված են հասարակության կամ մեր նեղ շրջապատի կողմից: Մենք կառուցում ենք մի բան, որի հիմքը մերը չէ: Իսկ երբ դա գիտակցում ենք, ուշ է լինում։ Ստիպված շարունակում ենք, քանի որ այդքան աշխատանք է արվել: Սակայն եթե լուրջ փոփոխություններ ենք ուզում, և չի ստացվում հնի վրա նորը կառուցել, պետք է հինն ամբողջությամբ քանդել, գետնին հավասարեցնել ու տեղում նորը՝ մերը կառուցել: