Ինքնավստահության գաղտնիքը
Կար ժամանակ, երբ ես կարծում էի, թե ինքնավստահությունը մի բան է, որ պետք է ուրիշները տեսնեն: Հետո հասկացա, որ ինքնավստահությունը մի բան է, որը պատկանում է քեզ և ընդհանրապես կարևոր չէ՝ կտեսնեն ուրիշները դա, թե ոչ:
Ես միշտ չէ, որ իմ վրա վստահ եմ եղել: Ընդհակառակը, կյանքիս մեծ մասը ես ինքնավստահության պակաս եմ ունեցել: Պատճառն այն է, որ ես չեմ հասկացել, թե ինչպես է ինքնավստահությունն առաջանում: Հավանաբար կարծել եմ, թե դա մի բան է, որ ծնված օրվանից կամ կա, կամ չկա: Պարզվեց` այդպես չէ։ Երբ ինքնավստահության գաղտնիքը հասկացա, այդ օրվանից ես այն երբեք չեմ կորցրել:
Ինքնավստահության գաղտնիքը պատրաստված լինելն է
Դու ինքնավստահ ես, երբ գիտես, որ, տվյալ իրավիճակում հայտնվելով, կկողմնորոշվես, քանի որ բավականաչափ փորձ և գիտելիք ունես, բավականաչափ պատրաստ ես: Մարզիկի ինքնավստահության զգացումը գալիս է նրանից, որ նա գիտի, թե ինչի է ունակ, և պարտադիր չէ, որ դա ուրիշներն իմանան: Ֆինանսապես անկախ մարդը ինքնավստահ է, քանի որ գիտի, որ պատրաստ է գումար աշխատել, հետևաբար՝ կարող է իրեն թույլ տալ նաև ծախսել: Մարդը, ով բավարար բժշկական գիտելիքներ ունի, ավելի վստահ է բժշկի սենյակ մտնում, քանի որ պատրաստ է ընկալել այն, ինչ բժիշկը նրան ասելու է: Երիտասարդներն ավելի վստահ են բանկ այցելում, քան տարեցները, իսկ տատիկն ավելի վստահ է նորածնի խնամքի հարցում, քան երիտասարդ մայրիկը:
Շատերն իրենց կյանքի ողջ ընթացքում անհարմարություններ են ունենում, քանի որ ինքնավստահ չեն: Մի մասին թվում է, թե դա բնավորություն է և դրա հետ ոչինչ չես կարող անել: Այդպես չէ: Ինքնավստահությունը կարելի է զարգացնել՝ պատրաստվելով: Ինքնավստահ մարդն ամենուր չէ, որ ինքնավստահ է. նա ինքնավստահ է այնտեղ, որտեղ պատրաստ է: Մարզիկը կամ գործարարն իրենց ինքնավստահ չեն զգա ատոմային պայթյունի ժամանակ, եթե դրան պատրաստ չեն: Գեղեցիկ հարդարված կինն իրեն վստահ է զգում փողոցում քայլելիս, սակայն իրեն այդպիսին չի զգա, երբ նրա պայուսակը փորձեն գողանալ։ Ինքնավստահ վարորդը կորցնում է ինքնավստահությունը, երբ վթարի մեջ է հայտնվում. այդ սցենարին նա պատրաստ չէր։
Ինքնավստահությունը Ձեզ է պատկանում. կարիք չկա դրանով ուրիշների հետ կիսվել:
Ինքնավստահության գաղտնիքը պատրաստված լինելու մեջ է: Եթե ուզում եք ինքնավստահ լինել, առանձնացրեք Ձեր կյանքի այն ոլորտները, որտեղ ինքնավստահ լինելը Ձեզ համար կարևոր է: Առանձնացնելուց հետո՝ պատրաստվեք: Պատրաստվեք հոգեբանորեն, ունակություններ զարգացրեք, քայլեր կատարեք, փորձեք։ Պատրաստվելուն զուգահեռ կզգաք, թե ինչպես է ինքնավստահությունն աճում: Իսկ երբ այդ զգացումն ամբողջությամբ յուրացնեք, կգիտակցեք, որ այն միայն Ձեզ է պատկանում. կարիք չկա դրանով ուրիշների հետ կիսվել: