Մի փոքրն էական է

Հեղինակ՝

Ես նկատել եմ, որ մարդկանց, ովքեր կյանքի որևէ ոլորտում զգալի արդյունքներ ունեն և մարդկանց, ովքեր «սովորական» արդյունքներ ունեն, իրարից բաժանում է ինչ-որ բանի (կամ մի քանի բաների) մի փոքր տարբերությունը:

Իրականում շատերը կարծում են, թե խելացի և ոչ այնքան խելացի, հաջողակ և ոչ այնքան հաջողակ, ուժեղ և ոչ այնքան ուժեղ մարդկանց միջև սարերի և ձորերի տարբերություն կա: Չեմ կարծում, թե այդպես է: Մարդկանց, ովքեր տարբեր արդյունքներ ունեն, տարբերում է ոչ թե ինչ-որ բանի զգալի ավելցուկը կամ պակասորդը, որը նրանց մոտ եղել է ի սկզբանե (օրինակ՝ մեկը շատ խելք է ունեցել, մյուսը՝ ոչ, մեկը ինչ-որ հատկանիշ է ունեցել, մյուսը՝ ոչ), այլ ինչ-որ բանի մի փոքր տարբերությունը, որը միայն ժամանակի ընթացքում է կուտակվել և ձնագնդի աճման սկզբունքով զգալի արդյունք է տվել:

Ամենախելացի մարդիկ ամեն օր մի փոքր ավել են սովորում: Գործարարներն ամեն օր մի փոքր ավել են փորձում: Նա, ով կյանքի հարվածներին ավելի լավ է դիմանում, մի փոքր այլ մտածելակերպ ունի: Նա, ով այսօր ամենահավասարակշռվածն է, ժամանակին մի փոքր ավել է լռել: Նա, ում այսօր հեռուստատեսությամբ եք տեսնում, ոչ թե ավելի տաղանդավոր է, այլ ամեն օր մի փոքր ավել է աշխատում, մի փոքր շատ է փորձում, հիասթափությունից հետո մի փոքր շուտ է վերականգնվում, մի փոքր քիչ է ավելորդ բաների վրա ժամանակ ծախսում, և այլն, և այլն:

Մի փոքրն էական է: Էական է մի փոքր աճն ամեն օր: Եթե այսօր  ինչ-որ բան եք անում, իսկ վաղն անում եք նույնը, մյուս օրը՝ նույնը, հաջորդ օրը՝ նույնը, և այդպես շարունակ, ապա լավ արդյունքներ մի ակնկալեք: Եթե այսօր ինչ-որ բան եք անում, մեկ շաբաթ հետո անում եք մի փոքր ավել, ևս մեկ շաբաթ հետո ևս մի փոքր ավել, ապա լավ արդյունքներ գրեթե մի ակնկալեք կամ ակնկալեք շատ ուշ: Հաղթող տարբերակն այն է, երբ մի փոքրի սկզբունքը կիրառում ես ամեն օր. այսօր ես իմ հնարավորությունները մի փոքր ընդարձակեցի, մի փոքր փոխվեցի, մի փոքր ավելի շատ փորձեցի, մի փոքր ավել կրթվեցի, մի փոքր ավելին հաղթահարեցի, մի փոքր ավել հարմարվեցի,  մի փոքր ավել ազատվեցի, մի փոքր ավել տրամադրվեցի,  մի փոքր ավել շտկեցի:

Բայց որպեսզի մի փոքրն արդյունք տա, պետք է նաև մի փոքր համբերատար լինել: Ձեզ պետք է գայթակղի ոչ թե զգալի աճը կարճ ժամանակում, այլ մի փոքր տարբերությունը երեկվա համեմատ: Այս մարտավարությունն ինչ-որ պահի զգալի արդյունք կտա, և երբ հետ նայեք, կտեսնեք, որ մյուս մարդկանցից, ում հետ տարիներ առաջ նույն եզրագծից եք սկսել, Ձեզ բաժանում է ոչ թե ինչ-որ բանի զգալի տարբերությունը, այլ այն, որ Դուք մի փոքր ավել համառությամբ և մի փոքր ավել համբերատարությամբ արդեն երկար ժամանակ է ինչ-որ մի բան մի փոքր այլ կերպ եք անում:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: