3 սխալ, որ ծնողները թույլ են տալիս

Հեղինակ՝

Երբ մենք երեխա էինք, բաներ կային, որոնք մեզ դուր չէին գալիս: Օրինակ՝ երբ ծնողը համեմատում էր մեզ այլ երեխայի հետ, կամ ինչ-որ կերպ սահմանափակում էր մեր ազատությունը, կամ զգում էինք, որ մեր խոսքին այնքան մեծ կարևորություն չեն տալիս:

Զարմանալի է, բայց, մեծանալով, մենք նույն կերպ վարվում ենք մեր երեխաների հետ:

«Երեխա է, ոչինչ, կմեծանա, կապրի այնպես, ինչպես ցանկանա». մտածում ենք շատերս:

Ես դրա հետ համաձայն չեմ: 4-5 տարեկանից սկսած երեխային պետք է վերաբերվել որպես հասուն մարդու, ով մեզ հավասար է: Ես այդպես եմ վարվում և դա անում եմ ոչ թե արհեստականորեն, այլ գիտակցում եմ, որ դիմացս լիարժեք մարդ է, ով իր կյանքն ունի:

Կան դաստիարակության մի քանի կետեր, որոնք որոնք ընդունված են, սակայն ես փորձում եմ երեխաներիս հետ այդպես չվարվել: Մտքերովս սիրով կկիսվեմ Ձեզ հետ:


«Երբ լավ բալիկ դառնաս …»

«Երբ լավ բալիկ դառնաս, մայրիկը քեզ համար այս բանը կգնի», «Երբ լավ բալիկ դառնաս, հայրիկը քեզ համար այսինչ բանը կանի», «Երբ լավ բալիկ դառնաս, քեզ լավ տեղեր կտանենք»:

Նման արտահայտությունները երեխայի մոտ թերի լինելու զգացում են առաջացնում: Երեխան տեսնում է, որ ծնողն իրենից ավել սպասումներ ունի, և այդ սպասումներին նա դեռ չի բավարարում: Նա զգում է, որ իր մոտ ինչ-որ բան պակաս է: Եվ երբ իրավիճակներ են առաջանում, երբ երեխան պետք է նոր բան փորձի, նոր քայլ կատարի, նրա մոտ կարող է անվստահություն առաջանալ. «Արդյո՞ք այն, ինչ անում եմ, կբավարարի ծնողներիս, արդյո՞ք նրանք ինձնից գոհ կլինեն»:

երբ լավ բալիկ դառնաս

Հասուն տարիքում, երբ աղջիկն ու տղան ընտանիք են կազմում, մեկին դուր չի գալիս, երբ մյուսն իրեն չի ընդունում այնպիսին, ինչպիսին նա կա, այլ փորձում է փոխել, անընդհատ նկատողություններ է անում (ինչն ավելորդ լարվածություն է ստեղծում):

Նույն կերպ մենք վարվում ենք մեր երեխաների հետ, երբ սպասում ենք, որ նրանք «ավելի լավ բալիկ» լինեն: Երեխան իրեն զգում է որպես մեկը, ով միշտ ինչ-որ մեկից հետ է, իսկ այդ մեկը ծնողի՝ «լավ երեխայի» մասին ունեցած պատկերացումներն են:

Պետք չէ երեխային անընդհատ ինչ-որ բան ասել, որպեսզի նա փոխվի։ Հասուն տարիքում մենք նույնպես գիտակցում ենք, որ մեր լավագույն տարբերակը չենք, որ պետք է անընդհատ աճենք, փոխվենք, ավելի լավը դառնանք: Բայց այդ մասին ոչ ոք մեզ պարբերաբար չի հիշեցնում, և դա չի խանգարում մեզ աճել: Մենք աճում ենք՝ հենվելով սեփական գիտակցության վրա: Նման հնարավորություն պետք է տալ նաև երեխային։


«Ծնողը քեզ համար այդքան բան է արել…»

Զարմանալի է, բայց մենք կարծում ենք, թե մեր երեխաները մեզ պարտք են: Շատերը դա չեն բարձրաձայնում, բայց ծնողների մեծամասնության մոտ այդ զգացումը կա: Չէ՞ որ այդքան անքուն գիշերներ ենք անցկացրել, աշխատանքի վայրում այդքան չարչարվել ենք, մեր ժամանակից (կյանքից)  «զոհաբերել ենք», և այլն, և այլն: Շատ ծնողներ իրենց երեխաներին հիշեցնում են այդ մասին հասուն տարիքում:

ծնող, երեխա, պարտք

Երբ սերը և խնամքը նվիրում ես, դա քեզ մոտ չպետք է առաջացնի «պարտքով տալու» զգացողություն կամ «պարտքի վերադարձի» ակնկալիք: Նվերը հետ չեն ուզում, իրական նվերի դիմաց այլ նվեր չեն ակնկալում: Երբ նվերը սեփական երեխային է արված, առավել ևս: Մենք դա անում ենք, որովհետև լավ ծնող ենք, որովհետև ուզում ենք աշխարհին ինչ-որ բան նվիրել, ինչպես աշխարհն է մեզ նվեր արել՝ հնարավորություն տալով լինել:

«Լավություն արա, գցիր ջուրը» /ժող. ասացվածք/

Ես երբեք չեմ մտածի (առավել ևս՝ չեմ արտահայտվի), որ երեխաներս իմ հանդեպ որևէ պարտավորություն ունեն, քանի որ ես ծնող եմ եղել: Ես չեմ սպասում, որ ծեր հասակում նրանք իմ մասին հոգ տանեն միայն այն պատճառով, որ մանուկ հասակում ես եմ նրանց մասին հոգ տարել։ Ես չեմ ուզում, որ նրանք պարտքի զգացողությամբ ապրեն։ Ծնող լինելը ոչ թե պարտականություն է, այլ կյանքի փորձ, որը մեզ ավելի լավն է դարձնում, սովորեցնում է, հնարավորություն է տալիս օգտակար լինել: Մեր երեխաները մեզ պարտք չեն:


«Իրավունք չունես ծնողի վրա ձայն բարձրացնել…»

Կար ժամանակ, երբ մարդիկ ստրուկներ էին պահում, և դա համարվում էր քաղաքակրթության մի մաս: Կար ժամանակ, երբ կինը համարվում էր ոչ այնքան կարևոր, որքան տղամարդը (շատ երկրներում մինչև հիմա էլ այդպես է): Կար ժամանակ, երբ «ոչ այնքան կարևոր» էին համարվում սևամորթները կամ մարդկության` նեղ աչքերով ներկայացուցիչները:

Ես համոզված եմ, որ մի օր մարդկությունն այնքան կզարգանա, որ պատմություն կդառնա նաև ժամանակաշրջանը, երբ երեխան չուներ այն իրավունքները, որոնք ունեին ծնողները. երբ ծնողը երեխայի վրա կարող էր բարկանալ կամ հարվածել, իսկ երեխան իրավունք չուներ պատասխանել, երբ երեխան ծնողի կողքը պետք է զգոն լիներ, հաճախ՝ վախենար, նկատողության դեպքում՝ կարմրեր, չընդհատեր, և այլն, և այլն:

ծնող, երեխա, կոնֆլիկտ

Ես իմ երեխաներին թույլ եմ տալիս բարկանալ ինձ վրա, եթե ինչ-որ բան այնպես չեմ արել: Ես թույլ եմ տալիս ինձ պատասխանել, եթե նրանց հետ կոպիտ եմ խոսում: Ես նրանց վերաբերվում եմ ինչպես հասակակիցներիս, ում հետ հավասար իրավունքներ ունենք: Չէ՞ որ հասակակից ընկերները կարող են իրար հետ անկաշկանդ շփվել, երբեմն՝ բարկանալ կամ վիճել: Այդ դեպքում ինչո՞ւ երեխաներս չեն կարող:

Պատճառն այն է, որ մարդիկ սովորաբար խուսափում են չափից ավելի մեծ ազատություն տալ նրան, ով այնքան էլ գիտակից չէ: Երեխային մենք ընկալում ենք որպես մեկը, «ով այնքան էլ գիտակից չէ»: Մենք գիտենք, որ «ոչ այնքան գիտակից» մարդը (օրինակ՝ երեխան կամ հարբած մարդը) կարող է «անցնել սահմանը» և միշտ չէ, որ հնարավոր կլինի դա վերահսկել:

Դրան ավելանում է այն, որ մենք չափից ավելի մեծ արժեք ենք վերագրում սեփական անձին և չափից ավելի փոքր՝ երեխայի անձին («չէ՞ որ մենք կյանքում այդքան բան ենք տեսել, իսկ երեխան կյանքի փորձ դեռ չունի») և արդյունքում գալիս ենք եզրահանգման, որ մենք ունենք իրավունքներ, որոնց երեխան դեռ «արժանի չէ»:

Մենք պետք է մեր երեխային որպես հավասարի վերաբերվենք. նրա կարծիքը նույնքան կարևոր է, որքան մերը:

Ես այս խնդիրը լուծում եմ՝ գիտակից երեխա մեծացնելով:

Ծնողի հետ այսպես կամ այնպես վարվելը պետք է լինի երեխայի որոշումը, այլ ոչ թե նա պետք է վախենա անել դա, քանի որ ծնողի հետ այդպես չեն վարվում՝ առանց հասկանալու, թե ինչու: Պետք է աշխատել երեխայի գիտակցության բարձրացման վրա: Դա մեկ օրվա բան չէ, ոչ էլ մեկ ամսվա: Վերջնական արդյունքը ոչ վաղն է երևալու, ոչ էլ կես տարուց: Բայց ամեն շաբաթ ես զգում եմ աճը նախորդ շաբաթվա հանդեպ:

Ես վստահում եմ իմ երեխաներին և նրանց գիտակցությանը, և հենց այդ վստահությունն է, որ նրանց ավելի գիտակից է դարձնում: Նրանց ավելի գիտակից է դարձնում հավասարության զգացումը ծնողների հետ: Նրանց ավելի գիտակից է դարձնում կարևոր լինելու զգացումը: Նրանց ավելի գիտակից է դարձնում այն, որ իրենց խոսքին լուրջ են վերաբերվում, իրենց որոշումներն ընդունվում են: Նրանց ավելի գիտակից է դարձնում զգացումը, որ իրենք սխալներ թույլ տալու իրավունք ունեն (ինչպես և մեծահասակները): Նրանց ավելի գիտակից է դարձնում այն, երբ նրանք տեսնում են գիտակից ծնողներ, որոնց հետ գիտակից զրույցներ են ունենում, որոնց հետ գիտակից գործեր են անում, որոնց հետ գիտակից կյանք են ապրում:

Ամփոփում

Յուրաքանչյուրն իր երեխային կարող է դաստիարակել այնպես, ինչպես ցանկանա: Հոդվածը որևէ բան չի պարտադրում, և հոդվածի վերնագիրը չի նշանակում, որ մի մոտեցումը սխալ է, մյուսը՝ ճիշտ: Այն, ինչը սխալ է մեկի համար, ճիշտ է մյուսի համար (մեկի կյանքում չկան այն հանգամանքները, որոնք կան մյուսի կյանքում): Բայց ես չեմ կարող չկիսվել իմ և երեխաներիս փորձով, որից մենք գոհ ենք, քանի որ ինչ-որ մեկի համար դա կարող է օգտակար լինել, մտածելու, վերլուծելու առիթ տալ:
 



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: