3 բան, որ երեխային պետք է սովորեցնել

Հեղինակ՝
Ինչ սովորեցնել երեխային

Երբ երեխան դառնում է 3-4 տարեկան, ծնողները սկսում են ավելի լուրջ մոտենալ նրա զարգացմանը: Սակայն այնքան օգտակար բան կա, ինչով կարելի է երեխայի հետ զբաղվել՝ անգլերեն սովորեցնելուց, մաթեմատիկական տրամաբանությունը զարգացնելուց մինչև հիշողության վարժություններ, աշխարհագրական տարրական գիտելիքներ, ստեղծագործություններ, երաժշտություն: Ավելորդ է խոսել սպորտի մասին՝ լո՞ղ, թե՞ պար, մարմնամարզությո՞ւն, թե՞ շախմատ, արևելյան մարզաձևե՞ր, թե՞ ֆուտբոլ: Այն, որ երեխան պետք է սպորտով զբաղվի, ինձ համար ակնհայտ է, սակայն այդ մասին մտորումներովս հետագա հոդվածներից մեկում կկիսվեմ: Իսկ այս մեկում ուզում եմ խոսել երեխայի զարգացման մասին՝ սպորտը չներառելով:

Որպես հայր՝ այս հարցերը ինձ ևս հետաքրքրում են, և ես նույնպես ընտրության առաջ եմ:  Որոշակի ընտրություն ես արդեն կատարել եմ, և չնայած նրան, որ այդ հարցում փոփոխություններ (զարգացում) անընդհատ լինում է, ուզում եմ նշել այն երեք կարևոր բաները, որոնք իմ երեխաներին փոխանցում եմ:

1. Խնդիրը լուծել՝ օգտագործելով ձեռքի տակ եղածը

Ժամանակներն ու հանգամանքները կյանքում անընդհատ փոխվում են: Փոխվում են նաև «գործիքները», որոնք մենք օգտագործում ենք խնդիրներ լուծելու համար: Կորոնավիրուս, միջուկային պատերազմ, գլոբալ տաքացում և աղետներ, քաղաքական փոփոխություններ, աշխատանքի կորուստ, ֆինանսական համակարգի ճգնաժամ, այլ փոփոխություններ մեր ապրելակերպում. մարդն այս ամենին պետք է թեթև վերաբերվի, ընդունի իրավիճակը և առանց լուրջ դժվարությունների և հոգեկան ապրումների կյանքը շարունակի նոր պայմաններում: Շատ կարևոր է երեխային սովորեցնել կողմնորոշվել տվյալ իրավիճակում, խնդիրները լուծել՝ օգտագործելով ձեռքի տակ եղածը, օգտվել այն հնարավորություններից, որոնք կան:

Առօրյա մեր գործողություններով մենք պետք է օգնենք երեխային ձևավորել ճկուն մտածելակերպ.

  • Եթե հնարավոր չէ զբոսնել այգում, երեխան պետք է հասկանա, որ այգին կարելի է «տեղափոխել» տուն,
  • Եթե ձեռքի տակ մատիտներ չկան, կարելի է նկարել ածուխի կտորով կամ կիսայրված լուցկու հատիկով,
  • Եթե խաղալիքներ չկան, կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած փայտերը, սպասքը, տարբեր այլ իրեր, և հետաքրքիր խաղեր ստանալ:

Կարելի է հին հագուստից նորը կարել, նկարչական թղթից տարբեր պատկերներ կտրել, կարելի է ոչ թե բանաստեղծություններն անգիր անել, այլ հորինել, կարելի է տանը եղած սակավ սննդամթերքից համեղ ուտեստներ պատրաստել, կարելի է մահճակալներն, աթոռներն ու ծածկոցներն օգտագործել ամրոց կառուցելու համար: Տարբեր խնդիրներ լուծելիս երեխան պետք է ոչ թե մտածի ընդունված տարբերակների շրջանակում, այլև մտածի սեփական տարբերակները՝ օգտագործելով ձեռքի տակ եղածը: Դա հետագայում կօգնի երեխային կյանքի տարբեր իրավիճակներում ավելի արագ կողմնորոշվել:

2. Պատասխանատվությունն իր վրա վերցնել

Շատերը, նույնիսկ հասուն տարիքում, խուսափում են սեփական կյանքի պատասխանատվությունն ամբողջությամբ իրենց վրա վերցնելուց, քանի որ չեն մարզվել դրան փոքրուց: Առօրյա իրավիճակներում երեխան սովորաբար հույսը ծնողների վրա է դնում, քանի որ հակառակ փորձը չունի: Երեխայի համար պետք է անընդհատ ստեղծել իրավիճակներ, երբ որևէ խնդրի լուծման պատասխանատվությունը նրա վրա է: Այդ իրավիճակները չպետք է «մանկական» լինեն. դրանք պետք է լինեն առօրյա իրավիճակներ կյանքից, որոնց առնչվում են մեծահասակները: Օրինակ՝ երեխան կարող է խնամել բույսերը, մաքրել սառնարանը, լողացնել եղբորը (քրոջը), հավաքել սենյակը, դասավորել խաղալիքները (սեփական որոշմամբ), ունենալ սեփական գրապահարանը և հետևել դրան, պատրաստվել հյուրեր ընդունելուն, տարբեր այլ խնդիրներ լուծել: Երեխային  այդ ամենը  պետք է ոչ թե ստիպել կամ համոզել, այլ պետք է այնպես անել, որ նա ինքը հետևի Ձեզ, և նրա մոտ նման ցանկություն առաջանա: Դուք պետք է հնարավորություն տաք նրան տարբեր բաներ փորձել, ապա որոշ բաների պատասխանատվությունը նրան փոխանցեք:

Երեխան հեշտությամբ կարող է կեղտոտ կոշիկներով մտնել տուն, սենյակով մեկ շաղ տալ խաղալիքները, սակայն նա չի անի դա և ուրիշներին թույլ չի տա անել, եթե սենյակն ինքն է մաքրել:

3. Մեծ մտածել

Սովորաբար մենք մտածում ենք նեղ, և երեխան հետևում է մեզ: Այն, ինչ երեխան սովորաբար տեսնում է, խաղերն են, խաղալիքները և ծնողների աշխատանքը: Մանկապարտեզների և դպրոցների մեծ մասը, կարծում եմ, նույնպես չեն ապահովում երեխաների լայն մտածողությունը, քանի որ նույնիսկ, երբ նրանք տալիս են գիտելիք, չեն տալիս խորը հասկացողություն և աշխարհը բացահայտելու խանդավառություն: Որոշ մարդիկ սկսում են մեծ մտածել, պատկերացնում են մարդու հնարավորությունները և աշխարհի իրական սահմանները, երբ հասունանում են և սկսում են ինքնուրույն ուսումնասիրել:

Երեխան պետք է ստանա գիտելիք, բայց նաև պետք է ստանա հետաքրքրասիրություն և երազանք: Նրա երազանքը չպետք է լինի դպրոց ընդունվելը կամ դպրոցում լավ սովորելը. երազանքն ավելի հեռավոր կետ պետք է լինի: Մենք երեխային պատմում ենք այն մասին, թե ով նա կարող է դառնալ (հրշեջ, բժիշկ կամ ոստիկան), բայց հազվադեպ ենք պատմում, թե ինչ նա կարող է ունենալ, ինչ փոփոխություններ կարող է անել, ինչպես կարող է կարևոր լինել: Երեխան գիտի, թե ինչ է կատարվում բակում, բայց պետք է իմանա նաև, թե ինչ է կատարվում աշխարհում:

Մենք երեխային սովորեցնում ենք մայրաքաղաքները, բայց չենք պատմում, թե ինչպես են մարդիկ այդ մայրաքաղաքներում ապրում: Մենք ուրախանում ենք, երբ երեխան բանաստեղծություն է սովորում և արտասանում,  բայց չենք պատմում հետաքրքիր պատմություններ այն մասին, թե ինչպես է բանաստեղծը, իր ծննդից հարյուր տարի առաջ, սենյակում փակված այդ բանաստեղծությունը գրել, նրա մոտ չենք առաջացնում հետաքրքրություն, թե ինչու են մարդիկ գրում: Երեխան պետք է պատկերացում ունենա, թե ինչպես են իրեն շրջապատող իրերը ստեղծվել: Նա պետք է հետաքրքրվի հանճարների կյանքով՝ անուններ և ամսաթվեր անգիր անելու փոխարեն:

Եթե կարծում եք, թե երեխայի գիտակցությունը պատրաստ չէ նման թեմաների, ապա մեկ ամիս փորձեք: Ես համոզված եմ, որ պատրաստ է: Գաղտնիքը ներկայացման ձևի և չափաբաժինների մեջ է: 3-4 տարեկանից սկսած՝ երեխայի ուղեղը բաց է ցանկացած ինֆորմացիա ընդունելու համար, երեխայի ընկալումը շատ պարզ է, նրա մաքուր գիտակցության մեջ կարելի է այնպիսի կարևոր սերմեր դնել, որոնք հետագայում ինքը կաճեցնի և կզարգացնի:  

Այլ գիտելիքներ

Իհարկե, շատ այլ գիտելիքներ կան, որոնք կարելի է երեխային փոխանցել: Բայց ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ «գիտունիկ» դարձնելուց առաջ երեխային սովորեցնել ապրել (չվերաբերվելով «ապրել» բառին գոյատևելու իմաստով): Հիմքում պահելով դա՝ երեխային կարելի է և՛ լեզուներ սովորեցնել, և՛ մաթեմատիկական մտածելակերպը զարգացնել, և՛ երևակայության հետ աշխատել, և՛ երաժշտական կամ այլ «տաղանդներ» զարգացնել: Նաև կարծում եմ, որ երեխան պետք է շատ բաներ փորձի: Սկզբում պետք է երեխային ինչ-որ բանով հետաքրքրել, ապա անպայման փորձել: Տեսականից միշտ պետք է անցնել գործնականի: Երեխային պետք է վստահել: Վստահությունը կայանում է նրանում, որ չպետք է երեխայի կյանքին շատ միջամտել: Պարզապես հարկավոր է որոշակի տարիքում նրա գիտակցության մեջ որոշակի սերմեր ցանել:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: