Ինչից սկսել ինքնակրթությունը

Հեղինակ՝

Կան բաներ, որոնք մեր կյանքում կարևոր են՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում:

Դրանք են՝ մեր՝ 

  • առողջությունը,
  • ժամանակը,
  • մարդկանց հետ հարաբերությունները,
  • ֆինանսները,
  • էներգիան (տրամադրությունը),
  • նպատակները և ձգտումները,
  • աշխատանքը,
  • ներաշխարհը (ինքդ քեզ հասկանալը), և այլն, և այլն:

Այն, ինչ սովորում ենք դպրոցում կամ համալսարանում, առավելապես ազդում է մեր աշխատանքի վրա (մնացածի վրա՝ աննշան): Դպրոցը նախապատրաստում, իսկ համալսարանը պատրաստում է որևէ բանի մասնագետ (դա այն է, ինչի կարիքն ունի պետությունը):

Երբ հույսդ դնում ես միայն ավանդական կրթության վրա, բաց ես թողնում կրթությունդ կյանքի մյուս կարևոր ոլորտներում:

Դպրոցում կամ համալսարանում չես սովորում, թե ինչպես լինել ավելի առողջ, ճիշտ ղեկավարել ժամանակդ, ճանաչել մարդկանց, ինքնավստահություն ձեռք բերել, նպատակներ դնել:

Մարդկանց զգալի մասը, նույնիսկ եթե ինքնակրթվում է, դա անում է միայն աշխատանքի (մասնագիտության) մեջ: Ես զգացել եմ, որ մեր երջանկությունը և կյանքից գոհունակությունը կախված չէ մեկ բանից, մասնավորապես՝ աշխատանքից: Եթե անընդհատ վիճում ես գործընկերներիդ հետ կամ առողջ չես, լավ աշխատանքը քեզ չի երջանկացնի: Եթե չես գիտակցում քո արժեքը, ինքնավստահություն չունես կամ չգիտես, թե կյանքում ինչ ես ուզում, աշխատանքը քեզ չի երջանկացնի:

Ինքնակրթությունն ավելի կարևոր է, քան բարձրագույն կրթությունը. այն քեզ անընդհատ կբարձրացնի:

Հրաչյա Մանուկյան

Ինքնակրթությամբ մենք ստանում ենք այն գիտելիքը, որը պետք է կոնկրետ մեզ, ոչ թե պետությանը, գործատու կազմակերպությանը կամ որևէ այլ համակարգի: Պետությանը կամ քո կազմակերպությանը չի հետաքրքրում, թե ինչ տրամադրությամբ ես արթնանում, ինչպես ես սնվում, ինչպիսի հարաբերություններ ունես ընտանիքիդ կամ ընկերներիդ հետ:

Ինչ գիտելիք ստանալ

Ինքնակրթությունը, որը ես առաջարկում եմ, պետք է  սկսվի (բայց չսահմանափակվի) հետևյալ ոլորտներում գիտելիք ստանալուց՝

  • առողջություն
  • ժամանակի կառավարում
  • հոգեբանություն
  • անձնային շփում
  • անձնային աճ
  • ֆինանսական գրագիտություն

Եկեք դիտարկենք այս ոլորտներից որևէ մեկը, օրինակ՝ ֆինանսական գրագիտությունը:

Միջին վիճակագրական մարդը ֆինանսների մասին գիտի այն, ինչ լսել է ընտանիքում կամ շրջապատում: Մարդկանց մեծ մասն ամբողջ օրն աշխատում է ոչ թե իր հաճույքի, այլ փող վաստակելու համար: Տրամաբանական չէ՞, որ պետք է ավելի լավ հասկանաս փողը: Նույնը վերաբերվում է սննդին, մարդկանց հետ շփմանը և այլն, և այլն:

Նկարը «Երբ հասուն դարձա» գրքից

Փնտրեք անհրաժեշտ թեմային վերաբերվող հոդվածներ և գրքեր: Մի փորձեք գտնել կատարյալ գիրք (նյութ). սկսեք որևէ գրքից, որը համացանցում ունի որոշակի դրական կարծիքներ: Ինքնակրթությունը մեկ գրքով չի որոշվում (ավարտվում): Դուք պետք է շարունակաբար կրթվեք, և ժամանակի ընթացքում կսովորեք ինքներդ գտնել ճիշտ գրքեր: Օրինակ, ֆինանսական գրագիտության ոլորտում ինձ ժամանակին ոգեշնչել է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը, բայց դա չի նշանակում, որ դա լավագույն գիրքն է (չէ՞ որ ես չեմ ընթերցել այդ թեմայով մնացած հազարավոր գրքերը):

Ինքնակրթության ոսկե աղբյուրը

Ինքնակրթության ոսկե աղբյուրը համացանցն է, այդ թվում՝ սոցիալական ցանցերը: Սոցիալական ցանցերի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Յութուբը:

Սոցիալական ցանցերը մեզ առաջարկում են այն բովանդակությունը, որով մենք հետաքրքրվում ենք: Եթե ինսթագրամը կամ յութուբը մեզ անընդհատ ցույց են տալիս անօգուտ, վատ տեսանյութեր, պատճառն այն է, որ մենք դրանցով հետաքրքրվում ենք (երբեմն բացում, դիտում, կարդում ենք): Եթե մենք սկսենք հետաքրքրվել առողջ սննդով, մարմնամարզությամբ կամ ֆինանսներով, սոցիալական ցանցի գլխավոր էջը կլցվի նման՝ մեզ անհրաժեշտ բովանդակությամբ: Եթե մենք սոցիալական ցանցերին հուշենք, որ պետք չէ մեզ ցույց տալ զվարճալի նյութեր, այն կդադարի մեզ ցույց տալ զվարճալի նյութեր: Սոցիալական ցանցերը որոշակի առումով արտապատկերում են մեր գիտակցությունը: Այն, թե ինչ է երևում մեր յութուբյան կամ ինսթագրամյան լրահոսում, ցույց է տալիս, թե ով ենք մենք:

Մարդկանց գլխավոր խնդիրը

Մարդկանց գլխավոր խնդիրն այն է, որ նրանք ոգևորված սկսում են ինչ-որ բան անել և շուտ կիսատ են թողնում: Դա վերաբերվում է ինքնակրթությանը, մարզվելուն, առողջ սնվելուն, շուտ արթնանալուն և այլն, և այլն: Այս հոդվածն ընթերցողների մեծ մասն այսօր ինչ-որ բան կանի, մի մասը կանի նաև վաղը, որոշները՝ շաբաթվա ընթացքում, բայց միայն եզակիները կշարունակեն անել դա ամիսներ և տարիներ:

Ինքնակրթությունը չի ենթադրում, որ դու պետք է արագ արդյունք ստանաս: Ինքնակրթությունը պահանջում է համբերություն և հաստատակամություն:

Երկու կարևոր հուշում

Հուշում 1:

Հնարավորության դեպքում օգտվեք անգլալեզու աղբյուրներից, իսկ եթե լավ չեք տիրապետում անգլերեն լեզվին, օգտվեք անգլալեզու աղբյուրների՝ հայերեն կամ ռուսերեն թարգմանություններից:

Լավագույն մասնագետների մեծ մասը, որոնց ես հանդիպել եմ ինքնակրթության իմ ճանապարհին, բնակվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում: Ամերիկյան շուկան գիտելիքի առումով ամենազարգացածն է: Խոսքը կրթական համակարգի մասին չէ, այլ առանձին մարդկանց գիտակցության և փորձի: Փորձեք գիտելիք ստանալ սկզբնաղբյուրից (լավագույններից):

Հուշում 2  

Երբ սկսեք հետևել որևէ մեկին (կարդալ գրքերը, դիտել տեսանյութերը), ապա նրա խոսքում անպայման կհանդիպեք անուններ, որոնց նա հղում է անում: Անմիջապես գրեք այդ անունները: Դրանք այն մարդիկ են, որոնցից տվյալ հեղինակը սովորել կամ ոգեշնչվել է: Հետևեք այդ մարդկանց նույնպես: Եթե նրանց մոտ էլ հանդիպեք այլ հղումներ, շարունակեք շարժվել այդ հղումներով և կբացահայտեք նոր՝ արժեքավոր գաղափարներով (փորձով) մարդկանց:

Ինչ կտա ինքնակրթությունը

Ինքնակրթությունը քեզ կտա ավելի որակյալ կյանք: Մենք չենք ինքնակրթվում տեսական գիտելիքների շուրջ:  Մենք ինքնակրթվում ենք, որպեսզի մեր կյանքում բարելավենք կոնկրետ բաներ: Օրինակ, երբ ինքնակրթվում ես առողջ ապրելակերպի ոլորտում, քեզ ֆիզիկապես ավելի լավ ես զգում, քայլելուց շուտ չես հոգնում, աստիճաններով բարձրանալուց չես խուսափում, դարակում չես պահում բժշկական դեղատոմսեր: Դա ազդում է քո տրամադրության, ամենօրյա գործունեության, էներգիայի վրա:

Եթե տարիներ շարունակ ինքնակրթվես ֆինանսների ոլորտում, կհասունանա պահը, երբ կհասկանաս, որ ոչ սիրած աշխատանքով գումար աշխատելը քո միակ տարբերակը չէ: Դու կարող ես գումար աշխատել այլ կերպ, կարող ես կյանքդ (ժամանակդ) ավելի ճիշտ կառավարել: Բայց նման արդյունք չես ունենա, եթե չինքնակրթվես:

Ինքնակրթությունը կփոխի քո կյանքը: Մի վստահիր կյանքդ այլ համակարգերին: Համակարգերի համար դու ընդամենը միլիոնավորներից մեկն ես: Համակարգերը աշխատում են ոչ թե քո կյանքը լավացնելու, այլ համակարգի լավ աշխատանքը ապահովելու համար: Քո կյանքի պատասխանատվությունը պետք է քեզ վրա վերցնես: Քո գիտակցությունը պետք է ինքդ ձևավորես: Քո կրթությունը պետք է ավարտված չհամարես:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: