Կյանքի մասին սառը մտքով
Մարդիկ չափից ավելի զգացմունքային են սեփական անձի ու ճակատագրի հանդեպ: Մենք սխալ պատկերացնումներ ունենք մեր ու կյանքի հարաբերությունների մասին: Դա բերում է կյանքից անհիմն սպասումների:
Մենք կարծում ենք, թե կյանքը ֆիլմ կամ հեքիաթ է, որտեղ հերոսը մենք ենք: Այդ պատճառով չենք հասկանում, թե ինչպես կարող են մեզ չսիրել, վիրավորել, սպասեցնել, մերժել: Մենք չենք հասկանում, թե ինչու հենց մենք հիվանդացանք, ինչու հենց մեր բախտը չբերեց, ինչու պետք է հենց մենք տառապենք:
Կյանքն անտարբեր է մեր հանդեպ
Կյանքը հեքիաթ չէ, այլ՝ գլուխկոտրուկ, որը պահանջում է սառը դատողություն ու բարդ ընտրություններ, և որտեղ երջանկությունը վաստակվում է, ոչ թե տրվում:
«Սառը դատողությունը» վերաբերում է տրամաբանության, փաստերի ու ռացիոնալ վերլուծության վրա հիմնված որոշումներ կայացնելուն՝ հաճախ մի կողմ դնելով զգացմունքները։
Կյանքը չպետք է հարմարվի մեզ, այլ մենք պետք է փոխվենք այնպես, որ հարմարվենք կյանքին: Կյանքը կարող է հեքիաթ լինել, իսկ մենք՝ հերոս, բայց դրան պետք է հասնել: Աշխարհում ապրում է հերոսի՝ մի քանի միլիարդ թեկնածու: Միամտություն կլինի կարծել, թե լավ դերերը հենց մեզ պետք է բաժին ընկնեն:
Ոչ թե սպասիր, այլ հասի՛ր
Ես վստահ եմ, որ չի կարելի պարզապես սպասել, որ քո կյանքում հրաշք կատարվի: Ես գիտեմ մարդկանց, որոնք աշխարհից հեռացան՝ իրենց հետ տանելով իրենց զգացմունքային սպասումները: Սովորաբար այդպես էլ լինում է, երբ հույսը դնում ես ոչ թե քո, այլ բախտի վրա:
Չպետք է հավատաս զգացմունքներիդ (եթե միտքդ չի հաստատում դա): Չպետք է կարծես, որ չես ունենա բարձր ճնշում ու մեջքի ցավ միայն այն պատճառով, որ սիրում ես կյանքը, իսկ հարազատներդ՝ քեզ: Չպետք է կարծես, որ հաջողությունն ինքը կգտնի քեզ, քանի որ նման զգացում ունես:
Մեր կյանքն այն փոքրիկ քայլերի գումարն է, որ ամեն օր անում ենք: Առաջին տեղում այն չէ, ինչ զգում ես, այլ այն, ինչ անում ես (կամ չես անում): Զգացմունքները հաճախ խառնվում են այնտեղ, որտեղ ավելորդ են: Դրանք մեր ընկերը չեն, երբ խոսքը վերաբերում է գործելուն: Գործողությունների մեջ մեր ընկերը սառը դատողությունն է:
Զգացմունքներն ասում են՝ եղանակը լավն է, ուրեմն հանդիպումը լավ կանցնի: Սառը դատողությունն ասում է՝ լավ եղանակը լավ է, բայց պետք է անես այս-այս բաներն ու չանես այս-այս բաները, որ հանդիպումը լավ անցնի:
Զգացմունքներն ասում են՝ դու արժանի ես երջանիկ լինել, կեր այդ թխվածքը: Սառը դատողությունն ասում է՝ թխվածքը լավացնում է քո տրամադրությունը, բայց վատացնում է օրգանիզմդ:
Զգացմունքներն ասում են՝ հետաքրքիր բան է կատարվել, երկու հայտնի մարդ վիճել են, դիտիր տեսանյութը: Սառը դատողությունն ասում է՝ դա քեզ ոչինչ չի տա, այլ ժամանակ կխլի ու միտքդ կզբաղեցնի. ավելի լավ է կարդա կյանքիդ համար պրակտիկ ֆինանսական հոդված:
Զգացմունքներն ասում են՝ երկար մնա անկողնում, այնտեղ լավ է: Սառը դատողությունն ասում է՝ անկողնում չես աճում, վեր կաց ու մարզվիր (կարդա, աշխատիր):
Զգացմունքներն ասում են՝ ծախսիր: Սառը դատողությունն ասում է՝ ո՛չ, ներդրում արա:
Զգացմունքներն ասում են՝ Նոր տարի է, ամեն բան լավ կլինի: Սառը դատողությունն ասում է՝ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես անցյալ տարի, եթե չփոխվես ու չփոխես:
Երբ մենք մտածում ենք մեր կյանքի մասին, հաճախ չենք տեսնում կապը մեր արդյունքների ու մեր ամենօրյա փոքրիկ որոշումների միջև: Մենք չենք գրանցում մեր ամենօրյա որոշումները, որ հետո դրանց շուրջ մտածենք, վերլուծենք, գտնենք կապը մեր ներկայիս կյանքի հետ:
Երբ որևէ բան չի ստացվում մեր ուզածի պես, զգացմունքները գտնում են մեզ համար ձեռնտու, արագ բացատրություն: Սառը դատողությունն այդպես չի աշխատում: Այն ասում է՝ մեր կյանքը մի մեծ գլուխկոտրուկ (puzzle) է, որն ինքներս ենք հավաքում: Այն բաղկացած է շատ մանր կտորներից, որոնք ամեն օր միացնում ենք: Եթե այսօր ստացված պատկերից դժգոհ ես, չի նշանակում, որ քեզ բաժին հասած պատկերը սխալ է: Պատճառն այն է, որ ինքդ ես կտորները սխալ միացնում: