Ի՞նչը կփոխեի կրթության մեջ

Հեղինակ՝
Կրթություն

Իններորդ դասարանում ես դարձա Արմավիրի մարզի լավագույն աշակերտ,  քանի որ հինգ առարկայական օլիմպիադաներում մարզում գրավեցի 1-ին և 2-րդ տեղերը և երեք առարկաներից անցա հանրապետական փուլ: Հանրապետական փուլում միայն մաթեմատիկա առարկայից ստացա երկրորդ կարգի դիպլոմ: Մինչ այդ, տարբեր տարիներին, բազմաթիվ գովասանագրեր ու դիպլոմներ էի հավաքում, հաղթում էի մրցույթներում, գերազանցիկ էի, ավարտեցի դպրոցը կարմիր դիպլոմով, ընդունվեցի Երևանի պետական համալսարան անվճար ուսուցման, և կրթական «հաջողություններս» ավարտվեցին: Համալսարանն ավարտեցի որպես միջակ ուսանող:

Դպրոցում ունեցած արդյունքներով ես չեմ հպարտանում: 24 տարեկանում սկսեցի ինքնակրթվել: Դրանից հետո է, որ ամեն ինչ փոխվեց: Շուտով որդիս պետք է դպրոց գնա: Կուզե՞մ արդյոք, որ նա անցնի այն նույն ճանապարհը, որն անցել եմ ես: Կարծում եմ՝ ոչ: Նույնիսկ եթե դպրոցում նա լավագույն գնահատականները ստանա, հաղթի օլիմպիադաներում, համալսարանն ավարտի գերազանցությամբ, չեմ կարծում, թե դա այն է, ինչով նա հետագայում կհպարտանա: Փորձեմ բացատրել, թե ինչու:

Ներածություն

Երբ ինձ հիշում եմ դպրոցական տարիներին, մտքովս անցնում է «զոմբի» բառը:

Զոմբի՝ միստիկ էակ («կենդանի դիակ»), որը կուրորեն ենթարկվում է իր վրա ազդեցություն գործող մարդկանց կամքին (Վիքիբառարան)

Գիտելիքը, որ մենք դպրոցում ստանում էինք, շատ էր, իսկ ինքնագիտակցության աճը՝ քիչ: Մենք չէինք գիտակցում այդ գիտելիքի կարևորությունն ու կիրառելիությունը: Միայն վստահ էինք, որ պետք է բարձր գնահատական ստանալ, քանի որ ծնողների համար դա կարևոր է:

Դպրոցում հիմնական ուշադրությունը գիտելիքի վրա էր, բայց ոչ միջավայրի: Միջավայրը չէր «պարտադրում» մեզ սովորել: Մենք սովորում էինք, քանի որ «դա պետք է»: Մենք չէինք անում դա այնպիսի խանդավառությամբ, ինչպես խաղում էինք բակում: Կրթվելը մեր ընտրությունը չէր:

Ես ունեի բարձր գնահատականներ, բայց նույնիսկ դպրոցն ավարտելուց հետո չունեի կյանքի պրակտիկ հմտություններ: Ես չգիտեի, թե ինչպես մարդկանց հետ շփվել: Ես չէի գիտակցում ինքնուրույն ինչ-որ բան ստեղծելու կարևորությունը: Ես չէի պատկերացում, թե որքան մեծ դեր ունեն մեր մտքերը: Ես չունեի զգացողություն, որ արժեքավոր եմ: Ես անհամբեր սպասում էի, թե երբ է դասն ավարտվելու, որպեսզի վազեմ տուն:

Ինքնագիտակցություն

Ինքնագիտակցություն՝ ինքն իրեն գիտակցելը, իր էությունը գիտակցելը, իր յուրահատկությունների՝ հասարակական կյանքում ու հասարակության մեջ ունեցած դերի ըմբռնում (Վիքիբառարան)

Դպրոցում մենք ավելի շատ հիշում և անգիր ենք անում, քան գիտակցում ենք: Իսկ հետո փորձում ենք անգիր արածը հիշել և գրել (պատմել): Ես չեմ կարծում, թե տասը տարի կրթվող մարդուն՝ աշակերտին, դպրոցն ավարտելուց հետո կարելի է լայն աշխարհընկալմամբ կամ բարձր գիտակցությամբ մարդ համարել : Տա՞սը տարի… Ես անկեղծ կարծում եմ, որ վեց տարեկան որդուս գիտակցական մակարդակն այսօր համեմատելի է այն մակարդակի հետ, որը ես ունեի տասնութ տարեկանում: Եվ դա այն բանի շնորհիվ, որ մենք հաճախ զրուցում ենք, և զրուցում ենք կյանքի առանցքային թեմաների շուրջ:

Դպրոցում «զրույց» չկա: Կա ինֆորմացիայի միակողմանի փոխանցում: Կա գիտելիք, բայց չկան գիտելիքի տարբեր կտորներն իրար կապող «թելերը»: Դպրոցը շեշտը չի դնում երեխայի մտածողության զարգացման վրա: Մտածողության զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք ստանալ, այլ նաև օգտագործել (հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք դպրոցական գիտելիքն օգտագործում):

Փորձ, փորձ, փորձ

Դպրոցական կրթություն

Դպրոցում քիչ է կիրառական աշխատանքը: Ինչ-որ պահի երեխան որոշում է, որ ուզում է դառնալ բժիշկ, հաշվապահ կամ գործարար (ի դեպ, եթե միայն դպրոցի ազդեցությունը դիտարկել, քչերն են մտածում գործարար դառնալու մասին): Բայց նա չգիտի, թե ինչ է դա նշանակում: Նա պարզապես գիտի, որ բժիշկը բժշկում է, հաշվապահը՝ հաշվում, իսկ գործարարը՝ հարստանում: Դա բավարար չէ այնպիսի ընտրություն կատարելու համար, որը ձևավորելու է մարդու հետագա ողջ կյանքը: Դպրոցը պետք է երեխային տա ավելի խորը գիտակցություն:

Երեխան պետք է հնարավորություն ունենա «լինել» բժիշկ, հաշվապահ, հացթուխ, գործարար, վարսահարդար, ֆիզիկոս, ուսուցիչ կամ կենսաբան արդեն դպրոցում: Երեխան կարող է քիչ գիտելիք ստանալ, բայց պետք է ստանա մեծ հետաքրքրասիրություն: Այդ հետաքրքրասիրությունը, ուսուցչի հետ միասին, պետք է դրդի նրան փորձել:

Դպրոցական տարիներից մի քանի դրվագ է մոտս տպավորվել: Երբ ութերորդ դասարանում քիմիայի ուսուցչի հետ լաբորատոր փորձեր էինք անում (այնքան ոգևորված էի, որ տան նկուղում փոքրիկ լաբորատորիա էի ստեղծել): Երբ մի օր ուսուցիչներից մեկը տարավ մի գործարան, որի բակում հայելիներից արևային էներգիա էին ստանում: Երբ դպրոցում առաջին անգամ ինքնուրույն գումար աշխատեցի: Վիճակախաղ էինք կազմակերպել, երբ աշակերտները 100 դրամով ձեռք էին բերում թղթի կտորներ, որոնցում նշված էին տարբեր չափսի գումարներ՝ 20, 50, 100, 200, 500 դրամ: Մենք վաճառում էինք «500 դրամ շահելու հնարավորություն»-ը:

Ուսուցիչներ

Ես, իհարկե, սիրով եմ հիշում բոլոր ուսուցիչներիս և շնորհակալ եմ նրանց իրենց նվիրվածության և աշխատանքի համար (բոլոր ուսուցիչներին): Այն բանում, որ դպրոցական կրթությունը ես համարում եմ ոչ արդյունավետ, նրանք մեղք չունեն, քանի որ համակարգի մի մասն են, շարժվում են համակարգի կանոններով: Համակարգը չի կրթում ուսուցչին այնպես, որ նա դառնա ստեղծագործող, և չի բացատրում, թե ինչն է կարևոր: Ուսուցիչների մեծ մասը պարզապես հետևում են ծրագրին:

Նոր համակարգում ուսուցիչը պետք է դիտարկվի որպես հերոս: Նա ստեղծագործող է, այլ ոչ թե պարզապես գիտելիք փոխանցող: Նրա ստեղծագործության արդյունքը՝ աշակերտը, պետք է մեծանա և փոփոխություններ անի աշխարհում (արդյո՞ք ուսուցիչներն այսօր իրենց ստեղծագործող կամ հերոս են զգում): Ուսուցիչը պետք է բարձր վարձատրվի: Դպրոցում նրա մտքերը պետք է զբաղված լինեն միայն աշակերտի՝ քսան տարի անց արդյունքներով: Բարձր վարձատրվող ուսուցչին պետք է աշխատանքից ազատել, եթե նա իր աշխատանքը լավ չի կատարում, քանի որ մեկ ուսուցիչը շատ երեխաների վրա է ազդեցություն թողնում:

Միջավայր

Կրթության մեջ կարևոր է ոչ այնքան գիտելիքի ծավալը, որքան միջավայրը: Երբ երեխան հաճախում է դպրոց, որտեղ ավագ դասարաններում սովորող տղաների 70%-ը ծխում է, ապա արդյոք դա այն միջավայրն է, որը ոգեշնչում է սովորել (իմիջիայլոց, այդ տղաներին պետք է ոչ թե ծխելն արգելել, այլ բարձրացնել նրանց ինքնագիտակցությունը, որպեսզի ծխելու մեջ իմաստ չտեսնեն): Կրթական միջավայրը պետք է երեխաներին ուրախություն պարգևի, ոգեշնչի: Երեխան պետք է տխրի տուն վերադառնալիս, քանի որ դպրոցում կա այն, ինչը տանը չկա՝ փորձելու, ստեղծելու, օգտակար և կարևոր լինելու հնարավորություն:

Ինֆորմացիա

Շատ կարևոր է, թե ինչ ինֆորմացիա է մարդը ստանում հատկապես դպրոցական տարիքում: Ես հեռուստացույց չեմ դիտում: Վերջերս ծանոթներիցս մեկի տանն էի, երբ հեռուստացույցով մի սերիալ էին ցուցադրում, երբ փողոցում ինչ-որ մեկն իջնում է սև մեքենայից, բեյսբոլի մականով սկսում է մեկ ուրիշին ծեծել, քանի որ նա իր ընկերուհուն նեղացրել է: Ծեծվածը խոստանում է վրեժ լուծել: Հետո կրկին ծեծկռտուք, ընտանեկան բռնություն, մեքենաներ, զենք, գիշերային ակումբներ, ալկոհոլ, և այլն, և այլն: Արդյո՞ք սա է այն ինֆորմացիան, որը պետք է ձևավորի այն երեխաներին, ովքեր հասուն տարիքում առանցքային դեր են խաղալու մեր կյանքի տարբեր ոլորտներում: Շատերը կարծում են, թե բնական է ցուցադրել այն, ինչն իրականում կա, հորինված չէ: Այդպես չէ: Մենք անում ենք այն, ինչ տեսնում ենք, ինչը մտնում է մեր ենթագիտակցություն ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից (այդ թվում՝ ֆիլմերից և սերիալներից):

Անձնային աճ

Դպրոցում երեխան պետք է անձնապես աճի: Նա պետք է դառնա ոչ թե գիտակ, այլ գիտակից, մտածող մարդ: Դպրոցը պետք է աճեցնի մարդկանց, ովքեր ունեն կայացած բնավորություն և անկախ մտածողություն: Դպրոցում երեխան պետք է գիտակցի, որ լսելն ավելի կարևոր է, քան խոսելը: Որ հարցեր տալիս են ոչ թե անխելքները, այլ խելացիները: Երեխան պետք է պատկերացնի, թե ինչ է պատասխանատվությունը, պետք է հասկանա ժամանակի կառավարումից, ֆինանսական նվազագույն գրագիտություն ձեռք բերի: Երեխան պետք է սովորի ստեղծագործել՝ անկախ նրանից, թե ինչով է զբաղվում: Նա պետք է սովորի մարդկանց օգտակար լինել, առօրյա կյանքում խնդիրներ լուծել:

Գիտելիք

Ես դեմ չեմ գիտելիքին և դեմ չեմ շատ գիտելիքին: Որքան շատ գիտելիք մարդն ունի, այնքան լայն կարող է մտածել: Բայց շատ գիտելիքը չի երաշխավորում, որ մարդը կսովորի մտածել: Մարդկանց մի մասը կարող է պարզապես լավ հիշել, մի մասը՝ մակերևույթային պատկերացնել, մի մասն էլ չիմանա այն, ինչ պետք է՝ իմանալով շատ այլ բաներ:

Ես կողմ եմ պրակտիկ գիտելիքին և շատ փորձելուն: Ես կողմ եմ հմտություններին, որոնք օգնում են հեշտ ապրել: Ո՞վ կուզի շատ գիտելիք ունեցող, բայց կյանքից դժգոհ մեկը լինել: Ես կողմ եմ անվերջ կրթությանը՝ ինքնակրթվելուն: Մեր օրերում դրա բացառիկ հնարավորություն կա: Բայց որպեսզի մարդը ցանկանա ինքնակրթվել, դպրոցը պետք է նրան որոշակի գիտակցական մակարդակի բերի: Այդ դեպքում, իր կյանքի հետագա փուլերում, մարդն ինքը կկարողանա պակասող գիտելիքը ձեռք բերել, և այն օգտագործելով՝ իր կյանքն արդյունավետ կազմակերպել:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: