Ինքնակատարելագործման 5 փուլերը

Ինքնակատարելագործումը իմ կյանքի գլխավոր ուղղորդիչն է 2009 թվականից: Ես այն մտցրել եմ ամենուր՝ ընտանիքից և հանգստից մինչև աշխատանք և մարդկանց հետ հարաբերություններ: Ես ամեն օր զգում եմ, թե ինչպես է այն ինձ օգնում աճել:  Ես փորձում եմ ինքնակատարելագործման այնպիսի համակարգ ստեղծել, որի օգնությամբ մարդիկ կբարելավեն իրենց կյանքի գլխավոր ոլորտները: Հավանաբար դա երկար տարիներ կտևի, բայց ես դա կանեմ:

Ինքնակատարելագործում` իր բարոյական, մտավոր ու ֆիզիկական հատկությունների կատարելագործում (Վիքիբառարան)

Այս հոդվածում  կպատմեմ ինքնակատարելագործման այն 5 փուլերի մասին, որոնք գիտակցել եմ սեփական փորձով:

Փուլ 1. ցանկություն

Ինքնակատարելագործման համար դա պետք է ցանկանալ այնպես, ինչպես ցանկանում եք վերանորոգել Ձեր բնակարանը, ամուսնանալ կամ աշխատանքի մեջ բարձր պաշտոնի անցնել: Ինքնակատարելագործմանը պետք է որպես շոշափելի մի բանի վերաբերվել, որից ամենօրյա կյանքն ավելի լավն է դառնում։ Պետք է ինքդ քեզ խոստանաս. «Խոստանում եմ այսուհետ ինքնակատարելագործվել իմ կյանքի բոլոր ոլորտներում»: Ցանկանալը ինքնակատարելագործման առաջին` պարզագույն փուլն է։

Փուլ 2. գիտակցում

Ինչ-որ բան ցանկանալը և գիտակցելը տարբեր բաներ են: Ցանկանալը ջանքեր չի պահանջում, գիտակցելը որոշակի վերլուծություն և ջանքեր է պահանջում: Բոլորն էլ ցանկանում են առողջ լինել, բայց քչերն են առողջությունը գիտակցում:

Գիտակցել մեզ հաճախ ստիպում է ցավը կամ ինչ-որ բանի խիստ պակասը (օրինակ՝ հարուստ լինելու կարևորության գիտակցումը, կարծում եմ, ավելի ուժեղ է աղքատ մարդու մոտ, քան միջին կենսամակարդակով ապրողի): Ինքնակատարելագործման կարևորությունը գիտակցելու համար պետք է ավելի մեծ մտավոր աշխատանք կատարել, քան պարզապես ցանկանալիս։ Պետք է սեփական կյանքում անբավարարություն («ցավ») փնտրել, որը կապված  է ինքնակատարելագործման պակասի հետ: 

Դա կարող է լինել ավելորդ անհանգստությունը, ինքնավստահության պակասը, աշխատանքում աճի բացակայությունը, լարված հարաբերությունները ընտանիքում: Դա կարող է կապված լինել ֆիզիկական զգացողությունների՝ քաշի, հոգնածության, էներգիայի պակասի կամ ժամանակից շուտ առաջացած կնճիռների հետ: Պետք է գիտակցել, թե ինչ խնդիրներ է լուծելու ինքնակատարելագործումը: Պետք է գիտակցել ինքնակատարելագործման արդյունքը։

Փուլ 3. ժամանակ

Ինքնակատարելագործմանը պետք է ժամանակ հատկացնել: Խոսքն այն ժամանակի մասին չէ, որ Դուք չունեք, այլ այն ժամանակի մասին է, որ ունեք: Ես կարծում եմ, որ ինքնակատարելագործման ժամանակ  բոլորն էլ ունեն՝ և՛ երկու նորածին երեխաների մայրը, և՛ գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով հայրը, և՛, առավել ևս, աշակերտը կամ ուսանողը: Ինքնակատարելագործումն այնտեղ է, որտեղ ամեն օր գտնվում եք և ինչ ամեն օր անում եք: Ինքնակատարելագործումը ճանապարհին է, աշխատավայրում, զբոսնելիս, խաղալիս, զրուցելիս, ոչինչ չանելիս:

Անընդհատ ձգտեք «ժամանակ անցկացնելու» փոխարեն «որակյալ ժամանակ անցկացնել»: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ ընտանիքին, և՛ ազատ ժամանակին: Այդպես կյանքն ավելի երկար կդառնա:

Օրինակ՝ միայնակ զբոսնելիս ես հաճախ մտածում եմ: Մտածում եմ այն մասին, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ օր անցկացնել, ինչը կարելի է բարելավել աշխատանքում, հարաբերություններում, կենցաղում, ինչ սխալներ եմ նախորդ օրն արել, ինչպես դրանք ուղղել, և այլն, և այլն: Մարդկանց մեծ մասը զբոսնելիս նույնպես մտածում է, բայց մտածում է ոչ այն մասին, ինչ պետք է: Փողոցում մարդկանց ավելի հետաքրքրում են խանութների շքամուտքերը, գեղեցիկ մեքենաները, երկու անծանոթների վեճը, մեքենայի բարձր ազդանշանը, անցորդների հագուկապը, և այլն, և այլն: 

Ցանկացած իրավիճակում կարելի է ինքնակատարելագործման ժամանակ (տարրեր) գտնել: Օրինակ, բարձրահարկ շենքի վերին հարկեր ես բարձրանում եմ ոչ թե վերելակով, այլ սանդուղքով (ուշադրություն դարձնելով ֆիզիկական ինքնակատարելագործմանը): Ավտոմեքենա վարելիս կամ լոգանք ընդունելիս աուդիոգրքեր եմ լսում: Երեխաների հետ խաղալիս փորձում եմ խաղի մեջ ինչ-որ բան գտնել, որը կարելի է զարգացնել, և խաղն ավելի լավը դարձնել: Աշխատանքի մեջ փորձում եմ ոչ թե շատ, այլ հաճույքով և արդյունավետ աշխատել՝ անելով դա ինքնակատարելագործման հաշվին:  

Երբ ինքնակատարելագործումը Ձեր կյանք մտցնեք` օգտագործելով այն ժամանակը, որ ունեք, ինչ-որ պահի կցանկանաք դրան ավելի շատ ժամանակ տրամադրել: Կսկսեք մտածել, թե որտեղից վերցնել այդ լրացուցիչ 10 րոպեն, 1 ժամը, 1 օրը: Երբ այդ գիտակցումը գա, ինքներդ կսկսեք վերլուծել Ձեր օրը և կհասկանաք, թե ինչն է պետք փոխել կամ ինչից է պետք հրաժարվել: Դուք կսկսեք չդիտել այդ հաղորդումը, չհետևել այդ մարդուն, չանել այդ անիմաստ գործը, կցանկանաք ավելի քիչ զանգեր ստանալ, ավելի քիչ հանդիպումներ ունենալ: Դուք կքչացնեք Ձեր զբաղմունքների քանակը՝ բարձրացնելով որակը: Եվ ժամանակի ընթացքում կնկատեք, թե որքան շատ ժամանակ ունեք:

 Փուլ 4. գործիքներ (միջոցներ)

Եթե մարդու կյանքը պատկերացնենք որպես հողակտոր, որում նա պետք է աշխատի և օգուտ քաղի, ապա այդ աշխատանքը կարող է լինել ձեռքով կամ գործիքներով: Եթե Ձեր կյանքում որևէ անհարմարություն (խնդիր)  կա, ապա ամենայն հավանականությամբ կա «գործիք», որը կարող է այդ խնդիրն ավելի արդյունավետ լուծել (Ձեր կյանքը հեշտացնել):

Գործիքներն օգնում են ավելի արդյունավետ աշխատել, ժամանակ և էներգիա խնայել։

«Գործիքները» դրանք շոշափելի կամ ոչ շոշափելի միջոցներ են (օրինակ՝ ինչ-որ սարքեր, առարկաներ կամ ծրագրեր), որոնք օգնում են Ձեզ ավելի արդյունավետ ապրել, ծառայում են ինքնակատարելագործմանը: Օրինակ՝ հեծանիվը (կամ մարզասրահը) «գործիք» է, որն օգնում է ֆիզիկապես ավելի ակտիվ լինել (ծառայում է ֆիզիկական ինքնակատարելագործմանը): Տպիչը կամ համակարգչային ծրագիրը (օրինակ՝ ծախսերը գրանցելու կամ աշխատանքը պլանավորելու) գործիք է, որն օգնում է աշխատանքի մեջ ավելի արդյունավետ լինել (նպաստում է ինքնակատարելագործմանն աշխատանքի մեջ): Սպասք լվացող մեքենան գործիք է, որն օգնում է ինքնակատարելագործման համար ժամանակ ստեղծել (կրճատելով ոչ կարևոր գործերը): Youtube-ը գործիք է, որն օգնում է տանը սովորել:

Գործիքների վրա պետք է գումար ծախսել: Դա այն գումարն է, որը կարելի է սեփական կյանքը բարելավելու համար ներդրում համարել: Սովորաբար մարդկանց՝ ոչ կենսական անհրաժեշտության ծախսերը չի կարելի ներդրում համարել: Արտաքին տեսքի և ժամանցի վրա մենք ծախսում ենք ավելի շատ, քան, օրինակ, ինքնակատարելագործման:  Մենք կարող ենք կենցաղային բազմազան իրեր, հագուստ և կոշիկներ պատվիրել առցանց խանութներում, բայց քչերն են պատրաստ $20 ծախսել անձնային արդյունավետության ինչ-որ հավելված (ծրագիր) ձեռք բերելու վրա: Մենք մեր կյանքը համալրում ենք իրերով, բայց քիչ ենք համալրում «գործիքներով»:

Վերանայեք գումար ծախսելու Ձեր փիլիսոփայությունը: Գտեք այն գործիքները, որոնք խնայում են Ձեր ժամանակը, օգնում են ավելի արդյունավետ աշխատել, նպաստում են ավելորդ մտքերից ազատվելուն, նպաստում են ինքնակատարելագործմանը:

Փուլ 5. արդյունք

Ինքնակատարելագործման վերջին փուլն արդյունքն է: Դա այն է, երբ ինչ-որ պահի գիտակցում ես, որ ունես այն, ինչը ժամանակին անհավանական էր թվում՝ ավելի առողջ մարմին, ավելի լավ հարաբերություններ, ավելի օգտակար գիտելիքներ, ավելի շատ եկամուտ, ավելի շատ ժամանակ, ավելի լավ հանգստանալու հնարավորություն: Ինքնակատարելագործման առավելությունը նրանում է, որ լավ արդյունքները մշտական են դառնում, քանի որ անկախ այսօրվա արդյունքից՝ երբեք կանգ չես առնում: Ոգեշնչման աղբյուր դառնում են ոչ թե այլ մարդիկ, մոտիվացիոն ֆիլմերը կամ գրքերը, այլ սեփական փոքրիկ (սակայն ժամանակի ընթացքում աճող) արդյունքները: Ահա թե ինչն եմ ես անվանում արդյունավետ կյանք: Եվ կարևոր չէ, որ այդ արդյունքներն ուրիշները տեսնեն: Չէ՞ որ Դուք բարելավում եք սեփական կյանքը:

Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: