Ամենադժվար բանն աշխարհում

Հեղինակ՝

— Հայրիկ, ո՞րն է ամենադժվար բանն աշխարհում,- հարցրեց որդին հորը:
— Լռել, երբ շատ ես ուզում խոսել,- պատասխանեց հայրը:
— Մի՞թե դա ավելի դժվար է, քան տուն կառուցելը,- զարմացավ որդին:
— Բնավորություն կառուցելը միշտ էլ ավելի դժվար է, քան որևէ նյութական բան, որդիս, — պատասխանեց հայրը:
— Ինչո՞ւ,- չհասկացավ որդին:
— Տուն կառուցելու քայլերը պարզ են. բնավորություն կառուցելու համար հստակ քայլեր չկան,- պատասխանեց հայրը:
— Ինչո՞ւ չկան,- շարունակեց որդին:
— Որովհետև մարդկանց միշտ ավելի հետաքրքրել է տուն, քան բնավորություն կառուցելը,- ժպտաց հայրը:
— Ես կարո՛ղ եմ հեշտությամբ լռել,- հպարտացավ որդին:
— Իսկ դու վաղը դպրոցում փորձիր,- ժպտաց հայրը:

Հաջորդ օրը դպրոցում ուսուցչուհին մտավ դասարան:

— Ո՞վ կպատմի, թե ինչ է երեկ սովորել,- հարցրեց նա:
— Եսսս..,- ձեռքն ուզում էր բարձրացնել տղան, երբ հանկարծ հիշեց հոր ասածը:

«Լռե՞լ: Ինչո՞ւ լռեմ: Չէ՞ որ երեկ այդքան բան եմ սովորել: Չպատմե՞մ… Եթե չպատմեմ, մեկ ուրիշը կպատմի: Հետո ուսուցչուհին նրան կգովի: Սովորածս անտեղի՞ է: Իրոք դժվար է լռել, երբ շատ ես ուզում խոսել»:

Երբ վերադարձավ տուն, պատմեց հորը տեղի ունեցածի մասին:

— Ես ոչինչ չպատասխանեցի,- տխուր ասաց նա:
— Մի տխրիր որդիս,- ժպտաց հայրը,- այսօր դու երկու նվեր ես արել:
— Ինչպե՞ս,- զարմացավ որդին:
Առաջին նվերն արել ես ինքդ քեզ, և դա քո սովորածն է: Կարևորը գիտելիք ձեռք բերելն է, այլ ոչ թե դրանով հպարտանալը: Երկրորդ նվերն արել ես ընկերոջդ, ում հնարավորություն տվեցիր պատասխանել: Նա ուրա՞խ էր:
— Այո՛,- պատասխանեց որդին:
— Տեսնում ես,- ավարտեց հայրը,- հաճախ լռելը մեզ ավելին է տալիս, քան խոսելը:



error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: