Անձնային աճ. ինչո՞ւ է դա ինձ պետք

Անձնային աճ

Անձնային աճի մասին խոսելիս հաճախ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչու է դա իրենց պետք: Անձնային աճը ենթադրում է, որ որպեսզի դու կյանքում աճես, պարտադիր չէ աճի հասարակությունը, որում դու գտնվում ես, պարտադիր չէ աճի պետությունը, որում ապրում ես, և պարտադիր չէ աճի կազմակերպությունը, որում աշխատում ես: Աճի պատասխանատվությունը դու քեզ վրա ես վերցնում:

Անձնային աճը մարդուն ազատություն է տալիս, և որքան շատ աճես անձնապես, ազատությունդ այնքան մեծ կլինի: Անձնային աճը նման է նրան, որ գտնվելով մեծ առագաստանավում, որում ևս երկու հարյուր մարդ է գտնվում, դու սեփական նավակն ես կառուցում: Գտնվելով խմբի մեջ՝ դու մտածում ես, թե ինչպես կարող ես առանձնանալ, եթե խումբը սխալ ուղղությամբ գնա կամ գնա այն ուղղությամբ, որով գնալ չես ցանկանում , կամ գնա ավելի դանդաղ, քան ինքդ ես ցանկանում:

Անձնային աճի դեպքում մարդու համար արտաքին, դրական փոփոխությունների սկզբնաղբյուրը սեփական՝ անընդհատ ընդարձակվող ներուժն է: Դրա մեջ կարելի է ներառել բնավորության փոփոխությունները (օրինակ՝ ինքնաղեկավարումը), անձնական հմտությունների զարգացումը (օրինակ՝ կենտրոնացման և հիշողության), մտածողության ընդլայնումը (օրինակ՝ շատ մտածելու և ոչ ստանդարտ մտածելու շնորհիվ), և այլն, և այլն:

Այն, որ մարդը պետք է անձնապես աճի, իրականում ակնհայտ չէ: Դպրոցական՝ «լավ սովորիր, որ լավ աշխատանք ունենաս» պատգամը մեզ անձնային աճի ուղու վրա դնելու համար չէ: Այդ ուղու վրա մեզ չեն դնում նաև մեր կյանքի հետագա փուլերում հաճախ հանդիպող պատգամները: Մեզ ավելի հարմարավետ է աճել մարդկանց, ոլորտի հետ համահունչ, շարժվել այն արագությամբ, որով բոլորն են շարժվում: Այդպես ավելի քիչ ենք մտածում, ավելի քիչ ենք փոխվում, ավելի քիչ ենք սովորում, ավելի քիչ էներգիա ենք ծախսում: Այդպես պատասխանատվության ավելի քիչ բաժին ենք ստանձնում: Իսկ անձնային աճի մասին սկսում ենք մտածել հիմնականում այն ժամանակ, երբ գիտակցում ենք, որ ուզում ենք ավելի անկախ և ինքնուրույն լինել, և այդ հարցում վճռական ենք տրամադրվում:

Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ սեփական բովանդակությունն եք ստեղծում: