Խճճվել եմ դժվարությունների մեջ. ի՞նչ անեմ

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են դժվարին փուլեր: Երբեմն դրանք սկսվում են անսպասելի և անվերջ են թվում: Հաճախ մեզ նույնիսկ թվում է, թե մեր կյանքի լավագույն օրերն անցյալում են. ապագայում մեզ լուսավոր ոչինչ չի սպասվում: Դժվարությունները տարաբնույթ են: Ոմանց համար դժվարություն է ֆինանսների պակասը, մյուսների համար՝ ճգնաժամը անձնական հարաբերություններում, երրորդների համար՝  գերլարվածությունն աշխատանքի մեջ, չորրորդներն էլ վստահ են, որ ֆինանսական և այլ դժվարությունները չնչին են այն դժվարությունների համեմատ, որոնք մարդիկ ունենում են իրենց առողջական խնդիրների պատճառով:

Դժվարությունների միջով անցնում են բոլորը՝ անկախ մարդու սոցիալական և այլ կարգավիճակներից (օրինակ, շատերին թվում է, թե սոցիալապես ապահով խավն անհոգ է ապրում): Շատերի կյանքում եղած դժվարությունների մասին մենք տեղյակ չենք լինում, քանի որ դժվարության հասցրած հարվածի ուժը նրանք վերափոխում են գործելու էներգիայի: Մենք չենք նկատում դժվարությունը, սակայն տեսնում ենք դրա հետևանքը՝ անձի վերափոխումը: Դժվարության հարվածները մեզ երբեմն գետնին են գցում, բայց մեր գլխավոր ընտրությունը կայանում է նրանում, թե որքան երկար մենք ընկած կմնանք, իսկ կանգնելուց հետո կլինենք արդյոք ավելի պատրաստ նման հարվածների, թե հետևություններ չենք անի:

Հետևությունները, որոնք ես արել եմ իմ կյանքում եղած դժվարությունների արդյունքում, սիրով ներկայացնում եմ Ձեզ:

 

Ընդունեք այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում

Շատերը չեն ցանկանում ընդունել այն, ինչ իրենց հետ տեղի է ունենում: Դժբախտ պատահար, մեծ պարտքեր, հիվանդություն, աշխատանքի կորուստ, բիզնեսի փակում, ճգնաժամ հարաբերություններում, անվերջանալի սթրես, խնդիրներ օրենքի հետ, ծերություն. երբ այս ցանկից ինչ-որ բան մեզ հետ տեղի է ունենում, մենք մտածում ենք՝ «Ինչո՞ւ սա պետք է ինձ հետ տեղի ունենար, ինչո՞ւ հե՛նց ես»: Սա պարզունակ մտածողություն է, որն առաջանում է այն բանի արդյունքում, որ մենք կյանքին նեղ ենք նայում: Մենք մտածում ենք «ինչու», փոխարենը մտածելու՝ «ինչպես»:

Երբ Ձեր կյանքում դժվարություններ են լինում, ոչ թե մտածեք՝ «Ինչու ես», այլ՝ «Ինչպես կարող եմ իրավիճակը փոխել»: Գիտակցեք, որ եղածը եղած է, պետք է արագ ընդունել այն, ինչ կա, և կենտրոնանալ լուծման վրա (հետևություններ անելը թողեք հետագային, երբ խնդիրն արդեն լուծված լինի): Իմ կյանքի դժվարագույն իրավիճակներում ես երբեք չեմ մտածել, թե ինչո՞ւ ես: Ինձ համար ավելի տրամաբանական է «Ինչո՞ւ ոչ ես»-ը , քան «Ինչո՞ւ ես»-ը, քանի որ աշխարհում մի քանի միլիարդ մարդ կա, ովքեր ինձ պես են: Ինչո՞վ եմ ես առանձնահատուկ, ինչո՞ւ նրանք և ոչ՝ ես:

Երբ արագ ընդունում ես այն, ինչ քեզ հետ տեղի է ունենում, հնարավորություն ես ձեռք բերում կատարել հաջորդ քայլը: Իսկ հաջորդ քայլը՝ պատասխանատվությունն է:

Պատասխանատվությունը Ձեզ վրա վերցրեք

Եթե Դուք հայտնվել եք դժվար իրավիճակում և ընդունել եք այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում, ապա հաջորդ բանը, որ Դուք պետք է մտածեք, հետևյալն է՝ ինչպե՞ս ստեղծված իրավիճակից դուրս գալ: Հենց այստեղ է, որ մարդիկ երկմտանքի առջև են կանգնում՝ «Դուրս գամ սեփական ուժերո՞վ, թե՞ այլ մարդկանց օգնությամբ»: Կարևորագույն բաներից մեկը, որ հասկացել եմ, հետևյալն է. հույսը միշտ քեզ վրա պետք է դնես, պատասխանատվությունն ամբողջությամբ քեզ վրա վերցնես և կողմնակի օգնություն չակնկալես: Օգնություն անհրաժեշտ պահին միգուցե և լինի (հիմնականում այդպես էլ լինում է), սակայն այն մի ակնկալեք, դրանից կախված մի եղեք (առաջին հերթին՝ հոգեբանորեն): Առավելագույն չափով արեք այն, ինչ կարող եք, ինքնուրույն: Գիտակցեք, որ ոչ ոք պարտավոր չէ Ձեզ օգնել (սակայն դա չի նշանակում, որ մարդիկ անտարբեր են և օգնության ձեռք չեն մեկնի), քանի որ յուրաքանչյուրն իր «ճահճից» է փորձում դուրս գալ, ինչի մասին Դուք պարզապես տեղյակ չեք:

Երբ պատասխանատվությունն ամբողջությամբ Ձեզ վրա եք վերցնում, ձեռք եք բերում վստահություն, ազատություն, ավելի «հմուտ և գրագետ» ապրելու հնարավորություն: Կյանքի հաջորդ հարվածները, որոնք անպայման լինելու են, Ձեզ չեն տապալի այնպես, ինչպես առաջինն էր, քանի որ նախորդ փորձի արդյունքում Դուք արդեն ունեք որոշակի հմտություններ: Իսկ օգնություն ակնկալողն իր կյանքի ողջ ընթացքում ընկնելու է հարվածներից այնպես, ինչպես առաջին անգամ:

Օգնություն ակնկալողը կյանքի ողջ ընթացքում ընկնելու է հարվածներից այնպես, ինչպես առաջին անգամ:

Դուք միակը չեք

Երբ դժվարությունների միջով եք անցնում, Ձեզ կարող է թվալ, թե շրջապատում բոլորն անհոգ են, և միայն Ձեր կյանքում է խառնաշփոթ՝ չգիտակցելով, որ նույնիսկ Ձեր մտերմիկ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր ավելի մեծ խնդիրներ ունեն: Դժվարությունները մեզ փակում են մեր փոքրիկ աշխարհում, և մենք երբեմն այնքան ենք դրանց վրա սևեռվում, որ «կուրանում ենք» և սկսում չնկատել, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում, այլ մարդկանց կյանքում: Դժվարությունները սահմանափակում են մեր մտահորիզոնը:

Շատ մարդկանց մխիթարում է այն միտքը, որ իրենք միակը չեն, որ նման խնդիրներ ունեն: Այդպես դժվարությունը կարծես կիսվում, թեթևանում է: Այդ պատճառով է, որ որոշակի կախվածություն (խնդիր) ունեցող մարդիկ իրենց ավելի հանգիստ են զգում, երբ գտնվում են նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանց խմբում: Այդպես նրանց ինչ-որ կերպ հաջողվում է դուրս գալ «ցավը միայն ինձ է պատկանում» հոգեվիճակից:

Միայն գիտակցելը, որ Դուք միակը չեք, օգնում է (օրինակ, Դուք մահվանն ավելի թեթև եք վերաբերվում, քանի որ գիտեք, որ բոլորն են մահանում: Իսկ ի՞նչ ապրումներ կունենայիք, եթե իմանայիք, որ բոլորն անմահ են, և միայն Դուք պետք է մահանաք): Եթե աշխարհում կան այլ մարդիկ, ովքեր ունեն նմանատիպ կամ ավելի լուրջ խնդիրներ, և ապրում են դրանց հետ, հաղթահարում են դրանք, ուրեմն Դուք նույնպես կարող եք: Չէ՞ որ հազվադեպ են դժվարությունները մի ամբողջ կյանք տևում: Դժվարությունը հարատև է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդը հանձնվում է: Սակայն համառ մարդը չի պարտվում: Նույնիսկ եթե նա կորուստներ է ունենում (նյութական, հոգեկան կամ մարդկային), դա չի նշանակում, որ նա պարտված է: Այդ դեպքում նա վերադառնում է առաջին կետին («Ընդունել այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում») և շարունակում է ապրել:


Դուք կարո՛ղ եք

Դուք իրոք կարող եք հաղթահարել դժվարությունները, որքան էլ դրանք մեծ թվան: Պարզապես պետք է որոշակի հոգեվիճակ ձեռք բերել: Ամեն ինչ կախված է Ձեզնից. պատճառները, հանգամանքները, քայլերն ու լուծումներն այլ տեղ մի փնտրեք: Եթե դժվարությունն ավելի մեծ է, քան Դուք, նշանակում է՝ Դուք պետք է աճեք: Ոչ ոք չի պնդում, որ դժվարությունը հեշտ է հաղթահարել, բայց եթե Դուք չաճեք, Դուք կպարտվեք:

Եթե դժվարությունն ավելի մեծ է, քան Դուք, նշանակում է՝ Դուք պետք է աճեք:

Հ.Գ.
Իհարկե, կան դեպքեր, որոնք «օգնություն չակնկալելու» տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Օրինակ, մարդու կյանքին սպառնացող առողջական վտանգ կա և սեղմ ժամկետում անհրաժեշտ է ֆինանսական հարցեր լուծել, կամ ավազակային հարձակման զոհ եք դարձել, և այդ պահին ի վիճակի չեք միայնակ դիմակայել: Խոսքն այստեղ եզակի դեպքերի մասին չէ, այլ ապրելու ընդհանուր փիլիսոփայության. այն փիլիսոփայության, որը Ձեզ հնարավորություն կտա նույնիսկ նման եզակի դեպքերին հետագայում ավելի պատրաստ լինել: Հուսով եմ՝ հոդվածը օգտակար կլինի և փոքր-ինչ կփոխի Ձեր վերաբերմունքը դժվարությունների հանդեպ:

Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ սեփական բովանդակությունն եք ստեղծում: