Ինչու ենք իմաստուններին պատկերացնում ծերունու տեսքով

Հեղինակ՝

Մարդկային իմաստության համար անհրաժեշտ առաջին բանը գիտելիքն է: Ոչ բոլոր շատ գիտելիք ունեցողներն են իմաստուն, բայց չկան իմաստուններ՝ քիչ գիտելիքով:

Հին ժամանակներ

Հին ժամանակներում գիտելիքի հիմնական կրիչը մարդն էր, գիտելիքի տարածման գլխավոր եղանակը՝ մարդ-մարդ շփումը (ձեռագրերի մասին դեռ կխոսենք): Այսինքն՝ մեկը խոսում էր, մյուսները՝ լսում և կրթվում: Գիտելիքի տարածման արագությունը մեծ չէր: Մարդիկ հիմնականում ստանում էին այն գիտելիքը, որը մոտ էր իրենց: Ճանապարհորդների և թափառաշրջիկների միջոցով գիտելիքը տարածվում էր, բայց դա լինում էր դանդաղ (ոչ ավելի արագ, քան ձիու արագությունը):

Գիտելիքի դանդաղ տարածման և խիստ սահմանափակության պայմաններում ավելի խելացի էին համարվում նրանք, ովքեր ավելի երկար էին ապրում: Որքան տարիքդ մեծ էր, այնքան, հավանական է, ուրիշներից ավելի շատ գիտեիր: Ամենատարեցները համարվում էին ամենաշատ գիտելիք կրողները: Հասարակ մարդկանց միջավայրում գիտելիքը սերնդից սերունդ փոխանցվում էր առավելապես խոսքի միջոցով:

Մինչև 15-րդ դարը (տպագրական մեքենայի ստեղծումը) մարդիկ գիտելիքը պահում էին նաև ձեռագրերում (ձեռքով գրված գրքերում): Սակայն ձեռագիր ստեղծելը դժվար և ծախսատար էր, քանի որ դա ձեռքի աշխատանք էր: Նույն գիրքը հարյուր օրինակ բազմացնելու համար ինչ-որ մեկը պետք է նույն բանը հարյուր անգամ գրեր: Այդ պատճառով գիտելիքի մեծ ծավալ չէր կարող պահվել ձեռագրերում: Ձեռագրերը սովորաբար հասանելի չէին սովորական մարդկանց, այլ միայն ազնվականներին, մտավորականներին, հոգևորականներին: Դրանք պահվում էին, օրինակ, ուսումնական հաստատություններում կամ վանքերում, և շատ չէին տեղափոխվում: Գիտելիքը աշխարհի մի ծայրից մյուսը երկար և դժվարությամբ էր հասնում:

Տպագրական մեքենայի ստեղծումից հետո ավելացավ հեղինակների, գրքերի, տպարանների, գրադարանների քանակը: Տպագիր գիրքը զգալի ազդեց գիտելիքի տարածման արագության վրա: Գրքերը շատ էին, ավելի հասանելի էին մարդկանց և ավելի արագ կարող էին տեղափոխվել: Գիտելիքի առումով երիտասարդները սկսեցին «մրցակցել» տարեցների հետ: Ավելի շատ գիտեր նա, ով ավելի շատ էր կարդում:

Մեր օրեր

Ռադիոն ու հեռուստատեսությունը, ապա համացանցը, կտրուկ մեծացրեցին գիտելիքի տարածման արագությունը: Արդեն պարտադիր չէր մեկ ամբողջ կյանք ապրել, որպեսզի ուրիշներից ավելի շատ իմանալ: Համակարգչի դիմաց ինքնակրթվող խանդավառ երիտասարդը կարող էր մի քանի տարում ավելի շատ բան իմանալ, քան ավելի ծույլ տարեցը: Գիտելիքը դարձավ բոլորին հավասարապես հասանելի, և երիտասարդները ձեռք բերեցին գիտակ (իսկ մտածելու դեպքում՝ իմաստուն) լինելու հավասար հնարավորություն:

Այսօր աշխարհում կան իմաստուն շատ երիտասարդներ: Իհարկե, տարիքի հետ նրանց իմաստությունն աճում է, բայց սպիտակ մորուքով ծերուկ լինելն այլևս պարտադիր չէ: Այլ հարց է, որ պատմությունը, միևնույն է, հիշելու է նրանց իրենց ամենամեծ տարիքում (ամենաիմաստուն վիճակում): Բայց եթե հին ժամանակներում տարեց Արիստոտելի, Կոնֆուցիոսի կամ Գալիլեյի հետ երիտասարդները գրեթե չէին կարող մրցակցել, այսօր այդպես չէ:

Հ.Գ.
Մարդկային մտածողությունը հասկանալը իմ կյանքի կարևորագույն ուսումնասիրություններից է: Նախկինում գիտնականները, իմաստունները, փիլիսոփաները թվում էին մարդիկ, որոնք քեզնից մի մակարդակ բարձր են: Հետո հասկացա, որ այդպես չէ: Բոլորս նույն մակարդակում ենք: Բոլորս ունենք հանճարեղ լինելու հավասար հնարավորություն: Այդ մասին մտորումներս ներկայացրել եմ «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դա ինձ համար գիտակցական աճի մի նոր փուլ էր, երբ զգում ես, որ կարող ես շատ ավելին, քան կարծում ես:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: