Այսօրվա տրամադրությունդ քո ճակատագիրը չէ
Լինում են վատ, անհեթեթ և դժբախտ օրեր:
Լինում են օրեր, երբ կյանքը կարծես մեր կողքով է անցնում, և օրեր, երբ թվում է, թե կյանքում մեզ բաժին հասածը սա է, և ավել բան պետք չէ սպասել:
Մի օր արթնանում ենք անտրամադիր և հոգնած, մի օր՝ անորոշ զգացողություններով և ճնշված:
Մի օր մեզ վիրավորում են և անտեսում, մի օր անիմաստ ենք անցկացնում և ոչինչ չենք զգում:
Երբեմն կյանքը պլանավորածին հակառակ է գնում, երբեմն էլ վատանում է այն կետում, երբ թվում էր՝ ամենավատն է:
Նման օրերն ինձ չեն հիասթափեցնում:
Ես գիտակցել եմ, որ վատ օրը մեզ պետք է անհանգստացնի միայն այն դեպքում, երբ մեր կյանքի ծրագիրն է վատը:
Իսկ եթե ունենք ճիշտ ապրելակերպ, երկարաժամկետ և ոգեշնչող նպատակներ, ապա վատ օրը նման է մեկ վնասված մրգահատիկի մրգաշատ այգում:
Ճանապարհի մեկ քարքարոտ հատվածը չի ընդհատում ճանապարհորդությունը:
Մեկ չգրող գրիչը գրողին չի խանգարում գրել:
Գնդակին մեկ անհաջող հարվածը չի որոշում ֆուտբոլիստի կարիերան:
Չորացած մեկ ծառը դեր չի խաղում, եթե մտադիր ես անտառ տնկել:
Եթե ճիշտ ծրագրով ես շարժվում, առանձին օրերը քո ճակատագիրը չեն:
📚 2026 թ․ հրատարակվելու են Հրաչյա Մանուկյանի հետևյալ գրքերը՝
- «Տղամարդիկ ամուսնությունից հետո փոխվում են» (վեպ, հաղթել է evnbookfest մրցույթում)
- «Ինչպես ձեռք բերել բաժնետոմսեր Հայաստանում» (գիրք սկսնակ ներդրողի համար)
Թողեք Ձեր էլ. հասցեն՝ նախավաճառքի հատուկ պայմանների մասին տեղեկանալու համար։