Ինչպես ուղեղն ավելորդ լարվածությունից ազատել

Լարվածություն, սթրես

Երբեմն ինձ թվում է, թե մենք միաժամանակ չափից շատ մարդկանց չափից շատ բան ենք խոստանում: Հաճախ էլ չափից շատ բան ենք խոստանում ինքներս մեզ: Այդպես մեր ուղեղում պատասխանատվության փոքրիկ օջախներ ենք ստեղծում, որոնք ուղեղը լարում են: Մենք խոստանում ենք, որ պետք է հանդիպենք, փոխանցենք, մասնակցենք, զանգենք, հետևենք, անենք, և այլն, և այլն: Մեր ուղեղը նմանվում է փեթակի, որում մեղուների անվերջանալի բզզոց է:

Խնդիրն այն է, որ մեր ուղեղը հիմնականում լարում են մանրուքները. մտքերը  և գործերը, որոնք, մեծ հաշվով, այնքան էլ կարևոր չեն: Միայն հիշելը, որ մենք խոստացել ենք երկու օրից այս ինչ բանն անել, այդ երկու օրերի ընթացքում մեզ լարված է պահելու: Դրա իրագործումն առանձնապես մեծ բան չի տալու, բայց դրա առկայությունը մեզ մեծ բաներից շեղելու է:

Մեր ներքին ձայնը սովորաբար մեզ հուշում է,  թե ինչն է բզզոց, ինչը՝ կարևոր: Բայց, չգիտես ինչու, մենք ընկնում ենք բզզոցների հետևից:

Երբ ես որոշեցի ուղեղս հանգստացնել, առաջին հերթին դուրս եկա սոցիալական ցանցերից (փոխարենը՝ կարող եք քիչ ժամանակ անցկացնել՝ նախապես զտելով այն ինֆորմացիան, որ ստանում եք): Ուղեղումս բզզոցների մի մեծ տարափ անմիջապես դադարեց: Հաջորդը՝ սկսեցի ավելի քիչ խոստանալ մարդկանց այն, ինչն իրականում այնքան էլ կարևոր չէ, բայց ինչի՝ անուղղակի պատճառած վնասը (մտածմունքների տեսքով) շատ ավելի մեծ է: Եվ երրորդը՝ սկսեցի ավելի շատ ժամանակ հատկացնել նրան, ինչն իսկապես կարևոր է:

Այն, ինչը կարևոր է, չի բզզում մեր գլխում, որքան էլ մեծ ու դժվար լինի: Հակառակը՝ դրանից մեր ուղեղն ավելի գործունյա է դառնում: Ուղեղն աշխատում է թիրախային՝ մեկ՝ հասկանալի նպատակի համար, այլ ոչ թե անկանոն:

1. Զտեք այն ինֆորմացիան, որ ստանում եք
2. Սովորեք ասել՝ «ոչ»
3. Կենտրոնացեք նրա վրա, ինչը կարևոր է

Իրականում նույն թեմայի մասին գրել եմ «Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր» փոքրիկ գրքում: Եթե հետաքրքրի, կարող եք ընթերցել գիրքն այստեղ:

Հեռու մնացեք բզզոցներից, գործեք թիրախային և արդյունավետ:

Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: