Նպատակներին հասնելու իմ կանոնը

Ես հաճախ եմ նպատակներ դնում։ Երբ նպատակիս հասնում եմ, փորձում եմ վերլուծել և հասկանալ, թե որոնք էին այն գործոնները, որոնք ինձ օգնեցին այդ արդյունքին հասնել: Այդ վերլուծությունների արդյունքում  որոշակի օրինաչափություն եմ նկատել, որի մասին ուզում եմ պատմել: Դա բնավորության երեք գծերի համադրություն է, որը ես անվանում եմ երեք «Հ»-երի կանոն:

Համբերություն

Նպատակները հիմնականում երկարաժամկետ են: Արդյունքը, որին մենք ձգտում ենք, սովորաբար ամիսներ կամ տարիներ անց կարող ենք տեսնել: Բայց մենք  չենք համբերում. փորձում ենք շուտ արդյունքի հասնել, ուզում ենք հաճույքն այսօր զգալ: Եվ երբ ժամանակն անցնում է և տեսանելի արդյունք չկա, խանդավառությունը մարում է։ Գլխում հայտնվում են ճանապարհը կիսատ թողնելու մասին առաջին մտքերը:

Ես հասկացել եմ համբերատար լինելու կարևորությունը: Դա գալիս է նրանից, որ ես գիտակցում եմ նպատակի կարևորությունը։ Եթե նպատակին հասնելու համար տասը տարի է պահանջվելու, ես պատրաստ եմ տասը տարի այդ ուղղությամբ քայլ առ քայլ շարժվել՝ չկորցնելով խանդավառությունս:  Ես չեմ շտապում, քանի որ գիտակցում եմ, որ արագությունն աստիճանաբար պետք է ավելացնել, պետք է պատրաստվել, պետք է այսօրվա փոքրիկ արդյունքի մասին մտածել: Երբ վերջնական արդյունքը միշտ աչքիդ առաջ է և գիտակցում ես, թե ինչու ես անում այսօրվա քայլը, ժամանակը երկրորդային է դառնում, քանի որ ընթացքն արդեն հետաքրքիր է և հաճույք է պատճառում: 

Համառություն

Կյանքում լավ արդյունքներ ունենալու համար համառությունը, կարծում եմ, ավելի կարևոր է, քան խելքը, տաղանդը կամ կրթությունը: Դու ինչ-որ բան ես տեսնում և որոշում ես փորձել: Ուղեղդ դրան ընդդիմանում է: Համառությունն ասում է՝ պետք է անես: Համառությունը մեքենայի շարժիչն է: Եթե մեքենան չշարժվի, կարևոր չէ, թե որքան հարմարավետ է դրա սրահը, տեխնիկական ինչ հնարավորություններ ունի, որքան «խելացի է»: Համառ մարդը շարժման մեջ է: Այն, ինչն իր մոտ պակաս է, նա գիտակցում և լրացնում է ճանապարհին: Նա ավելի շատ է ստանում, քանի որ ավելի շատ է փորձում: Իսկ փորձը կուտակվելու հատկություն ունի. այն չի կորում:

Կյանքումս բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նպատակս բոլորովին չի համապատասխանել իմ ապրելակերպին, անցյալին, կրթությանը, սակայն որոշել եմ փորձել: Սկզբում լավ չի ստացվել. որոշել եմ շարունակել: Խոչընդոտներ են եղել. շրջանցող ուղիներ եմ գտել: Ժամանակի ընթացքում սկսել է ստացվել, քանի որ փորձում և սովորում ես: Դա նման է նրան, որ լողորդը որոշի շախմատ խաղալ և մրցակցել պրոֆեսիոնալ շախմատիստների հետ: Որպեսզի չհիասթափվի, նա պետք է այնքան համառ լինի, որ առաջ շարժվի՝ անկախ նախնական արդյունքներից:  Համառությունն ասում է՝ «Դու սա էլ կարող ես, եթե այնքան փորձես` մինչև ստացվի»: Այն, ինչ ես փորձում եմ, հիմնականում ստացվում է: Համառությունը բերում է արդյունքի:

Հանգստություն

Նպատակներին հասնելու ճանապարհը հարթ չէ: Ամեն ինչ չի անցնում պլանավորածի պես: Անսպասելի իրավիճակներ են առաջանում, որոնք մեզ այս ու այն կողմ են հրում, երբեմն՝ շպրտում: Հանգստությունը լավագույն արձագանքն է անսպասելի իրավիճակներին: Հանգստությունը մեզ թույլ է տալիս նպատակից չշեղվել, երբ զգացմունքներն այլ ուղղությամբ են տանում:

Իմ կյանքում շատ դեպքեր են եղել, երբ ինձ մերժել են, անտեսել, խաբել, ուշացրել, կենցաղային անսպասելի խնդիրներ են հայտնվել, դժբախտություններ են եղել: Բայց այդ ամենին ես հանգիստ եմ վերաբերվել: Խնդիրները պետք է լուծել, բայց ես նախընտրում եմ դրանք լուծել հանգիստ վիճակում: Հանգստությունն օգնում է քիչ սխալվել, խնդիրն ավելի չխորացնել: Հանգստությունը թույլ չի տալիս լարվածությանը մեր ճանապարհը բարդացնել: Նպատակին հասնելու ընթացքը պետք է հաճույք պատճառի, իսկ հաճույքն ավելի մեծ է, երբ ուղեղը հանգիստ է:

Սա էր երեք «Հ»-երի կանոնը՝ համբերություն, համառություն, հանգստություն։

Երկար ճանապարհներն արագ չեն անցնում, համբերատար եղեք: Ճանապարհը երբեմն փակուղի է տանում. եղեք այնքան համառ, որ վերադառնաք և նորից սկսեք: Ճանապարհին Ձեզ կարող են շեղել. հանգիստ եղեք:

Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: