Հաճո՞ւյք, թե՞ երջանկություն

Հեղինակ՝
Երջանկություն

Գեղեցիկ հագուստ կրելը հաճույք է, քեզ մշտապես գեղեցիկ զգալը՝ երջանկություն: Լավ տանն ապրելը հաճույք է, լավ զգալ այնտեղ, որտեղ ապրում ես՝ երջանկություն: Ճանապարհորդելը հաճույք է, ամեն օրը գնահատելը՝ երջանկություն: Ընկերների հետ լինելը հաճույք է, մենակության մեջ ոգեշնչվելը՝ երջանկություն: Հաղթելը հաճույք է, սովորելը՝ երջանկություն: Ուրիշներին օգնելը հաճույք է, մարդկանց սիրելը՝ երջանկություն:

Հաճույքը կարճատև երջանկություն է: Ոմանք փորձում են կյանքում շատ հաճույք ստանալ՝ փորձելով դրանից ձևավորել երջանկություն: Ոմանք էլ ունեն երջանկություն և չեն փնտրում հաճույք:

Յուրաքանչյուր մարդ օրերից մի օր պետք է իրեն հարց տա՝ ուզում է հաճո՞ւյք, թե՞ երջանկություն: Հաճույքը կարճատև է, երջանկությունը՝ երկարատև: Հաճույքն առավելապես արտաքին աշխարհի հետ է կապված (նյութական, շոշափելի), երջանիկ լինելու մեջ գլխավորը ներաշխարհի դերն է: Հաճույքը միայն քեզ է պատկանում, երջանկությամբ կարող ես ուրիշների հետ կիսվել:

Նա, ով չի կարողանում երջանկություն գտնել, փորձում է հաճույք գտնել:

Մարդիկ, որոնք նախընտրում են հաճույք, և մարդիկ, որոնք նախընտրում են երջանկություն, կյանքի տարբեր փիլիսոփայություն ունեն: Այդ ընտրությունը մարդկանց մեծ մասը գիտակցաբար չի կատարում: Հաճախ մարդիկ ընտրում են հաճույք՝ կարծելով, թե ընտրում են երջանկություն: Ստանո՞ւմ են արդյոք նրանք երջանկություն. այդ հարցին յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է պատասխանի: Ավելի հազվադեպ մարդիկ ընտրում են երջանկություն՝ գիտակցելով, որ «հաճույքների» հաշվին երջանիկ լինելն իրեն չի արդարացնում: Դա նման է շոգեքարշի, որին անընդհատ պետք է վառելիք մատակարարես: Երջանկություն գտնել՝ առանց հաճույքների հետևից ընկնելու, հեշտ չէ: Դրա համար անհրաժեշտ է ինքնակրթվել, քանի որ այսօր աշխարհը երջանիկ լինելու այլ մոդել է առաջարկում՝ երջանիկ լինել հաճույքների հաշվին:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: