Ինչպես հաղթահարել գիտակցական պարիսպները

Հեղինակ՝
Գիտակցություն

Որպեսզի մարդը կարողանա փոխվել, նա պետք է դուրս գա իր գիտակցական սահմանափակումից: Առաջին բանը, ինչին ես ուշադրություն դարձրեցի տարիներ առաջ, երբ դիմավորեցի իմ առաջին լուսաբացը Հայաստանի հեռավոր զորամասերից մեկում, զորամասի սպիտակ պարիսպներն էին, որոնք ուրվագծում էին մեր նոր աշխարհի սահմաններն առաջիկա տարիներին: «Երկո՜ւ տարի անց եմ կացնելու այս պարիսպների մեջ…,- մտածում էի ես»:

Իրականում շատերս մեր ողջ կյանքն անց ենք կացնում գիտակցական պարիսպների ներսում: Ի տարբերություն իրական, բետոնե պարիսպների, որոնք կարելի է տեսնել և հատել՝ գիտակցական պարիսպներն անտեսանելի են: Խնդիրն այն է, որ մենք չենք կարող հատել այն, ինչը չենք տեսնում: Մենք չենք գիտակցում, որ գտնվում ենք գիտակցական սահմանափակ տարածությունում, և, լավագույն դեպքում, պատից պատ ենք հասնում, բայց չենք անցնում:

Ինչպե՞ս հատել այն, ինչի գոյությունը չես գիտակցում: Վերադառնանք զորամասի սպիտակ պարսպին: Երբ հատում ես պարիսպը, քեզ հետաքրքրում է ոչ թե բետոնապատ շարքը, այլ այն, թե ինչ է գտնվում դրա մյուս կողմում: Այսինքն դու ուզում ես տեսնել (ունենալ) այն, ինչը չկա պարսպի ներսում, բայց կա դրսում: Նույն կերպ պետք է վարվել, երբ ուզում ես հաղթահարել գիտակցական պարիսպները:

 

Գտեք մարդկանց, ովքեր տարբեր են

Գտեք մարդկանց, ովքեր տարբերվում են Ձեզնից և Ձեր շրջապատի մարդկանցից: Մեծ հավանականությամբ՝ նրանք եղել են «պարսպի» մյուս կողմում: Հետևեք նրանց, փորձեք բացահայտել, հասկանալ: Փորձեք աշխարհը տեսնել նրանց աչքերով: Փորձեք սեփական ուղեղի լռության մեջ նրանց լսել: Մարդիկ, ովքեր հատել են պարիսպը, նույնը կսովորեցնեն Ձեզ:

Հարուստ ընտանիքում մեծացած երեխան շատ դեպքերում չի գիտակցում, որ կան մարդիկ, ովքեր սոված են մնում. իր պարիսպը նա երբեք չի հատել: Աղքատ ընտանիքում մեծացած մարդկանցից շատերն էլ չեն գիտակցում, որ սովորաբար հարուստ ոչ թե ծնվում են, այլ դառնում (իրենց պես մարդիկ են): Իրենց գիտակցական սահմանը նրանք նույնպես չեն հատել: Ծխող մարդը ծխում է իր պարիսպների ներսում (իր շրջապատում): Մարդը, ով կյանքից դժգոհ է, դժգոհ է իր պարիսպների ներսում:

Մարդիկ կարևոր դեր են խաղում մեր գիտակցության լայնացման գործում: Գիտակցական սահմանները ընդարձակվում են նաև որոշակի իրավիճակների, արտասովոր իրադարձությունների շնորհիվ, որոնք տեղի են ունենում մեր կյանքում, սակայն դրանց վրա պետք չէ հույս դնել, քանի որ հաճախ դրանք մեր կամքից անկախ են տեղի ունենում: Իրավիճակները, որոնք ինքներս ենք ստեղծում, սովորաբար գտնվում են մեր պարիսպների ներսում: Իսկ որպեսզի կարողանանք դրանցից դուրս գալ, նախ պետք է «դուրսը» տեսնենք: Սովորեք անել դա ուրիշների աչքերով, սակայն անցեք սեփական քայլերով:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: