Խճճվել եմ դժվարությունների մեջ. ի՞նչ անեմ

Հեղինակ՝

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են դժվար ժամանակաշրջաններ: Հաճախ դրանք անսպասելի են սկսվում և անվերջ են թվում: Երբեմն նույնիսկ թվում է, թե մեր լավագույն օրերն անցյալում են. ապագայում մեզ ոչ մի լուսավոր բան չի սպասվում: Դժվարությունները տարաբնույթ են. ֆինանսների պակաս, մարդկանց հետ վատ հարաբերություններ, գերլարված աշխատանք, աննպատակ կյանք կամ ցածր ինքնագնահատական: Իսկ մարդկանց մի մասի համար էլ ֆինանսական և այլ դժվարությունները չնչին են այն դժվարությունների համեմատ, որոնք առաջանում են առողջական խնդիրների պատճառով:

Դժվարությունների միջով անցնում են բոլորը՝ անկախ մարդու սոցիալական և այլ կարգավիճակներից (օրինակ՝ ոմանց թվում է, թե շատ հարուստ մարդիկ անհոգ են ապրում): Շատերի կյանքում եղած դժվարությունների մասին մենք չենք իմանում, քանի որ դժվարության հասցրած հարվածի ուժը նրանք վերափոխում են գործելու էներգիայի: Մենք չենք նկատում դժվարությունը, սակայն տեսնում ենք հետևանքը՝ անձի վերափոխումը: Դժվարության հարվածները մեզ երբեմն գետնին են գցում, բայց մեր ուժը նրանում է, թե որքան արագ մենք կկանգնենք, իսկ կանգնելուց հետո նման հարվածներին ավելի պատրաստ կլինենք, թե հետևություններ չենք անի:

Հետևությունները, որոնք ես արել եմ իմ կյանքում եղած դժվարությունների հիման վրա, սիրով ներկայացնում եմ Ձեզ:

Ընդունեք այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում

Շատերը չեն ցանկանում ընդունել այն, ինչ իրենց հետ տեղի է ունենում: Դժբախտ պատահար, մեծ պարտք, հիվանդություն, աշխատանքի կորուստ, բիզնեսի ձախողում, ճգնաժամ հարաբերություններում, երկարատև սթրես, խնդիրներ օրենքի հետ, ծերություն. երբ այս ցանկից ինչ-որ բան մեզ հետ տեղի է ունենում, մենք մտածում ենք՝ «Ինչո՞ւ ինձ հետ նման բան պետք է տեղի ունենար, ինչո՞ւ հե՛նց ես»: Սա պարզունակ մտածողություն է, որն առաջանում է այն բանի արդյունքում, որ մենք կյանքին նեղ ենք նայում:

Մենք մտածում ենք «ինչու», փոխարենը մտածելու՝ «ինչպես»: Երբ Ձեր կյանքում դժվարություններ են լինում, ոչ թե մտածեք՝ «Ինչո՞ւ ես», այլ՝ «Ինչպե՞ս կարող եմ իրավիճակը փոխել»: Գիտակցեք, որ եղածը եղած է, պետք է արագ ընդունել իրողությունը և կենտրոնանալ լուծման վրա (հետևություններ անելը հետաձգեք, երբ խնդիրը լուծված լինի): Իմ կյանքի դժվարագույն իրավիճակներում ես երբեք չեմ մտածել, թե ինչո՞ւ ես: Ինձ համար ավելի տրամաբանական է «Ինչո՞ւ ոչ ես»-ը , քան «Ինչո՞ւ ես»-ը: Աշխարհի միլիարդավոր մարդկանց մեջ ինչո՞վ եմ ես առանձնահատուկ, ինչո՞ւ նրանք և ոչ՝ ես:

Երբ արագ ընդունում ես այն, ինչ քեզ հետ տեղի է ունենում, հնարավորություն ունես կատարել հաջորդ քայլը: Իսկ հաջորդ քայլը՝ պատասխանատվությունն է:

Պատասխանատվությունը վերցրեք Ձեզ վրա

Երբ հայտնվում եք դժվար իրավիճակում և ընդունում եք այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում, հաջորդ բանը, որ պետք է մտածեք, հետևյալն է՝ ինչպե՞ս ստեղծված իրավիճակից դուրս գալ: Հենց այստեղ է, որ մարդիկ երկմտում են՝ «Դուրս գամ սեփական ուժերո՞վ, թե՞ այլ մարդկանց օգնությամբ»: Կարևորագույն բաներից մեկը, որ հասկացել եմ, հետևյալն է.

Հույսը միշտ քեզ վրա պետք է դնես, պատասխանատվությունն ամբողջությամբ քեզ վրա վերցնես և կողմնակի օգնություն չակնկալես: Օգնություն անհրաժեշտ պահին միգուցե և լինի, սակայն այդ ուղղությամբ մի մտածեք, դրանից կախված մի եղեք (առաջին հերթին՝ հոգեբանորեն): Ինքնուրույն արեք առավելագույնը: Գիտակցեք, որ ոչ ոք պարտավոր չէ Ձեզ օգնել (սակայն դա չի նշանակում, որ մարդիկ անտարբեր են և օգնության ձեռք չեն մեկնի), քանի որ յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, ինչի մասին Դուք պարզապես տեղյակ չեք:

Երբ պատասխանատվությունն ամբողջությամբ Ձեզ վրա եք վերցնում, ձեռք եք բերում վստահություն, ազատություն, ավելի «գրագետ» ապրելու հնարավորություն: Կյանքի հաջորդ հարվածները Ձեզ չեն տապալի այնպես, ինչպես առաջինը, քանի որ ունեք որոշակի փորձ, ձեռք եք բերել որոշակի հմտություններ: Իսկ օգնություն ակնկալողն իր ողջ կյանքի ընթացքում հարվածներից ընկնելու է այնպես, ինչպես առաջին անգամ:

Օգնություն ակնկալողը կյանքի ողջ ընթացքում հարվածներից ընկնելու է այնպես, ինչպես առաջին անգամ:

Դուք միակը չեք

Երբ դժվարությունների միջով եք անցնում, Ձեզ կարող է թվալ, թե շրջապատում մյուսներն անհոգ են՝ չգիտակցելով, որ նույնիսկ Ձեր մտերմիկ շրջապատում կան մարդիկ, ովքեր ավելի մեծ խնդիրներ ունեն: Դժվարությունները մեզ պարփակում են մեր փոքրիկ աշխարհում, և երբեմն այնքան ենք դրանց վրա կենտրոնանում, որ սկսում ենք չնկատել, թե ինչ է կատարվում այլ մարդկանց կյանքում, արտաքին աշխարհում: Դժվարությունները նեղացնում են մեր մտահորիզոնը:

Շատերին հուսադրում է այն, որ իրենք միակը չեն, որ նման խնդիրներ ունեն: Այդպես դժվարությունը կարծես կիսվում, թեթևանում է: Այդ պատճառով են որոշակի կախվածություն (խնդիր) ունեցող մարդիկ իրենց ավելի հանգիստ զգում, երբ գտնվում են նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց խմբում: Այդպես նրանց ինչ-որ կերպ հաջողվում է դուրս գալ «ցավը միայն ինձ է պատկանում» հոգեվիճակից:

Միայն գիտակցելը, որ Դուք միակը չեք, օգնում է (օրինակ՝ Դուք մահվանն ավելի թեթև եք վերաբերվում, քանի որ գիտեք, որ բոլորն են մահանում: Իսկ ի՞նչ զգացումներ կունենայիք, եթե իմանայիք, որ բոլորն անմահ են, և միայն Դուք պետք է մահանաք): Եթե աշխարհում այլ մարդիկ կան, ովքեր նմանատիպ կամ ավելի լուրջ խնդիրներ ունեն, ապրում են դրանց հետ կամ հաղթահարում, ուրեմն Դուք էլ կարող եք: Չէ՞ որ հազվադեպ են դժվարությունները մի ամբողջ կյանք տևում: Դժվարությունը հարատև է դառնում այն ժամանակ, երբ մարդը հանձնվում է: Սակայն համառ մարդը չի պարտվում: Նույնիսկ եթե կորուստներ է ունենում (նյութական, հոգեկան կամ մարդկային), դա չի նշանակում, որ նա պարտված է: Այդ դեպքում նա վերադառնում է առաջին կետին («Ընդունել այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում») և շարունակում է ապրել:


Դուք կարո՛ղ եք

Դուք կարող եք հաղթահարել դժվարությունները, որքան էլ դրանք մեծ թվան: Պարզապես պետք է որոշակի հոգեվիճակ ձեռք բերել: Ամեն ինչ կախված է Ձեզնից. պատճառները, հանգամանքները, քայլերն ու լուծումներն այլ տեղ մի փնտրեք: Եթե դժվարությունն ավելի մեծ է, քան Դուք, նշանակում է՝ Դուք պետք է աճեք: Ես չեմ պնդում, որ դժվարությունը հեշտ է հաղթահարել, բայց եթե չաճեք, Դուք կպարտվեք:

Եթե դժվարությունն ավելի մեծ է, քան Դուք, նշանակում է՝ Դուք պետք է աճեք:

Հ.Գ.
Իհարկե, կան դեպքեր, որոնք «օգնություն չակնկալելու» տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Օրինակ՝ մարդու կյանքին սպառնացող առողջական վտանգ կա և սեղմ ժամկետում անհրաժեշտ է ֆինանսական հարցեր լուծել, կամ ավազակային հարձակման զոհ եք դարձել, և այդ պահին ի վիճակի չեք միայնակ դիմակայել: Խոսքն այստեղ եզակի դեպքերի մասին չէ, այլ կյանքի ընդհանուր փիլիսոփայության. այն փիլիսոփայության, որը Ձեզ հնարավորություն կտա նույնիսկ նման եզակի դեպքերին հետագայում ավելի պատրաստ լինել:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: