Մի՛ վախեցեք տարբերվել. «Ձախլիկների» կանոնը

Ձախլիկ

Հաճախ կյանքի տարբեր իրավիճակներում մեր պահվածքը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչ ենք մենք ուզում, ինչպես ենք տվյալ իրավիճակն ինքներս տեսնում, այլ նրանով, թե ինչպես է այդ իրավիճակում իրեն պահում շրջապատը: Մեզ զգալով որպես մեծ շրջապատի փոքր մաս՝ մենք կրկնօրինակում ենք մեծամասնության պահվածքը, գործողությունները, մտածելակերպը: Մենք վախենում ենք տարբերվել, երբ խոսքն ինչ-որ առանցքային հարցերի է վերաբերվում:

Մենք «վախենում ենք».

  • սեղանի շուրջ նստած՝ չօգտագործել ալկոհոլ, երբ բոլորը խմում են,
  • չվերանորոգել բնակարանը, երբ բոլորի մոտ վերանորոգված է (նույնիսկ եթե տվյալ պայմաններում մեզ շատ հարմար է)
  • ամուսնանալ ուշ, երբ բոլորը ձգտում են շուտ ամուսնանալ,
  • երեխային տարբերվող անուն տալ, երբ բոլորն անունները նույն ցանկից են ընտրում,
  • այլ կրթություն ստանալ, երբ բոլորը նույն կրթությունն են ստանում,
  • հագնվել տարբեր, երբ ընդունված ոճ կա,
  • արտահայտել մեր մտքերը, եթե դրանք տարբերվող են:

«Ձախլիկների» կանոնը

Մարդկանց պահվածքը բնութագրող այդ կանոնը ես անվանել եմ «Ձախլիկների» կանոն: Ահա, թե ինչու: Մարդկանց մեծամասնության մոտ հիմնական գործուն ձեռքը աջն է: Աջ ձեռքով ենք մենք բարևում, գրում, հեռախոսը բռնում: Մարդկանց ավելի փոքր մասի մոտ գլխավորը ձախ ձեռքն է: Նման մարդկանց մենք անվանում ենք «ձախլիկ»: Եթե մենք գտնվում ենք որոշակի վայրում, որտեղ նկատում ենք, որ ինչ-որ մեկը «ձախլիկ» է, մենք նրան առանձնահատուկ ուշադրության ենք արժանացնում, հետևում ենք, կարող ենք հարցեր տալ, քննարկել: Մարդկանց մի մասն էլ, վստահ եմ, կարծում է, թե դա նորմայից շեղում է, այդ մարդիկ ինչ-որ խնդիր ունեն: Բայց իրականությունն այն է, որ «ձախլիկ» համարվող մարդն ունի ճիշտ նույն հնարավորությունները, որոնք ունի «աջլիկ» համարվող մարդը: «Ձախլիկները» չունեն որևէ սահմանափակում և չկա ապացույց, որ առավել է «աջլիկ» լինելը: Ողջ խնդիրը նրանումն է, որ «աջլիկները» շատ են, իսկ «ձախլիկները»՝ քիչ:

Խնդիրը տարբերվելն է

Երբեմն խնդրի տպավորություն կարող է առաջանալ միայն այն պատճառով, որ Դուք տարբերվում եք մարդկանց մեծ մասից: Դուք կարող եք լինել ավելի խելացի, արդյունավետ, ավելի ճիշտ կողմնորոշվեք տվյալ իրավիճակում, ավելի իմաստալից գործեք, բայց քանի որ նրանք շատ են, ընկալումը կլինի ճիշտ հակառակը: Այս հոգեբանական գործոնով է հաճախ պայմանավորված մեր պահվածքը, սովորությունները: Մենք շատ բաներ կրկնօրինակում ենք՝ վախենալով «ձախլիկ լինել»: Մենք շատ դեպքերում ինչ-որ բան ենք անում՝ առանց գիտակցելու (մեր փոխարեն գիտակցել է մեծամասնությունը): Մի դրվագ եմ հիշում ֆիլմերից մեկից, երբ քարայծների խումբը, փախչելով գիշատչից, և հետևելով խմբի առջևում վազող քարայծին, նրա հետևից թռչում է անդունդը, երբ փախչելու այլ ուղղություններ կան: Այս պահվածքը ոչ միայն քարայծների մոտ է հանդիպում: Հաճախ մենք նույնպես «վազում ենք»՝ հետևելով խմբին:

Մի վախեցեք «ձախլիկ» լինել: Մտածեք ինքնուրույն, վերլուծեք ինքնուրույն, ապրեք ուրույն:

Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ սեփական բովանդակությունն եք ստեղծում: