3 «տհաճ» ճշմարտություն անձնային շփման մասին
![Անձնային շփում](https://i0.wp.com/selfhelp.am/wp-content/uploads/2020/06/people-post.png?resize=900%2C365&ssl=1)
Տարիներ առաջ ես գիտակցեցի, որ եթե դիտարկենք կյանքը երկարաժամկետ տեսանկյունից, ապա մեր կյանքի որակի վրա ազդող գլխավոր գործոններից մեկն այն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում այլ մարդկանց: Այդ բացահայտումն իմ կյանքը հիմնովին փոխեց:
Այն ամենը, ինչ մենք կյանքում կառուցում ենք, ինչ-որ կերպ կապված է մարդկանց հետ: Չեմ կարծում, թե մենք նույնիսկ կցանկանայինք երկար ապրել, եթե աշխարհում մենակ լինեինք: Մենք դա ուզում ենք, քանի որ շրջապատված ենք մարդկանցով:
Մարդիկ ուղղակի և անուղղակի կերպով փոխում են մեր ապրելակերպը: Որպեսզի հնարավորինս ղեկավարենք այդ գործընթացը, պետք է մարդկանց հետ շփմանը լրջությամբ վերաբերվենք: Անձնային շփման մեջ ես անընդհատ ինքնակատարելագործվում եմ: Եվ տարիների ընթացքում հետևություններ եմ արել, որոնք ուզում եմ Ձեզ ներկայացնել:
Մենք ինքներս մեզ խաբում ենք
Յուրաքանչյուրիս թվում է, թե մարդկանց հետ շփման մեջ մեզ մոտ ամեն բան լավ է՝ մենք արդար ենք, բարեխիղճ ենք, շատ տալիս և քիչ ենք ուզում, իրավիճակը զգում ենք դիմացինից լավ, իսկ երբ շփման մեջ ինչ-որ բան չի ստացվում, ապա պատճառը դիմացի մարդն է, քանի որ նա չի կարողանում իրավիճակը մեր աչքերով տեսնել:
Մի դեպք…
Տարիներ առաջ մի թրեյնինգի ավարտական երեկոյի էի ներկա գտնվում, երբ մասնակիցներից մեկը, գինու բաժակը ձեռքին, ճառն այսպես սկսեց՝ «Ուրախ էի, որ մասնակցեցի, հրաշալի մարդիկ էին այստեղ հավաքվել»:
Հիշում եմ, թե ինչ մտածեցի այդ պահին: Դա սովորական (ոչ թե հրաշալի) մարդկանց հավաքույթ էր: Միջավայրն ու հանգամանքներն ազդում են այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մարդկանց ընկալում: Այդ «հրաշալի» մարդկանցից շատերն ինչ-որ մեկի ձանձրալի հարևանն են, անտանելի ղեկավարը կամ անպատասխանատու գործընկերը:
Նրանցից շատերը խանութում չեն ուզում հերթի մեջ սպասել, կոպտում են վաճառողուհուն կամ անտեղի քննադատում են ուրիշներին: Դուք ինքներդ այդ «հրաշալի» մարդկանց այլ կերպ կվերաբերվեիք, եթե նրանք լինեին ձեր հարևանները , նրանց հետ աշխատեիք կամ ձեզնից պարտքով գումար խնդրեին: Եվ հակառակը՝ այսօրվա ձեր «սովորական» հարևաններից շատերը մեկ այլ միջավայրում հրաշալի մարդիկ են:
Ես հասկացա, որ մենք տեսնում ենք աշխարհն այն անկյան տակ, որը մեզ է ձեռնտու: Ցավոք այդ անկյունը նեղ է: Մենք մեր գլխում սեփական անձի որոշակի կերպար ենք ստեղծում և համոզում ենք ինքներս մեզ, որ այդ կերպարը բոլորի գլխում է: Եվ երբ փորձում ենք շփման մեջ ծագած որևէ խնդրի պատճառ հասկանալ, մենք այն փնտրում ենք այլ տեղ և անկեղծորեն վրդովվում ենք, քանի որ համեմատում ենք ոչ թե մեզ և դիմացինին, այլ մեր մտացածին կերպարը և դիմացինին: Իսկ իրականում դա մենք չենք, այլ այն, թե ինչ ենք մեր մասին մտածում:
Որակյալ շփումը հեռվից ենք սկսում
Այն, թե որքան լավ ենք մենք շփվում այլ մարդկանց հետ, յուրաքանչյուրն իր սանդղակով է չափում: Ես նկատել եմ, որ այդ սանդղակը սովորաբար ընկած է ընտանիքից դուրս: Այսինքն՝ մենք ավելի բարեհամբյուր, ժպտերես և հանդուրժող ենք այն մարդկանց հանդեպ, ում հանդիպում ենք դրսում: Ընդ որում՝ խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր, կարծում ենք, թե մեզ պետք է «ծառայեն» (նման շփման մեջ, ընդհակառակը, հանդուրժող չենք): Խոսքը «չեզոք» շփման մասին է, երբ մեկը մյուսի հանդեպ պարտավորություն չունի:
Իսկ ընտանիքում շփումն այլ է. կարելի է վիճել, նյարդայնանալ, բողոքել, հարվածել, չհանդուրժել, քննադատել, անտեսել, ստիպել, և այլն, և այլն: Այսինքն այն, ինչից մենք խուսափում ենք դրսում, անում ենք ընտանիքում, քանի որ այն «մերն է»:
Ինչ-որ պահի ես հասկացա, որ մարդկանց հետ որակյալ շփման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ այդ շփումը որակյալ է ընտանիքի ներսում: Դա առաջին քայլն է: Այն, թե ինչպես ենք մենք շփվում մեր հարազատների՝ ծնողների և երեխաների, քույրերի և եղբայրների, ամուսնու կամ կնոջ հետ, որոշում է այն, թե շփման ինչ մակարդակի վրա ենք մենք գտնվում:
Եթե մեր շրջապատը պատկերացնենք որպես շրջան, ապա որակյալ շփումը պետք է սկսվի շրջանի կենտրոնից, այլ ոչ թե տարածվի շրջանագծով՝ ներսը թողնելով դատարկ: Իսկ ներսում նրանք են, ում հետ մենք շփվում ենք ամեն օր: Չի կարելի վատ շփվել ընտանիքի անդամների, հարևանների կամ գործընկերների հետ, և խոսել շփման բարձր մակարդակի մասին՝ լավ շփվելով միայն ընկերների հետ, ում հետ շաբաթական մեկ անգամ թեյում ենք: Ընդ որում՝ «վատ շփում» ասելով պետք չէ հասկանալ նյարդայնանալը, վիճելը, բողոքելը կամ անտարբեր լինելը: Խոսքն այն մասին է, թե ինչ է կատարվում մեր ներսում, ինչպես ենք մենք մարդկանց վերաբերվում: Հիշեք՝ շփումը սկսվում է մեր ներսում: Այն, ինչը երևում է արտաքինում, մենք կարող ենք «բեմադրել»:
Մարդկանց հետ շփման մեջ իմ աճը ես գնահատում եմ՝ սկսելով ընտանիքի անդամների հետ շփումից: Եթե հարազատներիդ հետ չի ստացվում լավ շփվել, ապա մարդկանց հետ որակյալ շփման մասին վաղ է խոսել:
Կարծում ենք, թե շփումն այն է, ինչն արտաքինում է
Մենք կարծում ենք, թե մարդկանց հետ լավ շփումը սկսվում է նրանից, թե ինչպես ենք մենք նրանց հետ զրուցում, ինչպես ենք նրանց արարքներին արձագանքում, դեմքի ինչ արտահայտություն ունենք, որքան հաճախ ենք ժպտում, որքան ուշադիր ենք լսում, և այլն, և այլն: Իրականում լավ շփումը սկսվում է նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում մարդկանց, երբ մենակ ենք:
Երբ մարդկանց լավ ես վերաբերվում, այն, ինչը պետք է արտաքինում լինի, արտահայտվում է ինքնըստինքյան: Եվ հակառակը՝ երբ մարդկանց լավ չես վերաբերվում, ինչ էլ փորձես արտաքինում ցուցադրել, դրանից շփման որակն էականորեն չի լավանում: Մարդիկ զգում են այն, ինչն արվում է արհեստականորեն: ժամանակի ընթացքում նրանք գիտակցում են, թե դիմացինն իրենց մասին ինչ է մտածում:
Այն, ինչը չես ուզում իրականում, մի արա նաև մտքում:
Երբ ժպտում ես ընկերոջդ, ումից հաճախ բողոքում ես իր բացակայության ժամանակ, դա որակյալ շփում չէ: Երբ հարևանիդ շաքարավազ ես տալիս՝ չուզելով, դա որակյալ շփում չէ: Երբ թեյավճար ես թողնում՝ պարտադրված, դա որակյալ շփում չէ: Երբ ընտանիքիդ անդամներին լավ ես վերաբերվում միայն նրա համար, որ նրանք «քոնն են», դա որակյալ շփում չէ:
Մարդկանց հետ լավ շփման լավագույն ձևն այն է, երբ նրանց մասին լավ ես մտածում: Շփման մեջ ինքնակատարելագործումը սկսվում է մեր մտքերից: Եթե մտքերդ չես փոխում, արտաքին փոփոխություններն արդյունավետ չեն: Շփման մեջ արտաքին, կարճաժամկետ արդյունքները երկարաժամկետ հանգստություն և գոհունակություն չեն պարգևում: Նման զգացումը գալիս է այն ժամանակ, երբ կարգավորում ես ներաշխարհդ: Միայն դրանից հետո է շփման որակը լավանում: Միայն դրանից հետո եք դուք մարդկանց դեպի ձեզ «ձգում»: Իսկ ի՞նչը շփման մեջ կարելի է դրանից ավելի լավ ցուցանիշ համարել: