3 «տհաճ» ճշմարտություն անձնային շփման մասին

Հեղինակ՝
Անձնային շփում

Տարիներ առաջ ես գիտակցեցի, որ եթե դիտարկենք կյանքը երկարաժամկետ տեսանկյունից, ապա մեր կյանքի որակի վրա ազդող գլխավոր գործոններից մեկն այն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում այլ մարդկանց: Այդ բացահայտումն իմ կյանքը հիմնովին փոխեց:

Այն ամենը, ինչ մենք կյանքում կառուցում ենք, ինչ-որ կերպ կապված է մարդկանց հետ: Չեմ կարծում, թե մենք նույնիսկ կցանկանայինք երկար ապրել, եթե աշխարհում մենակ լինեինք: Մենք դա ուզում ենք, քանի որ շրջապատված ենք մարդկանցով:

Մարդիկ ուղղակի և անուղղակի կերպով փոխում են մեր ապրելակերպը: Որպեսզի հնարավորինս ղեկավարենք այդ գործընթացը, պետք է մարդկանց հետ շփմանը լրջությամբ վերաբերվենք: Անձնային շփման մեջ ես անընդհատ ինքնակատարելագործվում եմ: Եվ տարիների ընթացքում հետևություններ եմ արել, որոնք ուզում եմ Ձեզ ներկայացնել:

Մենք ինքներս մեզ խաբում ենք

Յուրաքանչյուրիս թվում է, թե  մարդկանց հետ շփման մեջ մեզ մոտ ամեն բան լավ է՝ մենք արդար ենք, բարեխիղճ ենք, շատ տալիս և քիչ ենք ուզում, իրավիճակը զգում ենք դիմացինից լավ, իսկ երբ շփման մեջ ինչ-որ բան չի ստացվում, ապա պատճառը դիմացի մարդն է, քանի որ նա չի կարողանում իրավիճակը մեր աչքերով տեսնել:

Մի դեպք…

Տարիներ առաջ մի թրեյնինգի ավարտական երեկոյի էի ներկա գտնվում, երբ մասնակիցներից մեկը, գինու բաժակը ձեռքին, ճառն այսպես սկսեց՝ «Ուրախ էի, որ մասնակցեցի, հրաշալի մարդիկ էին այստեղ հավաքվել»:

Հիշում եմ, թե ինչ մտածեցի այդ պահին: Դա սովորական (ոչ թե հրաշալի) մարդկանց հավաքույթ էր: Միջավայրն ու հանգամանքներն ազդում են այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մարդկանց ընկալում: Այդ «հրաշալի» մարդկանցից շատերն ինչ-որ մեկի ձանձրալի հարևանն են, անտանելի ղեկավարը կամ անպատասխանատու գործընկերը:

Նրանցից շատերը խանութում չեն ուզում հերթի մեջ սպասել, կոպտում են վաճառողուհուն կամ անտեղի քննադատում են ուրիշներին: Դուք ինքներդ այդ «հրաշալի» մարդկանց այլ կերպ կվերաբերվեիք, եթե նրանք լինեին ձեր հարևանները , նրանց հետ աշխատեիք կամ ձեզնից պարտքով գումար խնդրեին: Եվ հակառակը՝  այսօրվա ձեր «սովորական» հարևաններից շատերը մեկ այլ միջավայրում հրաշալի մարդիկ են:

Ես հասկացա, որ մենք տեսնում ենք աշխարհն այն անկյան տակ, որը մեզ է ձեռնտու: Ցավոք այդ անկյունը նեղ է: Մենք մեր գլխում սեփական անձի որոշակի կերպար ենք ստեղծում և համոզում ենք ինքներս մեզ, որ այդ կերպարը բոլորի գլխում է: Եվ երբ փորձում ենք շփման մեջ ծագած որևէ խնդրի պատճառ հասկանալ, մենք այն փնտրում ենք այլ տեղ և անկեղծորեն վրդովվում ենք, քանի որ համեմատում ենք ոչ թե մեզ և դիմացինին, այլ մեր մտացածին կերպարը և դիմացինին: Իսկ իրականում դա մենք չենք, այլ այն, թե ինչ ենք մեր մասին մտածում:

Որակյալ շփումը հեռվից ենք սկսում

Այն, թե որքան լավ ենք մենք շփվում այլ մարդկանց հետ, յուրաքանչյուրն իր սանդղակով է չափում: Ես նկատել եմ, որ այդ սանդղակը սովորաբար ընկած է ընտանիքից դուրս:  Այսինքն՝ մենք ավելի բարեհամբյուր, ժպտերես և հանդուրժող ենք այն մարդկանց հանդեպ, ում հանդիպում ենք դրսում: Ընդ որում՝ խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր, կարծում ենք, թե մեզ պետք է «ծառայեն» (նման շփման մեջ, ընդհակառակը,  հանդուրժող չենք): Խոսքը «չեզոք» շփման մասին է, երբ մեկը մյուսի հանդեպ պարտավորություն չունի:

Իսկ ընտանիքում շփումն այլ է. կարելի է վիճել, նյարդայնանալ, բողոքել, հարվածել, չհանդուրժել, քննադատել, անտեսել, ստիպել, և այլն, և այլն: Այսինքն այն, ինչից մենք խուսափում ենք դրսում, անում ենք ընտանիքում, քանի որ այն «մերն է»:

Ինչ-որ պահի ես հասկացա, որ մարդկանց հետ որակյալ շփման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ այդ շփումը որակյալ է ընտանիքի ներսում: Դա առաջին քայլն է: Այն, թե ինչպես ենք մենք շփվում մեր հարազատների՝ ծնողների և երեխաների, քույրերի և եղբայրների, ամուսնու կամ կնոջ հետ, որոշում է այն, թե շփման ինչ մակարդակի վրա ենք մենք գտնվում:

Եթե մեր շրջապատը պատկերացնենք որպես շրջան,  ապա որակյալ շփումը պետք է սկսվի շրջանի կենտրոնից, այլ ոչ թե տարածվի շրջանագծով՝ ներսը թողնելով դատարկ: Իսկ ներսում նրանք են, ում հետ մենք շփվում ենք ամեն օր: Չի կարելի վատ շփվել ընտանիքի անդամների, հարևանների կամ գործընկերների հետ,  և խոսել շփման բարձր մակարդակի մասին՝ լավ շփվելով միայն ընկերների հետ, ում հետ շաբաթական մեկ անգամ թեյում ենք: Ընդ որում՝ «վատ շփում» ասելով պետք չէ հասկանալ նյարդայնանալը, վիճելը, բողոքելը կամ անտարբեր լինելը: Խոսքն այն մասին է, թե ինչ է կատարվում մեր ներսում, ինչպես ենք մենք մարդկանց վերաբերվում: Հիշեք՝ շփումը սկսվում է մեր ներսում: Այն, ինչը երևում է արտաքինում, մենք կարող ենք «բեմադրել»:

Մարդկանց հետ շփման մեջ իմ աճը ես գնահատում եմ՝ սկսելով ընտանիքի անդամների հետ շփումից: Եթե հարազատներիդ հետ չի ստացվում լավ շփվել, ապա մարդկանց հետ որակյալ շփման մասին վաղ է խոսել:

Կարծում ենք, թե շփումն այն է, ինչն արտաքինում է

Մենք կարծում ենք, թե մարդկանց հետ լավ շփումը սկսվում է նրանից, թե ինչպես ենք մենք նրանց հետ զրուցում, ինչպես ենք նրանց արարքներին արձագանքում, դեմքի ինչ արտահայտություն ունենք, որքան հաճախ ենք ժպտում, որքան ուշադիր ենք լսում, և այլն, և այլն: Իրականում լավ շփումը սկսվում է նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում մարդկանց, երբ մենակ ենք:

Երբ մարդկանց լավ ես վերաբերվում, այն, ինչը պետք է արտաքինում լինի, արտահայտվում է ինքնըստինքյան: Եվ հակառակը՝ երբ մարդկանց լավ չես վերաբերվում, ինչ էլ փորձես արտաքինում ցուցադրել, դրանից շփման որակն էականորեն չի լավանում: Մարդիկ զգում են այն, ինչն արվում է արհեստականորեն: ժամանակի ընթացքում նրանք գիտակցում են, թե դիմացինն իրենց մասին ինչ է մտածում:

Այն, ինչը չես ուզում իրականում, մի արա նաև մտքում:

Երբ ժպտում ես ընկերոջդ, ումից հաճախ բողոքում ես իր բացակայության ժամանակ, դա որակյալ շփում չէ: Երբ հարևանիդ շաքարավազ ես տալիս՝ չուզելով, դա որակյալ շփում չէ: Երբ թեյավճար ես թողնում՝ պարտադրված, դա որակյալ շփում չէ: Երբ ընտանիքիդ անդամներին լավ ես վերաբերվում միայն նրա համար, որ նրանք «քոնն են», դա որակյալ շփում չէ:

Մարդկանց հետ լավ շփման լավագույն ձևն այն է, երբ նրանց մասին լավ ես մտածում: Շփման մեջ ինքնակատարելագործումը սկսվում է մեր մտքերից: Եթե մտքերդ չես փոխում, արտաքին փոփոխություններն արդյունավետ չեն: Շփման մեջ արտաքին, կարճաժամկետ արդյունքները երկարաժամկետ հանգստություն և գոհունակություն չեն պարգևում: Նման զգացումը գալիս է այն ժամանակ, երբ կարգավորում ես ներաշխարհդ: Միայն դրանից հետո է շփման որակը լավանում: Միայն դրանից հետո եք դուք մարդկանց դեպի ձեզ «ձգում»: Իսկ ի՞նչը շփման մեջ կարելի է դրանից ավելի լավ ցուցանիշ համարել:



error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: