Գիտակցված ապրելու մասին
Ես նկատել եմ, որ հաճախ եմ օգտագործում «գիտակից», «գիտակցություն», «գիտակցական մակարդակ» բառերը: Դա ինքնըստինքյան է ստացվում: Հավանաբար պատճառն այն է, որ սեփական գիտակցությունն ընդլայնելն իմ կյանքի գլխավոր զբաղմունքներից է: Գիտակցության որոշակի մակարդակի գալը ինձ համար առաջին փուլն է իմաստալից կյանք ապրելու:
Գիտակցությանս վրա սկսեցի «աշխատել» 10 տարի առաջ և սկսեցի դա ոչ գիտակցաբար: Սկսեցի ավելի խորը մտածել այն ամենի մասին, ինչ բոլորս անում ենք, և ինչը սովորական է: Եթե նախկինում կանոնները, որոնցով շարժվում է հասարակությունը, ինձ համար որոշակի զրոյական շերտ էր, որի վրա սեփական կյանքը պետք է կառուցել, սկսեցի նկատել շատ երևույթներ, որոնք, ինչպես հիմա եմ գնահատում, զրոյական շերտից ցածր են:
Օրինակ՝ ինչու էի հաճախ զայրանում, ինչու էի ընտանիքիս անդամների հետ վիճում, ինչու էի ձգտում ավելի շատ ժամանակ փողոցում անցկացնել, ինչու էի ծխում կամ ալկոհոլ օգտագործում, ինչու էի մինչ ուշ երեկո գրասենյակում անցկացնում, ինչու էի քիչ քնում, ինչու սեփական առողջության, սննդի վրա ուշադրություն չէի դարձնում: Ինչու էին այդքան կարևոր բաներ հայացքիցս վրիպում, և ինչու էի նկատում այն, ինչը կարևոր չէ:
Ինչու էի ձգտում, որ մարդիկ իմ վրա ուշադրություն դարձնեն, ինչու էր մարդկանց հանդեպ հոգատարությունս պարզունակ «քաղաքավարիությամբ» դրսևորվում, ինչու էի խոսում տերմիններով, որոնց իմաստը չէի հասկանում, ինչու էի ընդհանրապես շատ խոսում, ինչու մտքովս չէր անցնում փորձել այն, ինչ շրջապատումս ոչ ոք չէր փորձում, ինչու էի ձգտում ավելորդ հաճույքներով ավելորդ իմաստ հաղորդել կյանքին, երբ կյանքն ամենաիմաստալիցն է, երբ ավելորդից ես ազատվում:
Ժամանակին ես ձգտում էի երջանիկ ապրել: Այժմ ես ձգտում եմ գիտակցված ապրել:
Ես մի սկզբունք ունեմ, որին միշտ փորձում եմ հետևել: Ես չեմ զբաղվում այնպիսի բանով, որի արդյունքում գիտակցությունս չի ընդլայնվում, կամ եթե զբաղվում եմ ինչ-որ բանով, դրանում պետք է ինչ-որ բան գտնեմ, որի շնորհիվ գիտակցությունս կընդլայնեմ:
Ես դա կիրառում եմ կյանքիս բոլոր ոլորտներում՝ երեխաների հետ խաղալիս, աշխատելիս, ճանապարհորդելիս, անծանոթ մարդկանց հետ շփվելիս, ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելիս կամ երբ մենակ եմ: Ես դա անում եմ նույնիսկ պարապության ժամանակ: Ես դա փորձում եմ անել ամեն օր:
Ամեն օրվա արդյունքում ես պետք է մի փոքր ավելի լայն տեսնեմ աշխարհը: Դրանից ես մեծագույն հաճույք եմ ստանում: Եթե գիտելիքը կամ փորձը չեն ընդլայնում մեր գիտակցությունը, ապա դա ամենաարժեքավոր գիտելիքը կամ փորձը չէ: Ինչ-որ մեկն ասել է՝ «Ընդլայնված գիտակցությունն այլևս երբեք չի վերադառնա իր նախկին սահմաններին»: Մենք պետք է անընդհատ ընդարձակենք մեր գիտակցական սահմանները և փորձենք անել դա՝ չշեղվելով մեր առօրյայից