Ոչ թե ստիպիր, այլ օրինակ ծառայիր

Հեղինակ՝

Մայրը ստիպում է երեխային ուտել: Հայրը ստիպում է դեռահաս որդուն չծխել: Դուստրը ստիպում է տարեց հորը բժշկի այցելել: Տնօրենը ստիպում է ընկերության աշխատակիցներին լավ աշխատել: Ուսուցիչը ստիպում է աշակերտներին դասի ընթացքում չաղմկել:

Ես գիտեմ, որ մարդը փոխվում է այն ժամանակ, երբ ինքն է փոփոխության որոշում կայացնում: Երբ մարդուն ստիպում ես, փորձում ես պարտադրել նրան այն որոշումը, որն ինքդ ես կայացրել (գիտակցել): Բայց ստիպելը չի փոխում մարդու գիտակցությունը, իսկ առանց գիտակցական փոփոխության մարդը մնում է նույնը՝ նույնիսկ եթե նրա արդյունքները ժամանակավորապես փոխվում են:

Երբ մարդը հետևում է, նա հնարավորություն ունի գիտակցել: Նա տեսնում է այլ փորձ և սկսում է վերլուծել:

Եթե երիտասարդ մայրիկին ասես, որ երեխային պետք չէ ստիպել ուտել, այլ պետք է օրինակ ծառայել, նա կպատասխանի՝ «Ինչպե՞ս օրինակ ծառայեմ. չէ՞ որ ես միշտ ուտում եմ, և նա տեսնում է»: Այո, և այդ պատճառով էլ բոլոր երեխաներն ուտում են, սակայն այն ժամանակ, երբ քաղցած են (երբ իրենց որոշումն է): Եթե ուզում ես երեխային կերակրել «քեզ անհրաժեշտ» ժամին, ապա պետք է նրա համար այլ օրինակ ծառայես, որպեսզի նա գիտակցի տվյալ պահին ուտելու իմաստը: Եթե ցուրտ եղանակին ուզում ես երեխային տաք հագցնել, պետք չէ երկար խոսել տաք հագնվելու առավելությունների մասին, բավական է ինքդ տաք հագնվես և երբեմն պատմես (ցույց տաս), թե ինչ լավ զգացողություններ ունես:

Մի՛ ծխիր

Երբ ծխող դեռահասի չծխող հայրիկին ասես, որ պետք է ոչ թե նրան ստիպել, այլ օրինակ ծառայել, նա կպատասխանի` «Ես երբեք չեմ ծխել, իմ օրինակը չի օգնում»: Բայց դա անհրաժեշտ օրինակը չէ: Երեխան մանկուց տեսել է չծխող հայրիկի և դա նրա համար սովորական է: Հետագայում նա տեսել է ծխող ընկերներին և նոր փորձ է ձեռք բերել: Ծխելը թողնելու համար նրան չի օգնի չծխող հայրիկի օրինակը: Նրան պետք է կամքի ուժ ունեցող հայրիկի օրինակը, ով ուներ վնասակար սովորություն, սակայն կարողացավ ազատվել: Նրան պետք է փոխվող հայրիկի հետևել: Պարտադիր չէ, որ հայրը սկսի ծխել, ապա՝ թողնի: Նա կարող է այլ օրինակ ծառայել, երբ ինչ-որ բան դժվար էր, չէր ստացվում, բայց նա կարողացավ անել: Նայելով չփոխվող մարդուն՝ փոփոխության ցանկություն չի առաջանում: Սակայն ներսումդ մեծ փոփոխություններ են սկսվում, երբ տեսնում ես մարդու, ով ինքն իրեն հաղթում է:

երեխաներ, երեխանե՛ր

Երբ ուսուցիչը աշակերտներին խնդրում է չաղմկել և արդյունք չի տեսնում, նա չի կարող որպես օրինակ վերցնել իր՝ չաղմկելու փորձը: Հակառակը՝ ավելի ճիշտ կլինի եթե նա սկզբում երեխաների հետ աղմկի, ապա՝ հանդարտվի: Երեխաները պետք է տեսնեն աղմկելուց չաղմկելու անցնելու փորձ, որպեսզի հետևելով՝ գիտակցեն:

Երեխան բազմաթիվ անգամներ կարող է լսել, որ կենդանիներին պետք է սիրել, չհարվածել, բայց նա ոտքով կհարվածի կատվին, երբ դուրս գա փողոց: Խոսքը չի կարող մարդու գիտակցությունն այնպես փոխել, ինչպես օրինակը: Երեխայի վրա կազդի այն, երբ նա փողոցում կատվին շոյող այլ երեխայի տեսնի: Դա ավելի մեծ հավանականությամբ երեխայի մոտ գիտակցական փոփոխություններ կառաջացնի:

Ստիպելը ուժի ռազմավարություն է, օրինակ ծառայելը՝ մտքի:

Ստիպելը ուժի ռազմավարություն է, օրինակ ծառայելը՝ մտքի: Եթե ուզում եք, որ մարդիկ ինչ-որ բան անեն՝ գիտակցելով (արդյունքը լինի երկարաժամկետ), օրինակ ծառայեք:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: