Մի տվեք մարդուն ավելի շատ ինֆորմացիա, քան նա խնդրել է: Խորհուրդ մի տվեք մարդուն, եթե չի խնդրել:

Երբ մենք ուզում ենք դիմացինի վրա տպավորություն թողնել, խոսում ենք ավելի շատ, քան անհրաժեշտ է: Մեզ հարցնում են՝ «Ինչպե՞ս ես», իսկ մենք պատմում ենք մեր արձակուրդի, բնակարանը վերանորոգելու, նոր ձեռքբերումների,  աշխատանքային հաջողությունների, այն հայտնի մարդուն հանդիպելու մասին:

Սովորաբար ավել տրված ինֆորմացիան մարդկանց պետք չէ: Իսկ երբ պետք է, հաճախ նրանք օգտագործում են այն ի օգուտ իրենց և ի վնաս մեզ, երբեմն՝ ի օգուտ մեզ և իրենց, հազվադեպ՝ ի օգուտ մեզ և ի վնաս իրենց: 

Երբ մենք դիմացինին ոգևորված պատմում ենք, որ անգլերեն լեզվի դասընթացի ենք հաճախում (փորձելով հպարտանալ), նրա ենթագիտակցությունը փորձում է այդ ինֆորմացիայի մեջ իր համար օգուտ գտնել: «Ահա թե ում կարող եմ խնդրել թարգմանել այն փաստաթուղթը». մտածում է նա: Երբեմն դիմացինի մտքով կարող է երկուստեք օգտակար բան անցնել. «Ես նույնպես անգլերեն եմ սովորում, կարող ենք երբեմն հանդիպել և զրուցել՝ խոսքը վարժեցնելու համար»: Եվ հազվադեպ դիմացինի մտքով կանցնի հետևյալը՝ «Ես կարող եմ հանգստյան օրերին քերականության հարցում քեզ օգնել. ինքս լավ տիրապետում եմ»: Մինչ մենք փորձում ենք դիմացինին մեզնով զարմացնել, նրա ուղեղն աշխատում է այլ ուղղությամբ՝ օգուտ փնտրելով: Այդ պատճառով ես ավելորդ եմ համարում մարդու հետ խոսել այն մասին, ինչով նա չի հետաքրքրվել:

Ֆուտբոլը դիտե՞լ ես

Ես ֆուտբոլի մոլի երկրպագու չեմ, սակայն մեր երկրի հավաքականի խաղերը դիտում եմ: Մի օր որդիս հարցրեց. «Երեկ ֆուտբոլը նայեցի՞ր»: Որոշեցի խրատական պատասխան տալ՝ «Չարժե ֆուտբոլ հաճախ նայել: Դա մեզ կարևոր գործերից և մտքերից շեղող այն երևույթներից է, որոնք այդ պահին քեզ զբաղեցնում են, հետաքրքիր են, բայց կյանքիդ, ապագայիդ վրա չեն ազդում (այնպես, ինչպես գեղարվեստական ֆիլմերը, համերգները, զվարճալի հաղորդումները): Օրը պետք է այնպես անցկացնես, որ օրվա վերջում քեզնից գոհ լինես, զգաս, որ արժեքավոր բաներ ես արել: Ֆուտբոլն իմ մոտ նման զգացողություն չի առաջացնում»: Որդիս ուշադիր լսեց, ապա ասաց. «Պա՛պ, ես քեզ պարզ հարց տվեցի՝ ֆուտբոլը նայեցի՞ր»«Ոչ». պատասխանեցի, և միասին ծիծաղեցինք: 

Ֆուտբոլ

Երբ մարդուն փորձում ես տալ այն, ինչը, կարծում ես, նրան պետք է, հաճախ մոռանում ես տալ այն, ինչ նա ուզել է: Եթե ցանկանում էի արդյունավետ կյանքի իմ «փիլիսոփայության» մասին որդուս պատմել, սկզբում պետք է տայի այն, ինչ նա ուզել էր («Ոչ, չեմ դիտել»), և հետո միայն փորձեի լրացուցիչ հետաքրքրություն ստեղծել («Եթե հետաքրքիր է, կարող եմ ասել, թե ինչու»): Դրական պատասխան (ազդակ) ստանալուց հետո միայն կարելի էր այդ մասին խոսել:

Պետք է մարդուն տաս այն ինֆորմացիան, որ նա ուզել է: Որքան այն կոնկրետ լինի, այնքան ավելի լավ:

Խորհուրդ մի տուր, եթե չի խնդրել

Ես փոխել եմ վերաբերմունքս նաև խորհուրդների հանդեպ: Երբ ես սկսեցի աշխատել սեփական անձի բարելավման վրա և կյանքումս զգալի դրական փոփոխություն զգացի, որոշեցի, որ հարազատներիս իմ խորհուրդները կարող են օգնել: Բայց մեկ-երկու փորձից հետո գիտակցեցի, որ չխնդրված խորհուրդն անպետք նվեր է: Երբեմն մարդիկ դիտարկում են դա որպես իրենց կյանքին խառնվելու փորձ, երբեմն՝ մեծամտություն, երբեմն էլ դրա կարիքն ընդհանրապես չունեն: Որքան էլ դիմացինին օգնելու ոգևորությունս մեծ էր, սկսեցի այն ղեկավարել: Որոշեցի, որ մարդուն պետք է ընտրելու ազատություն տալ: Այդ պատճառով, երբ զգում եմ, որ դիմացինին կարող եմ օգտակար լինել, ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ զրույցի մեջ հպանցիկ նշում եմ սեփական արդյունքի մասին: Եթե դիմացինին իմ փորձը հետաքրքիր է, նա կհարցնի: Այդ ժամանակ սիրով կպատմեմ:

Խորհուրդ մի տուր, եթե չեն խնդրել

Դիմացինին պետք է ոչ թե խորհուրդ տալ, այլ խորհուրդ ուզելու հնարավորություն: Ֆիլմ արտադրողները, ստեղծելով ֆիլմի թրեյլերը, մեզ տալիս են ֆիլմը դիտել ցանկանալու հնարավորություն: Մենք դիտում ենք այն ֆիլմը, որն ինքներս ենք ընտրել: Երբ մենք մտնում ենք խանութ, մեզ համար կարևոր են այն ապրանքները, որոնք ընտրել ենք խանութ մտնելուց առաջ: Մեզ դուր չի գալիս, երբ վաճառողը մեզ չնախատեսված ինչ-որ բան է առաջարկում: Սակայն մենք նրա հանդեպ երախտագիտությամբ ենք լցվում, երբ նա մեզ ցույց է տալիս երկար փնտրված ապրանքի տեղը:

Չխնդրված խորհուրդն անպետք նվեր է:

Նույն կերպ պետք է վերաբերվել խորհուրդներին: Եթե մարդուն պետք է, նա կհարցնի: Եթե մարդը չգիտի մեր փորձի մասին, կարելի է նշել, բայց ոչ խոսել (եթե հետաքրքրեց, կհարցնի, իսկ եթե չհետաքրքրեց, պետք է առաջ անցնել):

Հիշեք՝ լավ խորհուրդը խնդրված խորհուրդն է:

Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: