Ինչպես գրավել տղայի սիրտը
Սիրային հարաբերությունների թեմայով ես խոսելու շատ բան չունեմ, քանի որ իմ կյանքում հանդիպել եմ միայն մեկի հետ, ում հետ ամուսնացել եմ: Կինս ինձ համար երեխայի պես է՝ անփոխարինելի: Ամուսնությունից անցել է 12 տարի, բայց համատեղ կյանքը գնալով միայն հետաքրքրանում է:
Այս հոդվածը գրում եմ այն պատճառով, որ սիրո թեմայի շուրջ հարցումները շատ են: Ես հասկանում եմ այդ մարդկանց, քանի որ դեռահասության տարիներին սկզբում սերը, ապա ամուսնությունը մտքումդ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում:
Նաև հասկանում եմ, որ տղամարդիկ տարբեր են: Այն, ինչ գրված է այս հոդվածում, արտահայտում է միայն մի մասի կարծիքը:
Սիրտը մեկ օրում չես գրավի
Մեծ տարբերություն կա տղայի սիրտը գրավելու և ուշադրությունը գրավելու միջև: Ուշադրություն գրավելը կարճաժամկետ և երերուն արդյունք է, սիրտը գրավելը՝ երկարաժամկետ և ամուր: Ուշադրություն կարող ես գրավել արտաքինով, հագուստով, պահվածքով: Սիրտը կարող ես գրավել բնավորությամբ, գիտակցությամբ, ներաշխարհով:
Երբեմն մարդիկ խոսում են առաջին հայացքից սիրո մասին: Կարծում եմ՝ սերը ձևավորվում է ավելի երկար ժամանակահատվածում: Դիմացինի հանդեպ հետաքրքրության արմատները պետք է աճեն, խորանան քո ներաշխարհում:
Եթե նա, ով առաջին հայացքից գրավում է սիրտդ (իսկ իմ կարծիքով՝ ընդամենը ուշադրությունդ), հաջորդ ակնթարթին խոսի տհաճ ձայնով կամ վատ արտահայտվի նրա մասին, ինչ սիրում ես, նրա հանդեպ հետաքրքրությունը կմարի: Սիրած մարդու հանդեպ, նույնիսկ եթե նա սխալվում է (ունի թերություններ), հետաքրքրությունը չի մարում:
Սերը մարդկանց ուժեղ է կապում:
Այսինքն՝ երբ ես խոսում եմ սիրտը գրավելու մասին, խոսում եմ ոչ թե ակնթարթի, այլ ավելի երկար ժամանակահատվածի մասին: Իսկ երկար ժամանակահատվածում տղայի սիրտը կարելի է գրավել մի շարք բաներով:
Օրինակ՝
- հետաքրքրվելով նրանով, ինչով նա
- ուշադրությամբ
- նրա կյանքի քարտեզը լրացնելով (ոչ թե վերագծելով)
- անկեղծությամբ և պարզությամբ
Իմիջիայլոց, ես չեմ կիսում «Դեպի տղամարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհը անցնում է ստամոքսով» միտքը: Ուտելիքն ընդամենը ուտելիք է: Բայց ուշադրությունը (օրինակ՝ ուտել առաջարկելը) կարևոր է:
Տղամարդկանց համար կարևոր է, երբ անկեղծ հետաքրքրվում են նրանով, ինչ նա սիրում է կամ ինչով հպարտանում է (իր սիրած գործով կամ զբաղմունքով, ապրելակերպով): Դա չի նշանակում, որ պետք է ժամերով ստիպված լսես, թե ինչպես է նա ոգևորված խոսում իրենից՝ չզգալով, որ դա քեզ ձանձրացնում է: Լսելը կարևոր է, բայց խոսքը ձևական լսելու մասին չէ (դա զգացվում է): Խոսքը լսածդ խորը գիտակցելու, դիմացինին հասկանալու մասին է:
Սակայն եթե խոսեմ իմ փորձի մասին, կինս չի գրավել իմ սիրտը՝ սիրելով այն, ինչ ես եմ սիրում կամ հետաքրքրվելով նրանով, ինչով ես: Նրա մեջ ինձ գրավեց պարզությունը:
Գրավիր քեզնով
Շատ աղջիկներ փորձում են փոխվել, լինել մեկ ուրիշը՝ կարծելով, թե այդպես կարժանանան ավելի մեծ ուշադրության (ուշադրության՝ միգուցե, բայց սերը դրանից կախված չէ): Խոսքն այն փոփոխության մասին չէ, երբ մարդն աճում, զարգանում է, և փոփոխությունը դառնում է նրա նոր՝ բնական ես-ի մի մասը: Խոսքն այն մասին է, երբ դու քեզ փոխում ես, սակայն ներքուստ զգում ես, որ դա դու չես (փոխված լինելը քեզ համար բնական չէ):
Անձամբ ինձ դուր է գալիս նաև պարզությունը արտաքինի մեջ (հասկանում եմ, որ չեմ կիսի բոլոր տղամարդկանց կարծիքը): Մի անգամ շատ վաղուց ես խնդրեցի կնոջս չշպարվել (օրինակ՝ մինչ օրս նա չի օգտագործում շրթներկ), որովհետև նա ամենագեղեցիկն է իր բնական դեմքով: Ինձ դուր է գալիս մարդկանց դեմքն արթնանալուց անմիջապես հետո:
Մենք սիրում ենք մեր ծնողներին, երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան: Տանը ոչ ոք չի փորձում լինել մեկ ուրիշը: Եթե դիմացինի սիրտը գրավում ես «կերպարանափոխությամբ», հետագայում ավելի շատ ես կորցնում, երբ նա սկսում է ճանաչել քեզ (եթե այդ ընթացքում իրոք չես փոխվել): Իսկ երբ հենց սկզբից դու դու ես, ընտրում են քեզ:
Փորձիր տղայի սիրտը գրավել ՔԵԶՆՈՎ: