Պլանավորիր կյանքդ. համակարգված ապրելու մասին

Ես ճանաչում եմ երկու տեսակի մարդ: Առաջինները կարևորում են պլանավորումը: Նրանք փորձում են հնարավորինս պլանավորել իրենց օրը, շաբաթը, տարին, ինչ-որ առումով նաև կյանքը: Երկրորդներն ասում են, որ այդպես նմանվում ես ռոբոտի. պետք է թռչնակի պես ազատ լինես, անես այն, ինչ այդ պահին ուզում ես, ինքդ քեզ սահմանների մեջ չդնես:
Երկար տարիներ ես ապրել եմ երկրորդի պես: Ուզում էի ծխել, ծխում էի: Ուզում էի երեկոյան մեծ սենդվիչ ուտել, ուտում էի: Ուզում էի գեղարվեստական ֆիլմ դիտել, ժամերով դիտում էի (երբ դուրս եկավ «Փախուստ բանտից» (Prison Break) սերիալը, օրեր շարունակ մինչև կեսգիշեր դիտում էի սերիաները): Ուզում էի դուրս գալ փողոց, ընկերների հետ ինչ-որ տեղ գնալ, գնում էի: Ուզում էի ոչինչ չանել, չէի անում:
Թվում էր՝ ազատություն է, բայց դա ազատություն էր գիտակցության նեղ շրջանակում: Աշխարհը, որում ապրում ենք, բոլորիս համար նույնը չէ: Յուրաքանչյուրիս աշխարհը սահմանափակ է մեր գիտակցական սահմաններով: Այդ տարիներին ես քիչ էի տեսնում, քիչ էի գիտակցում, կյանքը քիչ էի պատկերացնում, քիչ էի կյանքից սպասում: Իմ կյանքը նման էր փոքրիկ քառակուսու մեջ ազատության: Մտածելակերպս ու ապրելակերպս թույլ չէին տալիս դուրս գալ քառակուսուց, ապրել ավելի լայն աշխարհում:
Ես ինձ չէի զգում կարևոր, յուրահատուկ: Չկար առավոտյան շուտ արթնանալու ոգևորությունը: Դա նման էր իներցիայով ապրելուն:
Կամաց-կամաց, տարիների ընթացքում սկսեցի մտածել մեծ, ավելի ու ավելի մեծ: Տեսա նոր աշխարհ, որում ազատություն ունենալու համար պետք է փոխվեի, աճեի: Դա նման է մի աճի, երբ, օրինակ, բուժքույրը երազում է ոչ թե ավագ բուժքույր դառնալ, այլ հիմնել հիվանդանոցների ցանց:
Աճի մասին
Աճն արդյունավետ չէ, երբ չես ապրում համակարգված: Դրա՝ բոլորիս ծանոթ օրինակը յուրաքանչյուրիս աշխատանքն է: Աշխատանքն արդյունավետ չի լինի, եթե չստեղծես աշխատանքային համակարգ ու այն շարունակաբար չբարելավես: Եթե մարդիկ աշխատավայր գան այն ժամին, երբ ուզում են, աշխատեն այնպես ու այնքան, ինչպես ու որքան ուզում են, չլինեն հստակ ժամեր, ժամկետներ, պարտականություններ, պատասխանատուներ, ապա այդ աշխատանքը չի բերի գործի զգալի զարգացման:
Մեր կյանքում գործում է նույն սկզբունքը: Առողջությանդ չես կարող հետևել իներցիայով: Առողջությունդ չես կարող լավացնել՝ անելով այն, ինչ ուզում ես: Դու սահմանափակումներ ես մտցնում քո օրակարգում, բայց դրանով ձեռք ես բերում առողջ լինելու ազատություն: Հաստատակամ մարզվելով՝ ձեռք ես բերում առանց հոգնելու երկար քայլելու, շենքի բարձր հարկեր ոտքով բարձրանալուց չսարսափելու, առավոտյան առանց մեջքի ցավի արթնանալու ազատություն: Ուշ չքնելով՝ ձեռք ես բերում առավոտյան թարմ ուղեղ ունենալու, ուղեղդ ավելի արդյունավետ օգտագործելու, շատ էներգիա ունենալու և այդ էներգիան կյանքիդ վրա ազատ սպառելու ազատություն:
Պլանավորումը թույլ է տալիս քո ուզած արդյունքին ավելի արագ հասնել (ընդհանրապես հասնել): Երբ ասում ես՝ ես երջանիկ եմ լինելու, և երբ պլանավորում ես՝ ես երջանիկ եմ լինելու 2024 թվականին, դրանք տարբեր մոտեցումներ են: Երբ որոշում ես երջանիկ լինել կոնկրետ 2024 թվականին, դառնում ես ավելի գործուն, պատասխանատու, կենտրոնացած: Այդ դեպքում պետք է հասկանաս, թե ինչ ես անելու հունվարին, փետրվարին, ամռանը, որպեսզի մինչև տարեվերջ դառնաս երջանիկ:
Երբ չես պլանավորում քո աճն ու երկարատև երջանկությունը, փորձում ես կյանքդ երջանկացնել առօրյա փոքրիկ ուրախություններով: Սակայն այն, ինչը քեզ ուրախացնում է, պարտադիր չէ, որ կյանքդ լավացնի: Այլապես կարող էիր առավոտից երեկո դիտել ուրախ հաղորդումներ, անեկդոտներ պատմել կամ լսել, բայց ժամանակի ընթացքում կհասկանայիր, որ կյանքիցդ գոհ չես, երջանիկ չես: Ուրախ ու թեթև կյանքը չի նշանակում իմաստալից կյանք: Իսկ մենք, ներքուստ, մեր կյանքում իմաստ ենք փնտրում, իմաստով ենք ոգեշնչվում, ավելի հեշտ ենք արթնանում, երբ իմաստալից օր է սպասվում:

Իմաստի ու երջանկության մասին
Կյանքն ամենալավը զգում ես այն ժամանակ, երբ սահմանում ես մեծ իմաստ ու աճում ես դեպի այդ իմաստը: Երբ չես աճում, դառնում ես ավելի խոցելի փոքրիկ խնդիրների համար: Խնդիրներից չես կարող խուսափել, անկախ նրանից, թե ինչպես ես ապրում: Որքան շատ ես աճում, այնքան խնդիրների հանդեպ ավելի մեծ իմունիտետ ես ձեռք բերում: Երբ աճում ես ֆինանսապես, քեզ չի տխրեցնում փչացած արդուկը (նորը կգնես): Երբ աճում ես առողջության մեջ, քեզ չի տխրեցնում (սահմանափակում) տարիքը, քանի որ ունես շատ էներգիա, քեզ միշտ երիտասարդ ես զգում: Երբ աճում ես անձնային շփման մեջ, քեզ չի անհանգստացնում տարաձայնությունը զայրացած մեկի հետ: Դու ավելի հեշտ ես հասկանում մարդկանց ու ունակ ես առանց լարվելու խնդիրներ լուծել: Երբ հանդիպում ես մեծ խնդրի (ծանր հիվանդության, չնախատեսված խոշոր ծախսի, բարդ կոնֆլիկտի և այլն), ավելի քիչ հավանականությամբ այն քեզ կտապալի, քանի որ ինքդ էլ աճել, մեծացել ես (բնավորությամբ, գիտակցությամբ, արդյունքներով):
Աճը միայն խնդիրներին դիմակայելու համար չէ: Աճը պետք է նրա համար, որ կյանքում ավելի շատ տեսնես, զգաս, հասկանաս, ավելի շատ լինես այնտեղ, որտեղ ուզում ես: Աճը թույլ է տալիս երջանկության նոր մակարդակներ անցնել: Երջանկությունը միշտ նույն չափի չէ: Պաղպաղակ ուտելու ու երեխա ունենալու երջանկությունները տարբեր են: Վրաստան և Բալի ճանապարհորդելու երջանկությունները տարբեր են: Որքան աճում ես, այնքան մեծացնում ես նոր հոգեվիճակներ ունենալու հնարավորությունը:
Կան մարդիկ, որ համակարգված ապրելուն, պլանավորելուն վերաբերվում են որպես սահմանափակման: Եվ միայն մարդիկ, որոնք այդպես ապրում են, գիտեն, որ դա տալիս է ավելի մեծ ազատություն: