Պլանավորիր կյանքդ. համակարգված ապրելու մասին
Ես ճանաչում եմ երկու տեսակի մարդկանց: Առաջինները կարևորում են պլանավորումը: Նրանք փորձում են հնարավորինս պլանավորել իրենց օրը, շաբաթը, տարին, ինչ-որ առումով նաև կյանքը: Երկրորդներն ասում են, որ այդպես նմանվում ես ռոբոտի. պետք է թռչնակի պես ազատ լինես, անես այն, ինչ այդ պահին ուզում ես, ինքդ քեզ սահմանների մեջ չդնես:
Երկար տարիներ ես ապրել եմ երկրորդի պես: Ուզում էի ծխել, ծխում էի: Ուզում էի երեկոյան մեծ սենդվիչ ուտել, ուտում էի: Ուզում էի գեղարվեստական ֆիլմ դիտել, ժամերով դիտում էի (երբ դուրս եկավ «Փախուստ բանտից» (Prison Break) սերիալը, օրեր շարունակ մինչև կեսգիշեր դիտում էի սերիաները): Ուզում էի դուրս գալ փողոց, ընկերների հետ ինչ-որ տեղ գնալ, գնում էի: Ուզում էի ոչինչ չանել, չէի անում:
Թվում էր՝ ազատություն է, բայց դա ազատություն էր գիտակցության նեղ շրջանակում: Աշխարհը, որում ապրում ենք, բոլորիս համար նույնը չէ: Յուրաքանչյուրիս աշխարհը սահմանափակ է մեր գիտակցության գծած սահմաններով: Այդ տարիներին ես քիչ էի տեսնում, քիչ էի գիտակցում, կյանքը քիչ էի պատկերացնում, քիչ էի կյանքից սպասում: Իմ կյանքը նման էր փոքրիկ քառակուսու մեջ ազատության: Մտածելակերպս և ապրելակերպս թույլ չէին տալիս դուրս գալ քառակուսուց, ապրել ավելի լայն աշխարհում:
Ես ինձ չէի զգում կարևոր, յուրահատուկ: Չկար առավոտյան շուտ արթնանալու ոգևորությունը: Դա նման էր իներցիայով ապրելուն:
Կամաց-կամաց, տարիների ընթացքում սկսեցի մտածել մեծ, ավելի ու ավելի մեծ: Տեսա նոր աշխարհ, որում ազատություն ունենալու համար պետք է փոխվեի, աճեի: Դա նման է մի աճի, երբ, օրինակ, բուժքույրը երազում է ոչ թե ավագ բուժքույր դառնալ, այլ հիմնել հիվանդանոցների ցանց:
Աճի մասին
Աճն արդյունավետ չէ, երբ չես ապրում համակարգված: Դրա՝ բոլորիս ծանոթ օրինակը յուրաքանչյուրիս աշխատանքն է: Աշխատանքն արդյունավետ չի լինի, եթե չստեղծես աշխատանքային համակարգ և այն շարունակաբար չբարելավես: Եթե մարդիկ աշխատավայր գան այն ժամին, երբ ուզում են, աշխատեն այնպես և այնքան, ինչպես և որքան ուզում են, չլինեն հստակ ժամեր, ժամկետներ, պարտականություններ, պատասխանատուներ, ապա այդ աշխատանքը չի բերի գործի զգալի զարգացման:
Մեր կյանքում գործում է նույն սկզբունքը: Առողջությանդ չես կարող հետևել իներցիայով: Առողջությունդ չես կարող լավացնել՝ անելով այն, ինչ ուզում ես: Դու սահմանափակումներ ես մտցնում քո օրակարգում, բայց դրանով ձեռք ես բերում առողջ լինելու ազատություն: Հաստատակամ մարզվելով՝ ձեռք ես բերում առանց հոգնելու երկար քայլելու, շենքի բարձր հարկեր ոտքով բարձրանալուց չսարսափելու, առավոտյան առանց մեջքի ցավի արթնանալու ազատություն: Ուշ չքնելով՝ ձեռք ես բերում առավոտյան թարմ ուղեղ ունենալու, ուղեղդ ավելի արդյունավետ օգտագործելու, շատ էներգիա ունենալու և այդ էներգիան կյանքիդ վրա ազատ սպառելու ազատություն:
Պլանավորումը թույլ է տալիս քո ուզած արդյունքին ավելի արագ հասնել (ընդհանրապես հասնել): Երբ ասում ես՝ ես երջանիկ եմ լինելու, և երբ պլանավորում ես՝ ես երջանիկ եմ լինելու 2024 թվականին, դրանք տարբեր մոտեցումներ են: Երբ որոշում ես երջանիկ լինել կոնկրետ 2024 թվականին, դառնում ես ավելի գործուն, պատասխանատու, կենտրոնացած: Այդ դեպքում պետք է հասկանաս, թե ինչ ես անելու հունվարին, փետրվարին, ամռանը, որպեսզի մինչև տարեվերջ դառնաս երջանիկ:
Երբ չես պլանավորում քո աճն ու երկարատև երջանկությունը, փորձում ես կյանքդ երջանկացնել առօրյա փոքրիկ ուրախություններով: Սակայն այն, ինչը քեզ ուրախացնում է, պարտադիր չէ, որ կյանքդ լավացնի: Այլապես կարող էիր առավոտից երեկո դիտել ուրախ հաղորդումներ, անեկդոտներ պատմել կամ լսել, բայց ժամանակի ընթացքում կհասկանայիր, որ կյանքիցդ գոհ չես, երջանիկ չես: Ուրախ և թեթև կյանքը չի նշանակում իմաստալից կյանք: Իսկ մենք, ներքուստ, մեր կյանքում իմաստ ենք փնտրում, իմաստով ենք ոգեշնչվում, ավելի հեշտ ենք արթնանում, երբ իմաստալից օր է սպասվում:
Իմաստի և երջանկության մասին
Կյանքն ամենալավը զգում ես այն ժամանակ, երբ դնում ես մեծ իմաստ և աճում ես դեպի այդ իմաստը: Երբ չես աճում, դառնում ես ավելի խոցելի փոքրիկ խնդիրների համար: Խնդիրներից չես կարող խուսափի, անկախ նրանից, թե ինչպես ես ապրում: Որքան շատ ես աճում, այնքան խնդիրների հանդեպ ավելի մեծ իմունիտետ ես ձեռք բերում: Երբ աճում ես ֆինանսապես, քեզ չի տխրեցնում փչացած արդուկը (նորը կգնես): Երբ աճում ես առողջության մեջ, քեզ չի տխրեցնում (սահմանափակում) տարիքը, քանի որ ունես շատ էներգիա, քեզ միշտ երիտասարդ ես զգում: Երբ աճում ես անձնային շփման մեջ, քեզ չի անհանգստացնում տարաձայնությունը զայրացած մեկի հետ: Դու ավելի հեշտ ես հասկանում մարդկանց և ունակ ես առանց լարվելու լուծել խնդիրներ: Երբ հանդիպում ես մեծ խնդրի (ծանր հիվանդության, չնախատեսված խոշոր ծախսի, բարդ կոնֆլիկտի, և այլն, և այլն), ավելի քիչ հավանականությամբ այն քեզ կտապալի, քանի որ ինքդ էլ աճել, մեծացել ես (բնավորությամբ, գիտակցությամբ, արդյունքներով):
Աճը միայն խնդիրներին դիմակայելու համար չէ: Աճը պետք է նրա համար, որպեսզի կյանքում ավելի շատ տեսնես, զգաս, հասկանաս, ավելի շատ լինես այնտեղ, որտեղ ուզում ես: Աճը թույլ է տալիս երջանկության նոր մակարդակներ անցնել: Երջանկությունը միշտ նույն չափի չէ: Պաղպաղակ ուտելու և երեխա ունենալու երջանկությունները տարբեր են: Վրաստան և Բալի ճանապարհորդելու երջանկությունները տարբեր են: Որքան աճում ես, այնքան մեծացնում ես նոր հոգեվիճակներ ունենալու հնարավորությունը:
Կան մարդիկ, որոնք համակարգված ապրելուն, պլանավորելուն վերաբերվում են որպես սահմանափակման: Եվ միայն մարդիկ, որոնք այդպես ապրում են, գիտեն, որ դա բերում է ավելի մեծ ազատության: