Ազատվիր սպասումներից և հանգիստ ապրիր
Մենք մեր շրջապատի մարդկանցից որոշակի սպասումներ ունենք: Յուրաքանչյուրիս ներսում «մեծահասակ երեխա» է ապրում, ում ենթագիտակցության մեջ պահպանվել են «հիշողությունները», որ իրեն պետք է օգնեն: Հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր այնքան ինքնուրույն են, որ երբեք ոչ ոքից ոչինչ չեն սպասում: Նման մարդկանց ես համարում եմ հասուն՝ բնավորությամբ:
Միջին վիճակագրական մարդը ներքուստ ակնկալում է, որ մի օր բախտն իրեն կժպտա: Քչերն են հասկանում, որ հույսդ միայն ինքդ քեզ վրա պետք է դնես, իսկ մեծամասնությունը կարծում է, թե «բախտը» այլ մարդիկ են՝ ավելի հաջողակ, ավելի հարուստ, ավելի շատ կապերով, ավելի շատ ժամանակ ունեցող, ավելի անհոգ:
Ֆինանսներ
Սպասումները խանգարում են մարդուն գործել: Մարդը, ով սպասում է, թե արտերկրում բնակվող իր բարեկամը կօգնի իրեն ֆինանսապես, քիչ է մտածում, քիչ ջանք է ներդնում ինքնուրույն ինչ-որ բանի հասնելու համար: Նույնիսկ եթե նա ինչ-որ քայլեր է անում, ապա չի գործում այնպես, ինչպես կգործեր սպասումներ չունենալու դեպքում:
Անձնական հարաբերություններ
Շատ երիտասարդներ սպասում են, որ աղջիկների ուշադրությանը կարժանանան, նույնիսկ եթե իրենք ոչինչ չանեն: Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ նման սպասումներով են ապրում: Եվ հակառակը, կան առաջին հայացքից ոչնչով ուշադրություն չգրավող երիտասարդներ, ովքեր անձնական հարաբերությունների մեջ հաջողակ են, քանի որ սպասումներով չեն ապրում:
Տաղանդ
Տաղանդավոր շատ մարդիկ կան, ովքեր սպասում են, թե հասարակությունը կնկատի իրենց: Նրանք քիչ ջանք են ներդնում իրենց տաղանդը զարգացնելու, հասարակությանը հայտնի դառնալու համար, քանի որ կարծում են, թե դա կստացվի ինքնըստինքյան: Եզակիների մոտ է այդպես լինում, իսկ մեծամասնության տաղանդը մնում է չբացահայտված:
Գիտելիք
Մարդիկ սպասում են նաև, որ իրենց գիտելիք կտան, նույնիսկ երբ այդ գիտելիքն ազատ է և անսահմանափակ (մնում է վերցնել): Այդ է պատճառը, որ շատերը պատրաստ են վճարել գիտելիքի համար, դասընթացներ հաճախել, կրթական աղբյուրները «հեռվում» փնտրել, և քչերն են այդ գիտելիքն առանց ավելորդ սպասումների վերցնում այնտեղից, որի տեղը բոլորը գիտեն:
Աշխատանք
Մարդիկ սպասում են, թե երբ իրենց աշխատանք կտան: Շատերը, ովքեր աշխատանք չունեն, վստահ են, որ պատճառն իրենց շրջապատում այնպիսի մարդկանց բացակայությունն է, ովքեր աշխատանքի հարցում կարող են իրենց օգնել: Միայն քչերն են պատրաստ աշխատանք գտնելու պատասխանատվությունն ամբողջությամբ իրենց վրա վերցնել՝ առանց որևէ մեկից ինչ-որ բան սպասելու:
Ապրիր առանց սպասումների
Զգացողությունը, որ ես մարդկանցից ոչինչ չեմ սպասում, առաջին անգամ ունեցա տարիներ առաջ, երբ թեյում էի արտասահմանից ժամանած մի խոշոր գործարարի հետ: Այդ ժամանակ ուշադրություն դարձրեցի, որ տվյալ մարդու ով լինելը որևէ կերպ չի ազդում զգացողություններիս, պահվածքիս վրա. չեմ փորձում հաճոյանալ, չեմ լարվում, ավելի քաղաքակիրթ չեմ, քան մեկ այլ մարդու հետ, անհանգիստ չեմ, որ ինչ-որ բան կարող եմ այնպես չասել, պատրաստ եմ առանց ափսոսանքի ներողություն խնդրել և հեռանալ, եթե կարիքը զգացվի: Պատճառը սեփական անձի հանդեպ վստահությունն է, որը գալիս է անելիքները հստակ գիտակցելու և այդ անելիքների բերած արդյունքը մշտապես աչքի առաջ պահելու շնորհիվ: Երբ գիտես, թե ինչ ես ուզում, և գործում ես, որևէ մեկի օգնության կարիքը չունես, քանի որ երկարաժամկետ տեսանկյունից ավելի խելամիտ և արդյունավետ է, որ ամեն ինչի ինքնուրույն հասնես:
Հատված «Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր» գրքից