Ախորժակի և հետաքրքրության մեկ նմանության մասին

Հեղինակ՝

Երբ մենք պատրաստվում ենք ուտել, մենք մոտավոր պատկերացնում ենք ուտելիքի այն չափաբաժինը, որն այդ պահին մեզ բավարար է: Մենք սովորաբար որոշում ենք դա տեսողական եղանակով: Տեսողական եղանակով որոշելը, թե ուտելիքի որ չափաբաժինը մեզ կկշտացնի, պայմանավորված է մեր երկարատև փորձով, քանի որ տարիներով դա տեսել և փորձել ենք:  Օրինակ, եթե հնդկաձավարի շիլա ենք ուտում, գիտենք, թե ափսեի մեջ որքան տեղ այն պետք է զբաղեցնի, որպեսզի մեզ կշտացնի: Կամ եթե միրգ ենք ուտում, մոտավոր գիտենք, թե քանի կտոր խնձոր, բանանի որ մասը և ինչ չափսի խաղող է մեզ անհրաժեշտ: Նույնը տարբեր չափսերի բուրգերների և սենդվիչների դեպքում է: Տեղափոխվենք մեր կյանքի մեկ այլ ոլորտ: 

Հետաքրքրություն

Հետաքրքրությունը ստիպում է մեզ նորություններ կարդալ: Որոշ չափով մենք գիտակցում ենք, որ պետք չէ օրվա ընթացքում անընդհատ նորություններին հետևել, բացել լրատվական կայքերը կամ միացնել հեռուստացույցը, քանի որ դա խլում է մեր ժամանակը և շեղում է կենտրոնացումը կարևորից: Ընդհանուր առմամբ՝ բավական է նորություններին ծանոթանալ օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ 15-ական րոպե տրամադրելով: Նման եզրահանգումը նույնպես պայմանավորված է մեր կենսափորձով: Մեր ապրելակերպն այնպիսին չէ, որ յուրաքանչյուր ժամը մեկ նորություններին հետևելը մեր համար կենսական անհրաժեշտություն լինի: Նորություններին հաճախ հետևելը ոչինչ չի փոխում մեր կյանքում և ոչինչ չի փոխում աշխարհում: Մենք անում ենք դա՝ տեղի տալով ակնթարթային հետաքրքրությանը:


Սակայն եթե հնարավոր է օրական երկու անգամ նորություններ կարդալ և տեսողական եղանակով  որոշել ուտելիքի չափաբաժինը, ապա ինչպես է ստացվում, որ մեզնից շատերը գիրանում են, իսկ շատերն էլ օրվա ընթացքում ժամեր են անցկացնում լրատվական և սոցիալական կայքերում:

Պատճառը շտապելն է

Պատճառն այն է, որ մտքից գործողություն մենք չափազանց արագ ենք անցնում: Ինչպես գիտեք, ուտելիքի՝ ստամոքսում հայտնվելուց հետո մոտ քսան րոպե է սովորաբար անհրաժեշտ, որպեսզի ուղեղը ստանա «կուշտ լինելու» ազդանշանը: Մենք արագ ուտում ենք ուտելիքի այն չափաբաժինը, որը, ըստ տեսողական եղանակի, մեզ բավարար է, սակայն քանի որ քսան րոպե դեռ չի անցել և սովածության զգացումը դեռ կա, շարունակում ենք ուտել: Մենք ուտում ենք ավելին, քան անհրաժեշտ է, քանի որ չենք կարողանում ինքներս մեզ ղեկավարել և ասել՝ «Այսքանը բավարար է, օրգանիզմն անհրաժեշտ պաշարը ստացել է, դու արդեն կուշտ ես, պարզապես 20 րոպե սպասիր, մի շտապիր»: Մենք շտապում ենք, քանի որ բնազդն ավելի արագ է գործում, քան գիտակցությունը:

Դա է նաև պատճառներից մեկը, որ մենք շատ ժամանակ ենք անցկացնում լրատվական և սոցիալական կայքերում: Օրվա ընթացքում մեր գլխում բազմակի անգամներ որևէ միտք կամ հիշողություն կարող է ակտիվանալ, օրինակ՝ այդ օրերի գլխավոր իրադարձության, որևէ անձի կամ ցանկացած այլ երևույթի մասին, և մենք շտապենք մեր ձեռքը վերցնել հեռախոսը կամ բացել համակարգչի դիտարկիչը: Մենք բնազդաբար շտապում ենք անել այն, ինչն այդ պահին մեզ անհրաժեշտ չէ՝ գիտակցությանը կողմնորոշվելու ժամանակ չտալով: 

Ինչպե՞ս ղեկավարել

Հետաքրքրությանը «չենթարկվելու» համար գործում է նույն մոտեցումը, ինչպես ախորժակի դեպքում: Այն պահին, երբ հետաքրքրությունը մեզ մոտ գլուխ է բարձրացնում, մենք պետք է դիմանանք 20 րոպե և չբացենք լրատվական կայքը: Եթե մեզ հաջողվի «հետաձգել» ակնթարթային հետաքրքրությունը, ապա մեծ է հավանականությունը, որ նորությունը մեզ այլևս չի հետաքրքրի նույնիսկ 20 րոպե անց, քանի որ գիտակցությունն այդ ընթացքում կհասցնի «ուշքի գալ»:

Իրականում «20 րոպեի» կանոնը կարևոր դաս է մեր կյանքում: Մենք կխուսափենք մի շարք ավելորդություններից և անցանկալի հետևանքներից, եթե կարողանանք անհրաժեշտ պահին 20 րոպե սպասել: Իսկ թե որոնք են այդ պահերը, յուրաքանչյուրս իր համար պետք է սահմանի՝ անելով դա նախապես՝ ելնելով իր կյանքի առանձնահատկություններից (երկուսը ես արդեն հուշեցի):



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: